Բաժիններ՝

Ես չեմ իմացել, որ Բելովեժյան թավուտում փլուզում են ԽՍՀՄ-ը. Գորբաչով

«Նորությունների ռուսական ծառայությանը» տված հարցազրույցի ժամանակ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ տեղյակ չի եղել, որ Բելովեժյան թավուտում պատրաստում են ԽՍՀՄ-ի փլուզումը:

Գորբաչովն ընդգծել է, որ Բելառուս մեկնելուց առաջ Բորիս Ելցինն իրեն հայտնել է, որ մասնակցելու է երկկողմ հարաբերությունների հարցերով հանդիպման և որ այնտեղ է հրավիրել նաև Ուկրաինայի առաջնորդին՝ քննարկելու համար Ուկրաինայի անկախության մասին առաջիկա հանրաքվեի հարցը:

Գորբաչովն այն ժամանակ դա արժանացրել է հավանության, քանի որ «առանց Ուկրաինայի դա արդեն չէր լինի Միություն» և խորհուրդ է տվել ուկրաինական առաջնորդին հրավիրել Մոսկվա, եթե նա կաջակցի ԽՍՀՄ-ի պահպանմանը.

«Ելցինը եկավ այնտեղ, ուկրաինացիները կտրականապես կողմ արտահայտվեցին անկախությանը և որոշեցին հայտարարել, որ Միությունը սպառել է իրեն: Նրանք արեցին դա, և Ելցինը նախ զանգահարել ու զեկուցել է Բուշին և հետո նոր՝ ինձ: Ամեն ինչ գաղտնի է արվել:

Ես կտրուկ արտահայտվեցի, որ դուք չեք կարող դա որոշել երեքով, որ դա ժողովուրդների գործն է: Թե՛ ուկրաինացիները, թե՛ բելառուսները չեն եկել Մոսկվա, եկել է միայն Նազարբաևը, որի հետ խիստ խոսակցություն է եղել»: Գոբաչովն ընդգծել է, որ կարող էր դիտարկել նաև հարցի ուժային լուծումը, եթե այդ պատմությունը կապված չլիներ այլ պահերի հետ.

«Ես կողմ էի պետության պահպանմանը, ինչի համար էլ հանրապետությունների ղեկավարներին խնդրեցի արտահայտվել, ասել, որ նրանք նույնպես կողմ են պահպանմանը: Սակայն այն ժամանակ ես գաղտնի աշխատանք էր տարվում ԽՍՀՄ-ի փլուզման ուղղությամբ:

Այդ ժամանակ աճել էին հանրապետությունները, նրանց տնտեսությունները, ձևավորվել էին կադրեր, անհրաժեշտ էր նրանց տալ ազատություն: Ուկրաինան առաջիններից մեկն է հանդես եկել անկախության օգտին:

Ոմանք միավորվում են, որպեսզի շահեն դրանից ու ձգտում են դրան, իսկ մեզ մոտ նոմենկլատուրան գնաց միությունը, պատրաստի պետությունը փլուզելու քայլին: Եվ փլուզեցին»: Գորբաչովը կարծում է, որ ճիշտ է վարվել՝ 1991 թվականի դեկտեմբերին վայր դնելով իր լիազորությունները.

«Ես չէի կարող ռիսկի դիմել և ողջ երկիրն ու ժողովուրդը ներքաշել քաղաքացիական պատերազմի, արյունահեղության մեջ: Եվ առավել ևս մեր երկիրը, որը լեփ-լեցուն է զենքով, միջուկային զենքով»:

Գորբաչովը հիշեցրել է այն կատակը, որ ԱՊՀ-ի ռուսական տարբերակը (СНГ) վերծանվում է նաև որպես «Գորբաչովին բարկացնելու եղանակ» («способ насолить Горбачеву»), քանի որ ինքն է բոլորին խանգարել ԽՍՀՄ-ը փլուզելու հարցում:

1991 թվականի դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Բելառուսի ու Ուկրաինայի նախագահներ Բորիս Ելցինը, Ստանիսլավ Շուշկևիչն ու Լեոնիդ Կրավչուկը ստորագրեցին ԽՍՀՄ-ի փլուզման ու ԱՊՀ-ի ստեղծման մասին Բելովեժյան համաձայնագիրը:

Մի քանի օր անց դրան միացան ևս 8 հանրապետությունների ղեկավարներ: 1991 թվականի դեկտեմբերի 25-ին Գորբաչովը դադարեցրեց ԽՍՀՄ-ի նախագահի իր լիազորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս