Վ. Բոստանջյանը՝ եռյակի մասին. Ով համարձակություն չի ունենում, նա շամպայն չի խմում

ԲՀԿ-ական տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ այն տնտեսական ծանր իրավիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, երկար չի շարունակվելու, առավել ևս, որ 2014 թվականին համաժողովրդական շարժումը լայն թափ է ստանում:

Վ.Բոստանջյանն իր նախորդ ասուլիսներից մեկում եռյակի հանրահավաքների մասին ասել էր. «Թե կարող ես՝ իշխանափոխություն արա, չես կարող, ուրեմն՝ անիմաստ է հավաքներ անել»:

168.am-ը Վ. Բոստանջյանից հիշեցրեց իր այս հայտարարությունները՝ հետաքրքրվելով, թե ինչո՞վ է այժմ պայմանավորված նրա լավատեսությունը համաժողովրդական շարժման վերաբերյալ, երբ մինչև հիմա կտրուկ քայլեր չեն եղել եռյակի կողմից:

Վ.Բոստանջյանը նախ այսպես արձագանքեց մեր հարցին. «Դա ինդիվիդուալ մի կետից ասված բան է, ես հասկանում եմ՝ Ձեզ ով ասած կլինի, որ դա ասեք»: Սակայն նկատենք, որ մեր հարցադրում-հիշեցեցումը բխում էր հենց այդ պահին նրա կողմից արտաբերված մտքից: Ինչևէ: Այդ նախաբանից հետո Վ. Բոստանջյանն այսպես պատասխանեց մեր հարցին.

Կարդացեք նաև

«Ես այդպես իմպերատիվ, անվերապահ գործողությունների կողմնակից եմ, բայց այդ գործողությունները կատարողները ավելի զուսպ, համեստ են մոտենում այդ հարցերին: Ես չեմ կարող ասել նրանց փոխարեն, որովհետև նրանք ավելի շատ են, ես առանձին մարդ եմ: Կարծում եմ՝ այո, ով համարձակություն չի ունենում, նա շամպայն չի խմում, ուրեմն՝ հարկավոր է՝ կտրուկ և համարձակ քայլեր իրականացնել»:

Մեր հարցին էլ, այնուամենայնիվ, դուք հավատո՞ւմ եք, որ եռյակը՝ համաժողովրդական շարժումը նախաձեռնողները, հաջողության կհասնեն, Վ.Բոստանջյանն այսպես պատասխանեց.

«Եռյակ կասեք, քառյակ կասեք, թե 100-յակ կասեք, դուք դա տեսեք որպես հասարակություն, իսկ հասարակությունը չի կարող հաջողության չհասնել»:

Տեսանյութեր

Լրահոս