Գազալցակայանների գազը կարող էր չթանկանալ

Երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են անում և գրոհում քաղաքապետարանը. նրանք պահանջում են բարձրացնել ուղեվարձը, քանի որ գազը թանկացել է, իսկ ուղեվարձը մնացել է նույնը:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Երևանի գազալցակայաններում գազն արժեր 180 դրամ՝ խորանարդ մետրի համար, իսկ հիմա 230 դրամ է: Երթուղայինի վարորդները յուրաքանչյուր լիցքավորման ժամանակ հավելյալ վճարում են 2-3 հազար դրամ: Երթուղայինների վարորդները պնդում են, որ այս սակագներով աշխատելն այլևս վնասաբեր է: Գազալցակայանների սեփականատերերն էլ պնդում են, որ իրենք գազը «Գազպրոմ-Արմենիայից» գնում են ավելի բարձր գնով, և թանկացումը կախված չէ իրենցից: Մինչդեռ պարզվում է, որ գազալցակայանների սեփականատերերը կարող էին գազը վաճառել նախկին գնով, ուղղակի նրանք օգտվում են իրավիճակից` հավելյալ շահույթ ստանալու համար:

Գազալցակայանի մի սեփականատեր, ով փորձել է կանխել գազի թանկացումը և առաջարկել չբարձրացնել գազի գինը` մեզ պատմեց, որ իրականում կարելի էր գազի գինը չբարձրացնել և պահպանելով գործող գինը` շարունակել աշխատել շահույթով, սակայն լցակայանների սեփականատերերի մեծամասնությունը որոշել է շահույթի փոխարեն՝ գերշահույթ ստանալ:

Ըստ մեր զրուցակցի, «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը գազալցակայաններին վաճառվող գազի գինը կապում է դոլար-դրամ փոխարժեքի հետ և յուրաքանչյուր ամսի 25-ին հայտարարում հաջորդ ամսվա ընթացքում սպառվելիք գազի գինը:

Կարդացեք նաև

«Յուրաքանչյուր ամսվա 25-ին «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից մեզ հայտնում են, թե որքան է լինելու հաջորդ ամիս գազի գինը: Օրինակ, նոյեմբերին մենք սպառած գազի դիմաց վճարել ենք 114 դրամ` յուրաքանչյուր խորանարդի համար: Նոյեմբերի 25-ին մեզ հայտնեցին, որ դոլարի փոխարժեքի բարձրացմամբ պայմանավորված` գազի գինը բարձրանալու է 7 դրամով, այսինքն` մենք դեկտեմբերին սպառած գազի դիմաց պետք է վճարենք 121 դրամ»,- ասում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա, գազալցակայանների կողմից վաճառվող գազի գնին գումարվում է լցակայանների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի գումարը, վճարվող հարկերը, աշխատակիցների աշխատավարձերը, գումարներ են ծախսում գազալցակայանի սպասարկման համար, բայց միևնույն է` բոլոր այդ ծախսերը հաշվի առնելով` կարելի էր գինը չբարձրացնել և շարունակել շահույթով աշխատել:

«Ես կարծում եմ, որ Հայաստանն այնպիսի վիճակի մեջ է, որ այսօր ավելի կարևոր է մտածել կայունության մասին, և յուրաքանչյուր գործարար, բացի իր օրվա շահույթից և դրա մեծացումից, պետք է մտածի, թե իր քայլն ինչպես կարող է ազդել հասարակության վրա:

Ես գիտեմ, որ գազի թանկացումը չափազանց նուրբ հարց է, որ դրա հետ կապված` թանկանալու են բազմաթիվ ապրանքներ և ծառայություններ, և առաջարկում էի, որ գազալցակայանների սեփականատերերն իրենց շահույթի կրճատման հաշվին գինը թողնեն նույնը, բայց որոշվեց, որ այն պետք է թանկացնել, և այն էլ` ոչ թե 10-20 դրամով, այլ միանգամից 50»,- ասում է մեր զրուցակիցը, ով չի ցանկանում նշել իր անունը միայն այն պատճառով, որ առանց այն էլ չափազանց շատ վիճաբանություններ է ունեցել գազալցակայանների սեփականատերերի հետ, և հիմա չի ուզում, որ այդ վեճերը նորից թարմանան:

Մեր զրուցակիցը վստահ է, որ դեկտեմբերի 25-ին, երբ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն իրենց կտեղեկացնի հունվար ամսվա համար սպառված գազի գինը, այն անհամեմատ ավելի բարձր կլինի, քան դեկտեմբերին էր: «Ես չեմ բացառում, որ գազալցակայանների գազի գինը կարող է ոչ թե 7 դրամով բարձրանալ, այլ այս անգամ միանգամից հասնել 150 դրամի, որովհետև բոլորս էլ տեսնում ենք, որ դոլար-դրամ փոխարժեքի բարձրացում է տեղի ունեցել, և դա եղել է հիմնականում դեկտեմբերին: Ի՞նչ են անելու այդ դեպքում սեփականատերերը. եթե 7 դրամ թանկանալու դեպքում նրանք գազի վաճառքի գինը բարձրացրեցին 50 դրամով, ապա կարելի է կարծել, որ 30 դրամ թանկանալու դեպքում, եթե նույն տրամաբանությամբ շարժվեն, կարող են հասցնել 270 դրամի:

Այսինքն` իրենք իրենց այսօրվա շահույթի նորման պահելու համար պետք է դարձնեն այդքան, բայց դա էլ էականորեն կարող է ազդել գազի սպառման ծավալների վրա»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ բարձրացնելով 50 դրամ, գազալցակայանների սեփականատերերը նկատի են ունեցել նաև հունվարին սպասվող թանկացումը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում` նկատի ունենալ. հիմա մենք աշխատում ենք գերշահույթով, օրական մի քանի հազարից մինչև 10-15 հազար դոլար` յուրաքանչյուր գազալցակայանից: Եթե նրանք պատրաստ լինեին կրճատել իրենց շահույթները, նրանք հաստատ կսպասեին և գազը կթանկացնեին հունվարից հետո, երբ գազի թանկացումը մեզ համար շոշափելի կլիներ, բայց եթե չեն ուզում 7 դրամից զրկվել, հաստատ չեն ուզենալու 30 դրամից զրկվել»:

Մեր զրուցակիցն ասում է, որ եթե գազի լցակայանների մյուս սեփականատերերն ասելիք ունեն, եթե կարող են ապացուցել, որ իրենք ստիպված են եղել թանկացնել գազը, որ հիմա գերշահույթ չեն ստանում, կարող են բերել իրենց տնտեսական հիմնավորումները: «Բայց այդպիսիք ուղղակի չկան, բացի նրանից, որ իրենք վարկեր ունեն, պարտքեր ունեն, ու փոքր շահույթով իրենք չեն կարող այդ վարկերը սպասարկել կամ պարտքերը մարել»,- ասում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Երևանում գազալցակայանների ամենամեծ ցանցի սեփականատերը ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, իսկ մարզերից շատերում գազի գինն ընդհանրապես չի բարձրացել, քանի որ դրանց սեփականատերերը որոշել են գերշահույթ ստանալու փոխարեն` կրճատել իրենց շահույթը:

Տեսանյութեր

Լրահոս