Սերժ Սարգսյանը ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երևանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը: Այն տարածաշրջանում առաջին և միակ մասնաճյուղն է:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել այն առաքելությունը, որի շրջանակներում պարոն Ֆլոգաիտիսն այցելել է Հայաստան: Սերժ Սարգսյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երևանյան մասնաճյուղի բացումը կարևոր իրադարձություն է համարել՝ ընդգծելով, որ այն նաև պարտավորեցնող է, քանի որ Հայաստանում մեծապես գիտակցում են այս ոլորտում առկա խնդիրների լուծման կարևորությունը, դրանց պարբերաբար ուսումնասիրման և վերլուծությունների, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը:
Նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստակամ է իր կարողությունների չափով աջակցելու Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությանն՝ իր բարդ և չափազանց կարևոր առաքելության իրականացման գործում, նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ կազմակերպության նպատակները միանգամայն համահունչ են Հայաստանի որդեգրած քաղաքականությանը. մեր երկիրը ևս եվրոպական արժեքների տարածման ջատագովն է և անկախացումից ի վեր այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով, բավականաչափ առաջ է ընթացել, չնայած, Նախագահի խոսքով, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեծապես կարևորվում է: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է սկսած ճանապարհը՝ ակնկալելով գործընկերների, այդ թվում նաև՝ ՀԻԵԿ-ի աջակցությունը:
Սպիրիդոն Ֆլոգաիտիսը շնորհակալություն է հայտնել Երևանում ՀԻԵԿ-ի մասնաճյուղ բացելու հնարավորություն ընձեռելու և համագործակցության պատրաստակամության համար, ուրախությամբ փաստելով, որ Հայաստանը դեռևս 2011 թվականից անդամակցում է Կազմակերպությանը՝ ի թիվս մեկ տասնյակից ավելի երկրների: Պրոֆեսոր Ֆլոգաիտիսը նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ իրականացվող բարեփոխումների ճանապարհին, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման և մասնագիտական բոլոր այն հարցերում, ինչի կարիքը կունենա Հայաստանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ այս գործընկերությունը կարող է լավ օրինակ ծառայել տարածաշրջանի այլ երկրների և ժողովուրդների համար: