ԱԻՆ-ի կանխատեսած ձնառատ ձմռան ժամանակ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ

Արտակարգ իրավիճակների նախարարության, բնակչության պաշտպանության, աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանն այսօր լրագրողների հանդիպման ընթացքում խոսեց  աղետների հետևանքների վերացման կազմակերպման, հնարավոր սողանքների դեմ կանխարգելման, և մի շարք այլ նոր միջոցառումների մասին, որին պատրաստվել է ԱԻՆ-ը:

«Այս տարվա ընթացքում ունեցել ենք սողանքային աղետների 6 դեպք, որոնց արձագանքել ենք: Արձագանքներին մասնակցել են մեր, կապի, տրանսպորտի նախարարությունների ստորաբաժանումները: Դրանք հիմնականում եղել են ճանապարհների հետ կապված, որտեղ խնդիրներ են առաջացել: Ունեցել ենք քարաթափման 41 դեպք, որոնց բոլորին արձագանքել ենք: Դրանք էլ հիմնականում վերաբերել են ճանապարհներին: Սողանքներն  ու քարաթափումներն ազդում են ոչ միայն ճանապարհների, այլև շենքեր-շինությունների վրա, ինչը բնորոշ է լեռնային երկրներին»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ  2013թ.  կառավարության կողմից ընդունվել է Սողանքային աղետների կառավարման հայեցակարգ, որի շրջանակներում նախարարություններն ու գերատեսչություններն ունեն կոնկրետ խնդիրներ, թե ինչ պետք է անեն սողանքի կանխարգելման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ. «Դրանից հետո ԱԻ նախարարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են մասնագետներ բոլոր նախարարություններից, նաև Գիտությունների ազգային ակադեմիայից, ԵՊՀ-ից, և էսպերտներ` տարբեր հասարակական կազմակերպություններից:

Այդ աշխատանքային խումբը 2014թ. ուսումնասիրել է Հայաստանի ամենավտանգավոր սողանքները, որի արդյունքում մատնանշվել են ամենավտանգավոր 10 սողանքները: Նախարարությունում ստեղծվել տեղեկատվական բազա, որը ցանկացած սողանքի մասին կարճ ժամանակում կարող է տեղեկատվություն տալ»:

Լրագրողների հարցին, թե հենց ԱԻՆ-ի կանխատեսած ձնառատ ձմռան ժամանակ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ և եղանակի կտրուկ տաքացումը ձնհալքերի չի՞ բերի, նա պատասխանեց.

«Հիմնական խնդիրը ճանապարհների փակումը կարող է լինել. դեռ նոյեմբեր ամսին ունեցանք դեպքեր, երբ արգելափակվում են ճանապարհները և մեր փրկարարական ստորաբաժանումները տեղում իրականացնում են համապատասխան աշխատանքներ: 2004թ. հետո  ձնհալքի հետևանքով խոշոր ջրածածկման գոտիներ չենք ունեցել: Առաջին հերթին կարողանում ենք հաշվարկ անել, թե ձնհալքից հետո ինչ իրավիճակ կարող է լինել, նաև` հուների մաքրում ու ջրպաշտպան կառույցներ` ժամանակին»:

 

Տեսանյութեր

Լրահոս