Բաժիններ՝

Հարություն Մեսրոբյան. Սպասվում են փոխարժեքի տատանումներ, հետշոկ

168.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

– Վարչապետը խանութներով է շրջել ու գների վերաբերյալ դիտարկումներ արել և, իր իսկ խոսքերով, որոշ ապրանքատեսակների դեպքում առկա գնային անհարկի շեղումները տեղում շտկել է։ Ըստ Ձեզ՝ այս այցերը կառավարման տեսանկյունից որքանո՞վ են արդյունավետ և ճիշտ:

– Ընդհանրապես նման բաներ պարբերաբար պետք է անեն բոլորը, որոնք պատասխանատու են երկրի համար, այսինքն՝ այցելել և իրական կյանքը շոշափել: Բայց նման լրջություն, որ փորձում են հիմա ցուցաբերել, պետք էր այն ժամանակ, երբ դոլարի փոխարժեքը սկսեց շարժվել՝ 410-ից գնաց դեպի 420 դրամ, որովհետև փոխարժեքները և դրա հետ կապված գները էլաստիկ են, չի կարելի թողնել, ասել՝ ամեն ինչ նորմալ է, հետո թռնի, հասնի գրեթե 600-ի ու փորձեն կարգավորել: Իսկ հիմա գիտե՞ք՝ ինչն է վատ՝ հետշոկեր (aftershock) են լինելու, մեծ տատանումներ, որի մասին ես արդեն քանի անգամ զգուշացրել եմ մամուլում:

Բոլորը մտածում էին, թե ո՞ր փոխարժեքի վրա է կանգնելու, բայց դա ասում են, որովհետև գրագետ չեն այդ ոլորտում: Իսկ տատանումից, թռիչքից հետո սկսում են հետշոկեր: Այսօր հերթական ապացույցն է, որ հետշոկեր են եղել՝ 420-ից բարձրացավ 440, հետո՝ միտում եղավ իջնելու, հետո 440-ից բարձրացավ 460, հետո իջավ 440, ապա բարձրացավ 550-ից էլ ավելի ու հիմա կգնան հետշոկերը, ինչն ասվել է, զգուշացվել է գոնե իմ կողմից:

Կարդացեք նաև

– Այսօր արդեն 480 դրամով էին վաճառում 1 դոլարը:

– Արդեն իջնում է, բայց դա չեն վաճառում: Բոլոր նրանք, ովքեր ագահորեն մտել էին այդ խաղի մեջ, հիմա իրենք չեն կարող վերևի սահմանը, այսինքն՝ վաճառքի գինը շատ իջեցնել, բայց քանի որ իրական փոխարժեքն իջնում է, գնման գինն իջնում է և դրա համար մեծ՝ 30-40 դրամ մարժա է դրված: Դա նշանակում է, որ շատերը տուժում են:

– Երեկ ԱԺ-ում էլ փակ քննարկում կազմակերպվեց մինչև ուշ երեկո: Ըստ Ձեզ՝ այսօր ներքի՞ն, թե՞, այնուամենայնիվ, արտաքին ազդակների ազդեցությամբ է փոխարժեքի նվազում նկատվում:

– Մենք փորձում ենք ամեն ինչը ամեն ինչի հետ կապել, բայց պետք է իմանալ, թե որ գործոնը որի հետ կապ ունի: Այդ դրամի արագացված գահավիժումը մինաշանակ ցույց էր տալիս, որ սա արհեսատական է, ինչը կատարվում էր նաև Ռուսաստանում:

– Արհեստական, այսինքն՝ արտաքին շոկերով պայմանավորված չէ՞, միայն տեղակա՞ն ազդեցությունն է:

– Չէ, ես ուզում եմ դիտարկել ոչ թե արտաքին կամ ներքին իմաստով, այլ՝ արհեսատակա՞ն, թե՞ բնական իմաստով: Սա ավելի ճիշտ մոտեցում է: Հիմա, երբ կտրուկ սկսեց թռնել դոլարի փոխարժեքը, բնական է, որ այդ ժամանակ արթնանում են, այսպես կոչված, տաք փողերը և սկսվում է մեծ խաղ փոխարժեքի վրա, որպեսզի գերշահույթներ ստանան: Դրան գումարվում է սովորական մարդկանց խուճապը:

Մարդիկ ոչ բոլորն են գրագետ ֆինանսների, տնտեսության մեջ, դժբախտաբար, և խուճապ է լինում: Եվ խաղացողներն ավելի շատ են սկսում օգտվել, ու փորձում են ոչ միայն թռցնել փոխարժեքը, այլ ձեռքի հետ էլ տատանել, որ արժութային դիրքերն իրենց մոտ փակվեն, որ ունենան կայուն շահույթ: Երբ փոխարժեքը նման սրընթաց իջավ, նշանակում է արդեն գործում են իռացիոնալ գործոններ:

Տնտեսական և ֆինանսական հիմնավորումներ չեն կարող լինել հենց արագության պատճառով, դրանից հետո սկսվում են հետշոկեր, որ բարձրանում, բարձրանում է ու այնքան բարձր է լինում փոխարժեքը, որ ֆիզիկապես անհնարին է լինում նման փոխարժեքը սպասարկել:

Դրա համար սկսվում է ճիշտ հակառակ պրոցեսը՝ փոխարժեքը կտրուկ սկսում է իջնել:

Դրա մասին ես բազմիցս ասել եմ, լսող չկա: Սա կոչվում է հետշոկ (aftershock): Երբ սկսում է կտրուկ իջնել, այդ ագահները, որ հավաքել էին արտարժույթ, տեսնում են՝ իջնում է, չեն հասցնում վաճառել իրենց ուզած գնով, դրա համար վաճառքի գինը բարձր է լինում և առքինը սկսում է իջնել, մինչև կսկսեն երկրորդ փուլի կորուստները: Առաջին փուլում ժողովուրդն է կորցնում, երբ խուճապի մեջ է ընկնում, երկրորդ փուլում սկսում է կորցնել սպեկուլյանտների մի մասը:

– Առաջիկայում ի՞նչ է սպասվում, ե՞րբ կկայնունանա իրավիճակը:

– Սպասվում են տատանումներ: Մարդկանց ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ փոխարժեք կլինի: Փոխարժեքը տնտեսական իմաստով, եթե երկար ժամանակ բարձր է լինում, սկսում է բարձրացնել գնաճը: Ֆինանսական իմաստով փոխարժեքը գրեթե արժեք չունի: Արժեք ունի՞, թե քանի տատանում է եղել ու ինչ մարժայով: Սրա վրա պետք է ուշադրություն դրաձնել: Այսօր մեկ օրում 100 դրամ տատանում եղավ: Նշանակում է՝ ոմանք ագահների և խուճապահարների վրա փող են աշխատում:

Ամենաթանկ հաճույքն աշխարհում ապուշությունն է, էլ ավելի թանկ հաճույքն ակտիվ ապուշությունն է: Դրա դիմաց մարդիկ միշտ շատ են վճարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս