Եռյակը կրկին անպատասխան թողեց բոլորին հուզող հարցերը
Եռյակի երեկվա կազմակերպած հանրահավաք-երթի մասնակիցների քանակն ակնհայտորեն զիջում էր հոկտեմբերին կազմակերպած երկու հանրահավաքների մասնակիցներից թվին:
Ազատության հրապարակում երեքից չորս հազար մարդ էր հավաքվել, իսկ երթին մասնակցեցին ավելի քիչ քաղաքացիներ, չնայած հանրահավաքի կազմակերպիչների կոչերին` ակտիվորեն մասնակցել երթին: Հնարավոր է, որ հանրահավաքի կազմակերպիչները երեկվա միջոցառումն այնքան էլ չեն կարևորել, և ավելի քիչ ֆինանսական և կազմակերպչական ռեսուրս էին ներդրել միջոցառման կազմակերպման գործում: Բայց մարզերից Երևան ավտոբուսներով մարդիկ բերվել էին:
Հանրահավաքին ներկա չէին նաև ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Իսկ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա էր` շարքային մասնակցի կարգավիճակով:
Չնայած հանրահավաքը և երթը նվիրված էր Մարդու իրավունքների միջազգային օրվան, սակայն կազմակերպիչներն առիթը բաց չթողեցին խոսելու իշխանափոխության անհրաժեշտության մասին: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում պատմում էր, որ իրեն են մոտենում մարդիկ և հարցնում են` «Ե՞րբ ենք պրծնելու այս ավազակներից», կոչ են անում չհապաղել, ժամանակ չկորցնել և անցնել վճռական գործողությունների, որովհետև սոցիալական վիճակը գնալով վատանում է, արտագաղթն ավելի մեծ թափ է ստանում:
Լևոն Զուրաբյանը վստահեցնում էր, որ իրենք հենց այդպես էլ անելու են, և «վճռական պահը երկար սպասեցնել չի տա»:
Ի տարբերություն ՀԱԿ ներկայացուցչի, ով խոսում էր իշխանափոխության մասին, ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն իր ելույթում ընդհանրապես չօգտագործեց «իշխանափոխություն», «հրաժարական», «պաշտոնանկություն» բառերը: Նա խոսում էր ընդհանրապես պայքարելու և հաղթելու մասին: «Մենք այստեղ ենք և պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չհասնենք լիակատար հաղթանակի,- ասաց նա՝ ապա ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին հատուկ ոճով ու բառապաշարով հայտարարեց,- Մեզ պառակտել չի լինի, մեզ հիասթափեցնել չի լինի, մենք գիտենք` ինչ ենք անելու, և գիտենք` ինչպես ենք անելու»:
Գիտեն, բայց չեն ասում: Գոնե առայժմ: Հանրահավաք-երթի մասնակիցների անունից ընդունված բանաձևում խոսվում է այն մասին, որ մարդու իրավունքները և քաղաքացիական ազատությունները կոպտորեն և սիստեմատիկորեն խախտվում են: «Համաժողովրդական շարժումը չի կարող հանդուրժել իշխանության կողմից մարդու իրավունքների, քաղաքացիական ազատությունների լայնածավալ խախտումները և տարրական սոցիալական իրավունքների ապահովման վերաբերյալ ժողովրդի պահանջների մերժումը: Հետևաբար, Համաժողովրդական շարժումն առաջիկայում կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիրը, ներառյալ` հանրային զանգվածային միջոցառումների ցանկը, որոնց նպատակը կլինի Հայաստանում ամբողջական իշխանափոխության իրականացումը և արտահերթ` ազատ և արդար ընտրություններով` ժողովրդի իշխանության ձևավորումը»,- նշված էր բանաձևում: Այս բանաձևն ակնհայտորեն գրվել է ՀԱԿ-ում, և այն ընթերցեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ով հանրահավաքի հիմնական բանախոսն էր, իր ելույթը նվիրել էր Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարմանը: Սակայն Էլինար Վարդանյանը ներկայացնելով այդ խախտումները չխոսեց այն մասին, որ Սահմանադրության նորմերի հարգման միակ միջոցն իշխանափոխությունն է: ԲՀԿ-ին հետաքրքրում է այլ բան. սահմանադրական փոփոխություններ անցկացնելու՝ իշխանությունների ցանկության վիժեցումը, և Էլինար Վարդանյանի եզրահանգումներն էլ այդ տիրույթում էին:
«Արդյո՞ք խնդիրը նրանում է, որ այդ իրավունքները (խոսքը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է.- Ա.Բ.) Սահմանադրության մեջ այնքան էլ լավ ձևակերպված չեն, դրա համար էլ լավ չեն պաշտպանվում, դրա համար էլ չեն հարգվում: Մարդիկ լավ էլ հասկանում են, որ Սահմանադրության փոփոխություններով իրենց իրավունքների պաշտպանության հարցում որևէ բան չի փոխվելու, և Սահմանադրության փոփոխությունները միայն վերարտադրության հարց են լուծելու»:
Էլինար Վարդանյանը խոսեց փոփոխությունների մասին, բայց դարձյալ` շատ ընդհանուր ձևակերպումներով. «Մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները, մենք պետք է համախմբվենք հանուն մեր վաղվա օրվա, հանուն արմատական փոփոխությունների»:
Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության ներկայացուցիչ Սմբատ Հակոբյանը, ով ավելի հայտնի է` որպես Սմբատ Սպարապետ. Ղարաբաղյան շարժման սկզբում մի քանի հրամանատարներ սահման մեկնելուց առաջ գնացել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Վազգեն Ա կաթողիկոսը Սմբատ Հակոբյանին օծել էր սպարապետ: Նա խոսեց վերջին երկու օրերին միության մի քանի անդամների նկատմամբ իրականացված հարձակումների մասին, որոնց նպատակը, ըստ Հակոբյանի` հասարակությանը ցույց տալն է, թե իրենք ջարդում են ժողովրդին պաշտպանելու պատրաստակամություն հայտնած ուժին: «Մեզ ոչ ոք չի կարող ջարդել»,- հայտարարեց Հակոբյանը` ավելացնելով, որ իրենց Ադրբեջանը և ԽՍՀՄ-ը չկարողացան ջարդել:
Հակոբյանն անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, և ըստ նրա գնահատականի, Հայաստանում ինչ-որ ուժեր փորձում են նոր Եվրոմայդան ստեղծել կամ արաբական ինչ-որ սցենար իրականացնել: «Որևէ մեկը չի կարող այստեղ նման սցենար իրականացնել»,- համոզված հայտարարեց Հակոբյանը` ասելով, որ հայ ժողովուրդն այնքան խոհեմություն ունի` նման սցենարների իրականացումը մերժելու համար:
Հանրահավաքը-երթն ավարտվեց, բայց հանրահավաքի մասնակիցներից որևէ մեկը չստացավ իրեն հուզող հարցի պատասխանը. ե՞րբ է եռյակն իրականացնելու իշխանափոխություն, ե՞րբ է լինելու այն վճռական հանրահավաքը, որն ի վերջո ստիպելու է իշխանությանը հրաժարական տալ: Այս հարցի պատասխանը ոչ ոք չտվեց, որովհետև որևէ մեկը չգիտի: