Կոռուպցիայի և կաշառակերության մեղավորը հասարակությունն է

Երեկ Հայաստանի Ազգային ժողովում էր Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին, ով պաշտոնական հանդիպումներից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ մամուլի ասուլիս տվեց, և պատասխանեց լրագրողների հարցերին: Հայաստանի և Ուրուգվայի խորհրդարանների նախագահների պատասխանների համադրությունը ցույց է տալիս, թե որքան տարբեր են Հայաստանի և Ուրուգվայի պաշտոնատար անձանց մոտեցումները պետական կառավարման համակարգի նկատմամբ, և թե այդ տարբերություններն ինչպես են ազդում այդ երկրների տնտեսական և քաղաքական իրողությունների վրա:

Ինչպես հայտնի է` Ուրուգվայի գործող նախագահ Խոսե Մուխիկան համարվում է աշխարհի ամենաաղքատ կամ ամենաշռայլ նախագահը, քանի որ իր ստացած 12 500 դոլար աշխատավարձից նա իրեն է պահում դրա 10 տոկոսը` մնացածը բաժանելով աղքատներին և անապահովներին: Նույն կերպ է վարվում նաև նրա կինը, ով նույնպես քաղաքական գործիչ է, Ուրուգվայի Ժողովրդական մասնակցություն կուսակցության առաջնորդը: Մուխիկան ոչ մի բանկային հաշիվ չունի և ընդհանրապես փող չի կուտակում, չի զբաղվում գործարարությամբ: Երեկվա ասուլիսի ժամանակ մենք Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Աստորիին հարցրեցինք, թե ի՞նքն էլ է նույնքան համեստ կյանքով ապրում, որին ի պատասխան` նա ասաց.

«Այո ես էլ եմ շատ համեստ կյանքով ապրում, և ոչ թե նրա համար, որ դա հասարակությունը տեսնի, այլ ինձ այդպես է համար»: Այսպիսով Ուրուգվայի իշխանությունները չեն ցանկանում ապրել շռայլ կյանքով, հարստություն չեն կուտակում, ինչի արդյունքում այս երկիրը կոռուպցիայի մակարդակով աշխարհում 21-րդն, է իսկ Հայաստանը` 94-րդը, Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 3,5 հազար դոլար է, իսկ Ուրուգվայում՝ 16 հազար դոլար: Ուրուգվայի փոխնախագահը հպարտանում է, որ կոռուպցիայի նման ցածր մակարդակով իրենք առաջինն են Լատինական Ամերիկայում, և վստահեցնում է, որ անընդհատ աշխատում են այդ ցուցանիշի բարելավման համար:

Հիմա տեսեք, թե ինչպես է բացատրում Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակնը և ցածր կենսամակարդակը ՀՀ ԱԺ նախագահը: Խոսելով Հայաստանի ցածր ՀՆԱ-ի մասին` նա ասում է. «Դա այդպես էլ պետք է լինի, դրա պատճառը Հայաստանի աշխարհագրական դիրքն է, Հայաստանը պատերազմող երկիր է և այդ պատճառով ներդրումների համար գրավիչ չէ, չունենք ճանապարհներ աշխարհի հետ հաղորդակցվելու համար»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ավելացնում է, որ երբ որ այս պայմաններում Հայաստանը տնտեսական աճ է ունենում, դա աշխարհի համար զարմանալի է:

Կարդացեք նաև

Անդրադառնալով կոռուպցիայի բարձր ցուցանիշին` Գալուստ Սահակյանն ասում է, թե դրա պատճառն այն է, որ Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ կաշառակերություն, և միջազգային կազմակերպությունները շատ հաճախ շփոթում են դրանք իրար հետ. կաշառակերությունը նույնացնում են կոռուպցիայի հետ, որի արդյունքում Հայաստանի ցուցանիշները վատանում են: Իսկ կոռուպցիայի և կաշառակերության տարբերությունն, ըստ Գալուստ Սահակյանի` հետևյալն է. կոռուպցիան կապված է իշխանության բարձր օղակների հետ, իսկ ահա կաշառակերությունը, դա ներքին օղակներում է, այսպես ասած կենցաղային մակարդակում, որի մեջ ներգրավված են բոլորը:

Որպես օրինակ` նա ասում է, որ կաշառված են հասարակական սեկտորի բոլոր կառույցները, այդ թվում` նաև մամուլը, լրագրողները, և ինքը գիտի, թե որ լրագրողը կամ լրատվամիջոցն ումից է պատվեր ստանում, կամ ում պատվերն է կատարում: «Այո, կոռուպցիա կա, կա նաև պայքար կոռուպցիայի դեմ: Բայց այդ պայքարը համաժողովրդական չէ»,- ասում է Գալուստ Սահակյանը և պայքարի համաժողովրդական չլինելը բացատրում ամբողջ հասարակական օրգանիզմի կաշառվածությամբ:

Ապա զարգացնելով իր միտքը` նա ավելացնում է. «Մեր հասարակությունը պատրաստ չէ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարին»: Անդրադառնալով այն ուժերին, ովքեր քաղաքական մակարդակում են խոսում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ԱԺ նախագահը նրանց մեղադրում է իրենց հայտարարությունների կատարման հարցում հետևողական չլինելու մեջ: «Այն ուժերը, ովքեր խոսում են դրա մասին, պայքարում են դրա դեմ, հենց գալիս են իշխանության, առաջինը դրանով են զբաղվում»:

Այսպիսով, ի՞նչ է ասում Գալուստ Սահակյանը. Հայաստանը չի զարգանում խիստ օբյեկտիվ պատճառներով`շրջափակում և պատերազմ, իսկ այն, որ նույնիսկ այդ պայմաններում զարգացում է արձանագրում, համաշխարհային մակարդակով հրաշք է, և այդ հրաշքի հեղինակն իշխանություններն են: Կոռուպցիայի մեջ չի կարելի մեղադրել միայն իշխանություններին, որովհետև կաշառված են բոլորը, այդ թվում և` մամուլը, իսկ նրանք, ովքեր իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի մեջ, պոպուլիստներ և երեսպաշտներ են, քանի որ, ինչ իշխանություն էլ գա, ոչինչ չի փոխվելու, նոր եկողները չեն հրաժարվելու կոռուպցիայից և շարժվելու են արդեն ձևավորված ավանդույթներով:

Իրականում Գալուստ Սահակյանը հաստատ գիտի, որ Ուրուգվայի ու Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուղիղ համեմատական են այդ երկրում գոյություն ունեցող կոռուպցիայի մակարդակի հետ. որքան ցածր է կոռուպցիան, այնքան զարգացած է տնտեսությունը: Իսկ կոռուպցիայի մակարդակն Ուրուգվայում ցածր է, որովհետև այդ երկրի ղեկավարներն իրենց հարմար են զգում ապրելով համեստ կյանքով և կենցաղով: Շրջափակումն ու պատերազմի վերսկսման սպառնալիքը գուցե ունեն որոշակի ազդեցություն, բայց ավելի շատ արդարացում են, քան պատճառ:

 

Տեսանյութեր

Լրահոս