Հենց քաղաքացի-պետական ծառայող շփման գծում են շատ հաճախ կոռուպցիոն ռիսկեր առաջանում. Սուրեն Քրմոյան

2003թ. դեկտեմբերի 9-ին Մեքսիկայում ստորագրվեց ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 2005թ.: Կոռուպցիան ճանաչվեց, ոչ թե որպես տվյալ երկրի ներսում առկա խնդիր, այլ միջազգային նշանակություն ունեցող կարևորագույն չարիք, որի դեմ պետք է համախմբված պայքարել: Կոնվենցիայի ստորագրման հետ կապված ամբողջ աշխարհում նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, որի առիթով այսօր տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մամուլի ասուլիսը: Փոխնախարարը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը:

«Մենք մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ ենք և ունենք մի շարք միջազգային պարտավորություններ: Հայաստանը վերջին 15 տարիներին բազմաթիվ քայլեր է իրականացրել այս ուղղությամբ, մասնավորապես երկու ռազմավարություն արդեն իսկ իրականացվել է (2003-07 և 2009-12թթ. ռազմավարությունը), վերջերս մշակվել է նաև նոր ռազմավարություն, որը գտնվում է շրջանառության փուլում:

2014թ. ձևավորված նոր կառավարության ծրագրում կոռուպցիան ճանաչվել է որպես գերակա ուղղություններից մեկը, բայց ի տարբերություն նախորդ ռազմավարությունների՝ նորը կառուցվում է փոփոխությունների տեսլականների հիման վրա: Նախկին ռազմավարությունները ավելի մեծ և ծավալուն էին, նոր մշակվածն ավելի շատ ուղղված է լինելու հանրային ծառայությունների մատուցմանը: Շեշտը դրվելու է բարեխիղճ հանրային դասի ձևավորման վրա: Հենց քաղաքացի-պետական ծառայող շփման գծում են շատ հաճախ կոռուպցիոն ռիսկեր առաջանում»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ նոր ռազմավարությունն ի տարբերություն նախորդների՝ շեշտադրել է 4 հիմնական թիրախային ոլորտ՝ կրթություն, առողջապահություն, ֆինանսների ոլորտում՝ հարկահավաքության գործընթաց և ոստիկանության կողմից ծառայությունների մատուցում:

Նա ասաց, որ դիտարվում է նաև լրացուցիչ ոլորտներ ներգրավելու հնարավորությունը. «Հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների ժամանակ շեշտադրվեց սոցիալական ոլորտը:

Նախատեսվում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որն ի տարբերություն գործող խորհուրդի ավելի ներկայացուցչական է: Խորհրդի կազմում, բացի պետական պաշտոնյաներից, ներառված են երկու հասարակական կազմակերպություններ, լինելու են խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ, խորհուրդը ղեկավարելու է վարչապետը»:

Լրագրողների հարցին՝ ԵՏՄ անդամակցելուց հետո կոռուպցիոն ռիսկերը չե՞ն մեծանա, նա պատասխանեց. «Ոչ մի կազմակերպություն կամ անհատ չի կարող ասել, թե անդամակցելով այս կամ այն միությանը ռիսկերը կավելանա՞ն, թե՞ ոչ: Այդուհանդերձ, մենք քննարկել ենք հետևյալ իրողությունը, որ համապատասխան միությանը միանալով՝ որոշակի այլ իրավիճակ կունենանք հունվարի մեկից, այդ իսկ պատճոռվ մեր 4 ոլորտային ծրագրերում հաջորդ տարի կիրականացնենք համապատասխան ռիսկերի վերլուծություն և ըստ այդմ՝ միջոցառումներ կներառենք ռազմավարության մեջ»:

Լրագրողների դիտարկմանը, թե ինչպե՞ս են համագործակցելու ԵՏՄ 3 ամենաբարձր կոռուպցիայի մակարդակ ունեցող երկրների հետ, նա պատասխանեց. «Մենք խոսում ենք տնտեսական համագործակցության մասին և դրա հետ կապված ռիսկերի գնահատումը կկատարվի միանալուց հետո: Այդուհանդերձ, մենք մեր գործընկերների հետ քննարկել ենք, որ իրադրություն է փոխվելու, նոր օրենսդրություն, նոր պայմանագրեր ենք ունենալու և այլն: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր տարի ռիսկերի գնահատում կկատարենք և եթե անհրաժեշտություն լինի, մեր կոռուպցիոն ռազմավարության մեջ համապատասխան շտկումներ կանենք»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս