Անտարկտիկայում գիտակայան ստեղծելու Թուրքիայի պլանի շուրջ

Հայկ Գաբրիելյան 

Թուրքագետ

Անտարկտիդա մայրցամաքի տարածքն ավելի քան 14 միլիոն կմ2 է, ինչը կազմում է ցամաքի մոտ 10%-ը: Այն իր տարածքով մոլորակի հինգերորդ խոշոր մայրցամաքն է և մոտ 18 անգամ մեծ է Թուրքիայի տարածքից, որը գտնվում է նրանից մոտ 16.000 կիլոմետր հեռավորության վրա (Ստամբուլի ու Անտարկտիդա մայրցամաքի ամենահյուսիսային հատվածի` Անտարկտիկա թերակղզու հեռավորությունը կազմում է 8000 ծովային մղոն): Անտարկտիկան Երկիր մոլորակի հարավային բևեռային շրջանն է, որի մեջ մտնում են Անտարկտիդան և նրան հարող Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների հարավային մասերը (երբեմն այդ օվկիանոսների հարավային հատվածները միավորում են մեկ միասնական՝ Հարավային օվկիանոսի մեջ):

2013թ. գարնանը հայտնի դարձավ, որ Թուրքիան պլանավորել է 2015թ. բազա/գիտակայան հիմնել Անտարկտիկայում՝ դառնալով դա արած 30-րդ երկիրը: 2012թ. թուրք ճանապարհորդ Օսման Աթասոյն իր Uzaklar II նավով Թուրքիայից հասավ Անտարկտիկա, այնտեղ անցկացրեց մի քանի օր և Թուրքիա վերադառնալուց հետո իշխանություններին առաջարկեց Անտարկտիկայում բացել թուրքական գիտակայան, ինչն էլ լայն արձագանք գտավ նրանց կողմից: Դրա հետ կապված` Թուրքիայի ծովային հետազոտությունների հիմնադրամի (TÜDAV) նախագահ Բայրամ Օզթուրքը 2013թ. հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի 2015թ. գիտակայան հիմնել Անտարկտիկայում. «Թուրքիան արդեն 18 տարի է, ինչ ստորագրել է Անտարկտիկայի մասին համաձայնագիրը, սակայն ոչ մի անգամ չի մասնակցել ժողովներին, և որ այսուհետ անհրաժեշտ է մասնակցել դրանց»1:

Խոսքը 1959թ. 12 երկրի կողմից Վաշինգտոնում ստորագրված և 1961թ. ուժի մեջ մտած Անտարկտիկայի վերաբերյալ համաձայնագրի մասին է: Թուրքիայի անտարկտիկյան նախաձեռնությունները մեկնարկել են 1995թ.` Անտարկտիկայի մասին այդ պայմանագիրը ստորագրելով: Պայմանագրին միանալը նախաձեռնել է Թուրքիայի բնապահպանության նախարարության արտաքին կապերի բաժինը: Չնայած Անտարկտիկայի մասին համաձայնագրին միանալուն` Թուրքիան չստացավ խորհրդակցական ձայնի իրավունք:

Կարդացեք նաև

Օսման Աթասոյը գրում է. «Վերջին տարիներին Անտարկտիկայի ընդերքում հայտնաբերվել են բնական հարուստ պաշարներ, այդ թվում նաև նավթի ու գազի պաշարներ: Անտարկտիկայում իրենց բազան հիմնած երկրները դրանով իսկ ուղերձ են հղում մյուսներին. «Ես էլ եմ ներկայացված Անտարկտիկայում»: Չնայած Սպիտակ մայրցամաքը չի պատկանում որևէ մեկին՝ այդ պետությունների միջև արդեն մրցակցություն է սկսվել: Թուրքիան նույնպես պետք է ներկայացված լինի այնտեղ»2:

Հարավային (Անտարկտիկայի) բևեռի գիտական հետազոտությունների կենտրոնի (TAKBAM) կոորդինատոր Աբդուռահման Քյուլյունքը լիովին հասկանալի է համարում Սպիտակ մայրցամաքի հանդեպ Թուրքիայի ձգտումը` հիշեցնելով, որ Անտարկտիկայի նկարագրությունն առկա է դեռևս օսմանյան աղբյուրներում` Փիրի Ռեիսի քարտեզում. «2013-ը շատ նշանակալի տարի է մեզ համար (2013թ. Թուրքիայում նշել են Փիրի Ռեիսի քարտեզի 500-ամյակը): Անտարկտիկան ոչ մեկինն էլ չէ և միևնույն ժամանակ պատկանում է բոլորին:

Ներկայումս այնտեղ գործում են աշխարհի տարբեր երկրների գիտակայաններ: Մենք մեր կենտրոնը (TAKBAM) հիմնել ենք նրա համար, որ այդ երկրների թվում լինի նաև Թուրքիան: Անտարկտիկայի մասին մեր գիտելիքները սահմանափակվում են միայն փոկերով: Չէ՞ որ Անտարկտիկան օժտված է վիթխարի պաշարներով: Պետք է հետազոտություն անցկացնել այդ ոլորտում: Մենք նույնպես պետք է գտնվենք այնտեղ: Ներկայումս զարգանում է թուրքական նավաշինական ոլորտը: Կարճաժամկետ հեռանկարում կարող է սկսվել այնպիսի նավերի ստեղծումը, որոնք ունակ կլինեն հետազոտողներին հասցնել Անտարկտիկա:

Իհարկե, դա հեշտ չէ: Սակայն կարծում եմ, որ 2023թ. (հանրապետության հիմնադրման 100-ամյակը) մոտենալու հետ մեկտեղ կձեռնարկվեն այդպիսի քայլեր»3: Հիշեցնենք, որ Փիրի Ռեիսը (ծնվել է 1465-1470թթ., ստույգ տարեթիվը հայտնի չէ և մահացել է 1553թ.) օսմանյան ծովակալ և քարտեզագիր է, որն իր քարտեզում ենթադրաբար գծել է Անտարկտիդան, որը, սակայն, պաշտոնապես հայտնաբերվել է 1820թ.:

Ներկայումս TAKBAM-ը պատրաստվում է դեպի Անտարկտիկա իր երկրորդ արշավին, որն իրականացվելու է 2014թ. դեկտեմբեր-2015թ. փետրվար ամիսներին: Արշավախմբում ներառվել է Թուրքիայի տարբեր համալսարանների 16 գիտնական, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ: Արշավախմբում ընդգրկվելու հայտ էր ներկայացրել 150 գիտնական, սակայն նրանցից ընտրվել է միայն 16-ը: Թուրքական առաջին արշավախումբն Անտարկտիկա է ուղարկվել 2013թ. դեկտեմբեր-2014թ. փետրվար ամիսներին4:

2014թ. նոյեմբերի սկզբին Բայրամ Օզթուրքը հայտարարեց, որ Անտարկտիկայում թուրքական բազայի տարածքը պետք է կազմի առնվազն մեկ հեկտար. «Սկզբնական շրջանում մեզ համար բավական է $20 միլիոնի բյուջեն: Անտարկտիկան աշխարհի ամենասառը և քամոտ մայրցամաքն է, ուր ամռանը ջերմաստիճանը -20 աստիճան է, իսկ ձմռանը` -70 աստիճան: Չնայած դրան` ներկայումս այնտեղ գտնվում է 29 երկրի 101 հետազոտակայան, որոնցից 46-ը բաժին են ընկել Անտարկտիկա թերակղզուն ու մերձակա կղզիներին:

Այդ երկրներից 11-ն Անտարկտիկայում ունեն մեկական բազա: 46 հետազոտակայաններից 27-ը գործում է ողջ տարվա ընթացքում, իսկ մնացյալ 19-ը՝ միայն ամառային ամիսներին: Ամառային ամիսներին այդ հետազոտակայաններում աշխատում է 4300 մարդ, մինչդեռ ձմեռային ամիսներին նրանց թիվը նվազում է մինչև 1100: Պետք է անպայման սեփական բազա հիմնել Անտարկտիկայում»5:

Ուշագրավ է, որ այս ամենի հետ մեկտեղ, թուրքական կողմն Անտարկտիկայի հարցում ընդլայնում է այլ երկրների հետ համագործակցությունը: 2014թ. հոկտեմբերի վերջերին TAKBAM-ի միջազգային հարցերի համակարգող Էբուզեր Թյուրքելը հայտարարեց, որ իրենք 2013թ. համաձայնագիր են ստորագրել Բուլղարիայի Անտարկտիկյան ինստիտուտի (BAİ) հետ (ինչի շրջանակում էլ իրականացվեց TAKBAM-ի անտարկտիկյան առաջին արշավը).

«2014թ. էլ նմանատիպ հուշագիր ստորագրեցինք Ռուսաստանի «Արկտիկյան ու Անտարկտիկյան գիտական հետազոտությունների ինստիտուտի» (AARI) և նույնատիպ հարաբերությունների մեջ ենք Չինաստանի հետ: Միջազգային այդ կապերի շրջանակներում թուրք գիտնականներն Անտարկտիկայում իրենց աշխատանքներն իրականացնելու համար հնարավորություն են ստանում օգտվել Անտարկտիկայում այդ երկրների ունեցած բազաների լոգիստիկ հնարավորություններից6:

Թուրք դոկտոր Օրհան Փոլաթն Անտարկտիկայում բազա հիմնելու անհրաժեշտությունը հիմնավորում է նրա քաղցրահամ ջրի վիթխարի պաշարների առկայությամբ. «Առաջիկայում պատերազմները լինելու են ոչ թե նավթի ու մյուս էներգակիրների, այլ քաղցրահամ ջրի համար: Ներկայումս աշխարհում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարները (2/3-ը) գտնվում են Անտարկտիկայում: Այնտեղ են նաև աշխարհի խոշորագույն նավթահանքերը: Եվ եթե Թուրքիան կարճ ժամանակահատվածում տեղ զբաղեցնի այնտեղ ու ապագայում ընդլայնի իր բազան, ապա դրանով իսկ կատարած կլինի կարևոր քայլ: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ներկայացված լինել այնտեղ»7:

Թուրք պրոֆեսոր Քեմալ Բաշարն իր հերթին Անտարկտիկայում Թուրքիայի կողմից գիտակայան բացելու անհրաժեշտությունը հիմնավորում է մի քանի գործոններով. «Ընդհանուր առմամբ, Անտարկտիկայում թուրքական բազա բացելու համար բավական է 2-3 տարի: Նախևառաջ Թուրքիան պետք է Անտարկտիկայում իրականացնի գիտական լուրջ հետազոտություններ՝ Անտարկտիդա մայրցամաքի ու հարավային լայնության 60 աստիճանից (այստեղից դեպի հասարակած հեռավորությունը կազմում է 6649 կիլոմետր, իսկ դեպի Հարավային բևեռ` 3349 կիլոմետր) հարավ ընկած ողջ գոտու բնական պաշարների շահագործման վերաբերյալ որոշումներին մասնակցելու համար:

Այդպիսի որոշումներ կայացնել իրավասու են Անտարկտիկայի համաձայնագրի խորհրդակցական երկրները (Antarctic Consultative Parties, ATCPs), որոնց թվում ընդգրկվելու համար անհրաժեշտ է Անտարկտիկայում ունենալ հետազոտակայան: Այսօր Անտարկտիկայի համաձայնագրի կողմ է հանդիսանում 50 երկիր, որոնցից 22-ը, այդ թվում նաև Թուրքիան, ձայնի իրավունք չունեցող պետություններ են: Նրանք ATCPs-ի անդամ դառնալու թեկնածուներն են:

Անտարկտիկայում գիտակայան բացելու մյուս պատճառը ռազմավարական գործոնն է: Անտարկտիկայում առաջինը հաստատված երկրները (ԱՄՆ, Ռուսաստան) իրենց բազաները ստեղծել են սեփական տեսանկյունից ռազմավարական տեղերում: Լավ տեղ գտնելու համար չպետք է ուշանալ: Անտարկտիկայում ներկայացված լինելը նման է ավիատոմսի, որքան շուտ ես գնում այն, այնքան շահում ես: Բազա հիմնելու համար այլ երկրներից թույլտվություն ստանալու դժվարություններից խուսափելու համար անհրաժեշտ է շտապել:

2048թ. հետո օրակարգում կարող է հայտնվել Անտարկտիկայի բնական պաշարների օգտագործման հարցը, և այդ դեպքում շատ մեծ կարևորություն կստանա բազաների գտնվելու հանգամանքը (1991թ. ստորագրված և 1998թ. ուժի մեջ մտած Շրջակա միջավայրի պահպանման մասին Մադրիդյան արձանագրությունը 50 տարով արգելք է դրել Անտարկտիկայի բնական պաշարների շահագործման վրա):

Անտարկտիկայում գիտակայան բացելու երրորդ պատճառը կապված է նրա հետ, որ Թուրքիան ներկայումս ունի աշխարհում 17-րդ խոշոր տնտեսությունը (Թուրքիան պլանավորել է մինչև 2023թ. ընդգրկվել տնտեսական առումով առաջատար երկրների լավագույն տասնյակում): Օրինակ, մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով Թուրքիային զիջող երկրները (Պակիստան, Հնդկաստան) իրենց բազաները հիմնել են Անտարկտիկայում, մինչդեռ Թուրքիան` ոչ:

Թուրքիայից առաջ գտնվող 16 երկրներից միայն Մեքսիկան ու Ինդոնեզիան են, որ Անտարկտիկայի մասին պայմանագրի կողմ չեն ու իրենց բազաները չունեն Անտարկտիկայում (նրանք տվյալ հարցում համագործակցում են համապատասխանաբար Ուրուգվայի և Ավստրալիայի հետ):

Միևնույն ժամանակ, աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների թվում Թուրքիային հաջորդող (Թուրքիային զիջող) երկրներից (Նիդեռլանդներ, Սաուդյան Արաբիա, Շվեդիա, Նորվեգիա, Իրան, Բելգիա, Արգենտինա և Լեհաստան) միայն Սաուդյան Արաբիան ու Իրանն են, որ չեն հանդիսանում Անտարկտիկայի մասին պայմանագրի կողմ և իրենց բազաները չունեն Անտարկտիկայում (Իրանն այժմ պլանավորել է իր բազան ստեղծել Անտարկտիկայում): Այստեղ բազա ստեղծելը ֆինանսական խնդիրներ չի առաջացնի Թուրքիայի համար: Առաջին փուլում նախատեսված է ներդնել $100 միլիոն:

Անտարկտիկայում գիտակայան բացելու չորրորդ պատճառը կապված է Թուրքիայի կողմից գլոբալ ուժ ներկայանալու և սեփական հեղինակությունը բարձրացնելու հետ: Անտարկտիկան որպես արտաքին քաղաքականության միջոց օգտագործելը կնպաստի Թուրքիայի հեղինակության բարձրացմանն ու գլոբալ ուժ ներկայանալուն: Եթե Էրդողանը ցանկանում է, որ իր հանրաճանաչությունը տարածվի նաև Մերձավոր Արևելքի, Արաբական աշխարհի և Իսլամական աշխարհի սահմաններից (ուր այժմ ակտիվ է Թուրքիան) դուրս, ապա պետք է գլոբալ թեմաներով վարի ավելի ակտիվ քաղաքականություն:

Անտարկտիկայում գիտակայան բացելու հինգերորդ պատճառը նրա բնական պաշարներն են, այդ թվում նաև նավթը: Դրանց շահագործման արգելքի հիսնամյա ժամկետը սպառվում է 2048թ.: Ներկայումս հայտնի է, որ Անտարկտիկայում կան ածխի, երկաթի, պլատինի, քրոմի, նիկելի, ոսկու և 20 այլ հանքանյութեր, ինչպես նաև նավթ: Օրինակ, Նոր Զելանդիայի վերահսկած Ռոսսի ծովի շրջանում գտնվող նավթահանքերն իրենց պաշարներով զիջում են միայն Սաուդյան Արաբիային: Գիտնականների խոսքերով (2008թ.)` Ռոսսի ու Ուեդդելի ծովերի նավթային պաշարները կարող են կազմել 50 միլիարդ բարել:

Միևնույն ժամանակ, արագ սպառվում են աշխարհի նավթային պաշարները, և ակնկալվում է, որ նավթի մեկ բարելի գինը հետագայում կհասնի մինչև $200-300-ի, ինչը կվնասի մեծ քանակությամբ նավթ ներկրող երկրներին, ինչպիսին է Չինաստանը: Այդ իրավիճակում աշխարհում ի հայտ կգա նոր «Սառը պատերազմ»: 2050-ականների գերուժ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանն ու Բրազիլիան կարող են չցանկանալ, որ թարմացվի 1991թ. Շրջակա միջավայրի պահպանման արձանագրությունը:

Անտարկտիկայի կառավարման հարցերում ձայնի իրավունք ունեցող յուրաքանչյուր երկիր ունի վետո կիրառելու իրավունք: Դրա համար էլ ակնկալվում է, որ 2048թ. անհնար կլինի քվեարկությամբ որոշում ընդունել տվյալ հարցի շուրջ: 1961թ. համակարգն այլևս չի գործի 2048թ., և այդ պատճառով էլ գերտերություններն ապագայում ցանկություն կհայտնեն նոր պայմանագիր ստորագրել Անտարկտիկայի բնական պաշարների շահագործման շուրջ:

1991թ. (արձանագրության ստորագրման ժամանակ) աշխարհի բնակչության թիվը կազմում էր 5.4 միլիարդ մարդ, մինչդեռ ներկայումս այն արդեն հասել է 7 միլիարդի: Կանխատեսվում է, որ 2048թ. այդ ցուցանիշը հասնելու է մինչև 9.3 միլիարդ մարդու: Դա նշանակում է, որ 30 տարի անց լուրջ քննարկումներ են ծավալվելու Անտարկտիկայի բնական պաշարների շահագործման շուրջ: Դրա համար էլ կարևոր է, որ Թուրքիան «իր ձեռքն արագ մոտեցնի» Անտարկտիկային, և որ այդ ճանապարհը պետք է սկսել ներկայումս` համապատասխան մասնագետներ աճեցնելով:

Անտարկտիկայում գիտակայան բացելու վեցերորդ պատճառն Անտարկտիկայի էկոհամակարգի պահպանման հարցում սեփական ներդրում ունենալն է: Աշխարհի սառցադաշտերի մեծ մասը գտնվում է Անտարկտիկայում: Այստեղ խմելու ջրի պաշարները գնահատվում են 30 միլիոն կմ3: Ամեն տարի Անտարկտիկայից պոկվող սառցալեռները համարժեք են 5 միլիարդ մարդու խմելու ջրի կարիքները բավարարելուն: Դրա ծավալը կազմում է 688 կմ3, ինչն ավելին է, քան աշխարհի բոլոր գետերի քաղցրահամ ջրերը:

Անտարկտիկայի սառույցը կարող է օգտագործվել առևտրային նպատակներով (ավելի վաղ պլանավորվել էր Անտարկտիկայից միլիոնավոր տոննա սառույց փոխադրել Աֆրիկա և Սաուդյան Արաբիա): Յուրաքանչյուր 20 տարում կրկնապատկվում է ջրի գլոբալ պահանջարկը: Անտարկտիկայի էկոհամակարգին հասցվելիք հնարավոր վնասներից մեկն առնչվում է նրա ձկնատեսակների և խեցգետնանմանների պաշարներին: Անտարկտիկայի ջրերում առկա են այդ կենդանատեսակների` աշխարհի ամենաառատ պաշարները: Այստեղ բնակվում են 35 տարբեր տիպի պինգվիններ, 200 ձկնատեսակներ, 12 տիպի կետեր և տասնյակ թռչնատեսակներ: Այդ ամենը Երրորդ աշխարհի երկրների համար դիտարկվում է որպես սննդի կարևոր աղբյուր»8:

Անտարկտիկայում բազա ստեղծելը Թուրքիայի համար կարևորվում է նաև սեփական արբանյակներին հետևելու տեսանկյունից: Թուրք հոդվածագիր Բուքեթ Գյուվենը կարծում է, որ Göktürk-2 արբանյակին հնարավոր չէ հետևել Թուրքիայից, դա հնարավոր է անել Նորվեգիայի մոտ գտնվող կղզիների վարձակալած բազայից: Մինչդեռ, եթե Թուրքիան բազա հիմնի Անտարկտիկայում, ապա նա այդ արբանյակին կարող է հետևել այնտեղից: Բացի այդ, Թուրքիան կարող է մի շարք փորձարկումներ անցկացնել Անտարկտիկայում` որպես աշխարհագրական բարդ պայմաններով վայր: Մինչդեռ Թուրքիան ներկայումս սեփական արտադրության Atak ուղղաթիռի փորձարկումներն իրականացնում է Սիբիրում9:

Հիշեցնենք, որ 1959թ. պայմանագրով հաստատված է, որ Անտարկտիկան կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով, այնտեղ արգելված են ռազմական բազաներ և ամրություններ կառուցելը, զորավարժություններ անցկացնելը, ամեն տիպի սպառազինություն փորձարկելը, միջուկային պայթյուններ իրականացնելն ու ռադիոակտիվ թափոններ թափելը: Այդպիսով, Անտարկտիկան ճանաչված է ապառազմականացված տարածք: Միևնույն ժամանակ, պայմանագիրը չի խոչընդոտում Անտարկտիկայում ռազմական անձնակազմի կամ սարքավորումների կիրառմանը՝ գիտական հետազոտությունների կամ յուրաքանչյուր այլ խաղաղ նպատակների համար:

TÜBİTAK-ի տիեզերական և արբանյակային տեխնոլոգիաների խմբի գլխավոր մասնագետ, ինժեներ Սադըք Մուրաթ Յուքսելն Անտարկտիկայում բազա հիմնելը նույնպես կարևորում է արբանյակներին հետևելու տեսանկյունից. «Տիեզերքում մեր ունեցած երկու արբանյակներից Rasat II-ի համար շատ կարևոր է Անտարկտիկայում բազա հիմնելը, քանի որ աշխարհի ձևի հետ կապված`Rasat II-ն Անկարայի վրայով օրական անցնում է 4 անգամ, մինչդեռ Անտարկտիկայի վրայով` 14 անգամ: Դա նշանակում է, որ այդ կայանն օգտագործելով` մենք կստանանք ավելի շատ տվյալներ և լուսանկարներ: Անտարկտիկայի բազան շատ կարևոր է մեր տիեզերական հետազոտությունների համար»10:

Հանքային հետազոտությունների և հետախուզման ինստիտուտի Ծովային հետազոտությունների բաժնի ներկայացուցիչ, դոկտոր Եշիմ Իսլամօղլուն 2013թ. հայտարարել էր, որ իրենք պլանավորել են 2015թ. շահագործման հանձնել նոր նավեր, որոնք կարող են հետազոտություններ անցկացնել սառցե մայրցամաքում: Հիշարժան է, որ նույն 2013թ. (փետրվարին) Ստամբուլում ջուրն իջեցվեց Նորվեգիայից $130 մլն-ով գնված Polarcus Samur սեյսմիկ հետախուզական նավը, որը թուրքական կողմը վերանվանեց Barbaros Hayreddin Paşa՝ ի պատիվ օսմանյան հայտնի ծովակալ Բարբարոս Հայրեդդին փաշայի:

84 մետր երկարությամբ և 17 մետր լայնությամբ նավը կարող է երկչափ (2D) ու եռաչափ (3D) ձևաչափերով հետազոտություն անցկացնել ծովերի հատակին ՝ նավթի և գազի պաշարներ գտնելու համար: Նավը ջուրն իջեցնելու արարողակարգին մասնակցել է նաև Էրդողանը, որը հայտարարեց, որ նավն իր գործունեությունը ծավալելու է Սև և Միջերկրական ծովերում, և որ իրենք շուտով գնելու են նմանատիպ երկրորդ նավը11:

Այստեղ հարկ է ընդգծել, որ այս նավը համարվում է արկտիկյան ունակություններով (arctic-ready) նավ, որը կարող է գործունեություն ծավալել արկտիկյան ջրերում: Նավը պատկանում է նորվեգական Ulstein ընկերության նոր նախագծի նավերի ընտանիքին, որը կոչվում է Ulstein X-Bow: Համարվում է, որ X-Bow տիպի նավերի շրջանակագծերը հնարավորություն են տալիս բարելավել նրանց նավագնացության որակներն ու տնտեսել վառելիքի ծախսը: Ավանդական տիպի նավերի համեմատ՝ X-Bowտիպի նավերի արագությունը դրա շնորհիվ ավելանում է 19%-ով, իսկ վառելիքի ծախսը կրճատվում է 7-16%-ով:

Այդ շրջանակագծերի շնորհիվ նվազում է հարվածային ալիքի ուժը: Եթե ստանդարտ կառուցվածքով նավերն ալիքները նետում են դեպի վեր, ապա X-Bow տիպի նավերը կարծես թե փորձում են սահուն անցնել ալիքների միջով՝ դրանք բաց թողնելով իրենց եզրերով: Ելնելով նրանից, որ Polarcus Samur-ը, նույն ինքը՝ Barbaros Hayreddin Paşa-ն, կարող է գործել արկտիկյան ջրերում, կարելի է ենթադրել, որ թուրքական կողմը հետագայում կարող է այն գործածել նաև Անտարկտիկայի ջրերում:

Ի դեպ, 2013թ. փետրվարին Ստամբուլում ջուրն էր իջեցվել թուրքական արտադրության առաջին գիտահետազոտանավը՝TÜBİTAK Marmara-ն: 41.2 մետր երկարությամբ և 9.5 մետր լայնությամբ նավը կարող է մինչև 3000 մետր խորության վրա կատարել օվկիանոսագրական ու սեյսմիկ, նավթահանքերի որոնման աշխատանքներ12:

Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Թուրքիայում սկսել են մեծապես կարևորել Անտարկտիկայում սեփական բազա հիմնելը: Ընդ որում՝ ընդգծվում է այդ քայլն անելու հրատապությունը: Թվարկված մոտ մեկ տասնյակի հասնող գործոնները, խթանները, դրդապատճառները Թուրքիային մղում են Անտարկտիկայում սեփական բազա հիմնել: Հետագայում այդ գործոնների և խթանների թիվը կարող է ավելանալ՝ հաշվի առնելով համաշխարհային տեխնոլոգիական զարգացումը, գլոբալ տաքացման ընձեռած հնարավորությունները, Թուրքիայի՝ շարունակ աճող հավակնությունները, տարածաշրջանի երկրների (Իրան) հետ մրցակցությունը:

Անտարկտիկայում սեփական բազա հիմնելը Թուրքիայի համար կարևորվում է տնտեսական, քաղաքական, գիտահետազոտական, հնարավոր է՝ նաև ռազմական տեսանկյուններից: Թուրքիայի ռազմածովային ուժերն առաջիկա տարիներին համալրվելու են օդից կախում չունեցող շարժիչ և ընթացքի մեծ պաշար ունեցող սուզանավերով, ինչպես նաև ավիակրով, որոնք իրենց դերակատարումը կարող են ունենալ Անտարկտիկային առնչվող թուրքական հավակնությունների իրագործման մեջ:

Չպետք է բացառել նաև այն, որ հաշվի առնելով Թուրքայի ներկայիս միջուկային նկրտումները՝ այդ երկիրը հետագայում կարող է գաղտնի և արգելված փորձարկումներ անցկացնել սառցե մայրցամաքում, ուր կան նաև ուրանի պաշարներ (չնայած վերոնշյալ արգելքին՝ 1979թ. մոտ 3 կիլոտոննա հզորությամբ ատոմային ռումբ է պայթեցվել Անտարկտիկայում, ինչում կասկածում են Իսրայելին և ՀԱՀ-ին):

1 Ali Dağlar, Türkiye Antarktika’da üs kuruyor, yer penguenler adası, Hürriyet, 02.05.2013.

2 Osman Atasoy, Antarktika Türk Bilim Üssüne Doğru, www.osmanatasoy.org, 30.09.2013.

3 Турция планирует покорить Антарктику, http://www.turtsia.ru, 09.02.2013.

4 Türk bilimadamları Antarktika yolcusu, Akşam, 24.10.2014.

5 Prof. Bayram Öztürk: Antarktika’ya Türk üssü şart, Bugün, 01.11.2014.

6 TAKBAM ikinci kez Antartika’ya doğru sefere çıkıyor, Deniz Haber Ajansı, 21.10.2014.

7 Türkiye’den dev stratejik hamle, Haber7, 31.01.2014.

8 Kemal Başlar, Ne İşimiz Var Antarktika’da!, TÜDAV, 30.04.2013.

9 Buket Güven, Antarktika’da üs için Türkiye atağa kalktı, Türkiye, 18.12.2013.

10 Bilim Türk bayrağını Antarktika’ya dikecek!, Milliyet, 19.06.2013.

11 Barbaros Hayreddin Paşa göreve başladı, Hürriyet, 23.02.2013.

12 İlk yerli araştırma gemisi denizde, Anadolu Ajansı, 17.02.2013.

 

Տեսանյութեր

Լրահոս