Բաբկեն Պիպոյան. «Մեր երկրում գնաճն ամանորյա չէ, այլ` ֆանտաստիկ, անբացատրելի»

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ  ամանորյա գնաճի մասին այլևս անիմաստ է խոսել, որովհետև մեր երկրում գնաճն ամանորյա չէ, այլ` ֆանտաստիկ, անբացատրելի. «Եվ որ ամենացավալին է` բացի գնաճ փաստողներից` ես չեմ տեսնում գործողություն անողներ` կանխողներ:

Կենտրոնական բանկ, Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության  հանձնաժողով, ահա կառավարության այն հիմնական ուղղությունները, որոնց պետք է ասվեր, որ գործեն: Կենտրոնական բանկն ու մեր բանկերն իրար հետ կապ չունեն. ԿԲ-ն ուրիշ բան է ասում, բանկերն՝ ուրիշ, իսկ բանկի փակվելուց հետո փոխանակման կետերի կուրսը լրիվ ուրիշ է: Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն էլ ասում է` թանկացումները համաչափ են, ներողություն, այդ կառույցը համաչափության գնահատական տալու համա՞ր է:

Նախ, ինչպե՞ս եղավ, որ համաչափ է, ինչպե՞ս եղավ, որ օրինակ կաթնամթերքի շուկայում կան տնտեսվարողներ ում մոտ գնաճը 10 տոկոս է կազմում, կան տնտեսվարողներ ում մոտ գնաճ չկա, և կան տնտեսվարողներ, որոնք սկսել են ավելի էժան գնով վաճառել: Անուններ չտամ, որովհետև խոշորները երեքն են, հիմա եթե ասեմ, թե դրանցից ով է էժանացրել, կստացվի գովազդ: Ո՞ւր է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժաղովի հայտարարությունն այս մասին: Հացի գինը ալյուրին անհամարժեք է թանկացել, ո՞վ պետք է զբաղվի այս հարցով: Գործադիրը վիճակագրական տվյալներ հայտնողը չէ, տեսական կողմի համար չէ, թե ինչից կարող է լինել գնաճը, այլ պետք է ասի, թե կոնկրետ ինչից է և ինչ է արվում կանխելու համար»:

Բանախոսը նկատեց` 50% աղքատություն ենք ունենալու. «Տնտեսական կուրսի սխալ վարելը դեռ հարցի մյուս կողմն է, բա դրա հետևանքների ուղղությո՞ւնը: Ուկրաինական փողը շատ ավելի է արժեզրկվել դոլարի նկատմամբ, քան մեր փողը, բայց այնտեղ գնաճն ավելի քիչ է, քան Հայաստանում: Արգենտինայի պեսոն էլ է արժեզրկվում, այնտեղ այսպիսի գնաճ կա՞, թե՞ այսպիսի պանիկա: Ամեն տեղ մասնակի խուճապ կա, բայց ոչ այսպես:

Ռուսական շուկայից, ռուսական փողով գնված ձեթը թանկացավ, ինչո՞ւ: Որակի կառավարման համակարգը զրո է, այս երկրում ինչ էլ չի թանկանում, «քաշվում» է  հայ գյուղացին:

Դիտարկենք թթվասերը: Դրա հումքի քանի՞ տոկոսն է դոլարային արժույթի, տեղական արտադրանքի հումքի քանի՞ տոկոսն է թանկացել, որ կարողնանք մի հատ էլ գնահատական տանք, հասկանանք` համաչա՞փ էր թանկացումը, թե՞ ոչ»:

Բ. Պիպոյանը նշեց նաև, որ մեր իրականության համար նորմալ է այսօրվա դոլարային առևտուրը, բայց իրականում ոչ մի նորմալ բան չկա. «Տնտեսվարողները գիտեն, որ իրենք բոլոր ուղղություններում անվերահսկելի են, մեր երկրում աջակցող, վերահսկող, բոլորը նույն գործին են: Սպառողի շահերի պաշտպանության համար հարկավոր է պետական աջակցություն և պետական վերահսկողություն: Հիմա, որ վաղը գյուղացին գյուղմթերքը թանկացնի ասելու ենք` մեզ կրկնակի հարված եղավ: Բայց այսօր գյուղացին ոչ միայն չի թանկացնում, այլ վերահսկողության բացակայության հետևանքով տուժում է»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս