Ինչպես խուսափել նախատոնական և հետտոնական սթրեսներից. հոգեբան
Մոտենում է Ամանորը, և բոլորը նախատոնական պատրաստությունների թոհուբոհի մեջ են: Այս շրջանում մարդկանց մոտ, ինչպես հայտնի է, զարգանում են տարբեր տեսակի սթրեսներ: Սակայն որո՞նք են դրա պատճառները, ինչպե՞ս հաղթահարել և կանխարգելել. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան-խորհրդատու Տարաս Վավրիկը:
Նրա խոսքով՝ Ամանորը ճիշտ դիմավորելու, ուրախ տոնական տրամադրություն ունենալու և հետագայում սթրեսներից խուսափելու համար շատ ճիշտ միջոց է վերցնել մի թուղթ, վրան գրել, թե ինչ ենք ակնկալում այս Նոր տարվան, ինչպես ենք այն պատրաստվում անցկացնել, ում ենք ցանկանում այցելել, ինչ նվերներ ենք գնելու, այսինքն՝ նախապես պլանավորել ամեն ինչ՝ տհաճ անակնկալներից խուսափելու և ամեն ինչ ցանկացած ձևով անելու համար.
«Կարևոր է հիշել, որ Ամանորն ուրախ տրամադրությամբ դիմավորելու և լավ անցկացնելու համար բոլորովին էլ հարկավոր չէ շատ գումար ունենալ: Օրինակ՝ նվերներ գնելիս պետք չէ դիտել հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդները, վազել խանութ՝ տեսածը գնելու համար և տհաճ փաստի առաջ կանգնել, որ մեր ունեցած գումարը չի բավարարում այդ ամենը գնելու համար: Կարևոր է ոչ թե այն, թե որքան արժե այդ նվերը, այլ այն, թե ինչ է նշանակում դա այն մարդու համար, ում նվիրելու եք: Չեմ կարող չնշել, որ նախատոնական սթրեսների հիմնական պատճառը հենց ժամանակի և գումարի քիչ լինելու, չհերիքելու փաստն է: Այդ իսկ պատճառով էլ խորհուրդ է տրվում նախապես պլանավորել ժամանակը և մնացածը»:
Ըստ հոգեբանի՝ շատ կարևոր է նաև այն, թե մարդն ինչպես է ընդունում Ամանորը: Նրա խոսքով՝ այն պետք է ընդունել որպես տոն, որպես հեքիաթ և ուրախություն, ինչպես մանուկ հասակում: Դրա համար պետք է պարզապես մի որոշ ժամանակով անջատել հեռախոսը, միացնել դանդաղ և հանգստացնող երաժշտություն և վերհիշել ձեր կյանքում եղած այն Նոր տարին, որը ձեզ համար իսկապես տոն և ուրախություն է եղել, կարող եք զբաղվել սպորտով, դուրս գալ, զբոսնել և այլն:
Ամփոփելով իր խոսքը՝ Տարաս Վավրիկը խորհուրդ տվեց Ամանորը դիմավորել նոր լիցքերով, նոր տրամադրությամբ: Նրա խոսքով՝ ամեն ինչ մեզանից է կախված՝ կկարողանա՞նք այս Նոր տարին դարձնել անսովոր, տարբերվող ու անմոռանալի, թե՞ ոչ. «Հիշվում է ոչ թե այն, ինչը դրված էր այդ օրը սեղանին, այն խմիչքների շշերը, որ դատարկեցիք այդ երեկո, այլ այն տրամադրությունը, այն ուրախությունը, որ կարող եք ինքներդ ստեղծել ձեզ համար: Հնարավորության դեպքում դուք կարող եք նվերներ պատրաստել նաև ձեր հյուրերի համար. այն կուրախացնի ոչ միայն ձեր հյուրերին, այլև ձեզ: Կարող եք փոքրիկ երեկույթներ կազմակերպել, հավաքվել սիրելի ընկերներով և իսկապես լավ ժամանակ անցկացնել՝ այդպիսով խուսափելով թե՛ նախատոնական և թե՛ հետտոնական սթրեսներից»: