«Ժառանգությունում» դավաճանության հարցում կոնսենսուս չկա
Րաֆֆի Հովհաննիսյանի կոչին` մասնակցել դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում հրավիրվող քաղաքացիական ժողովին, արձագանքողները սակավաթիվ էին` 200-ի մոտ քաղաքացիներ:
Ազատության հրապարակում, բացի «Ժառանգություն» կուսակցության անդամներից, ներկա էին նաև ԺՈՒԿ կուսակցության մի քանի անդամներ կուսակցության ղեկավար Մանուել Գասպարյանի հետ, իսկ ժողովի ինչ-որ պահի հրապարակում կարճ ժամանակով երևաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` կուսակցության քաղխորհրդի մի քանի անդամների ուղեկցությամբ: ՀԱԿ-ից և ԲՀԿ-ից որևէ ներկայացուցիչ չկար, անգամ` ՀԱԿ այն ակտիվիստ կանայք, ովքեր հավաքվում են Սարյանի արձանի մոտ, և որոնց մասնակցությամբ ՀԱԿ քաղխորհրդի անդամները մինի հանրահավաքներ են կազմակերպում` ներկայացնելով արդի քաղաքական իրավիճակը և ՀԱԿ-ի վճռորոշ դերը դրանց զարգացման համատեքստում:
Չնայած սակավամարդությանը, Հովհաննիսյանը մի քանի անգամ հայտարարեց, որ իրենք մարգինալ չեն: Այս պնդումը պատասխանն էր ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարություններին, որ ԵՏՄ-ի դեմ հանդես եկող ուժերը մարգինալներ են: Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի անգամ կրկնեց նաև, որ այս աշխարհում որևէ բան անշրջելի չէ: Այս հայտարարությունն էլ պատասխանն էր Տեր-Պետրոսյանի այն հայտարարության, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անշրջելի է:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստովանում է, որ ինքը չի կարողանում հրապարակ լցնել, ի տարբերություն եռյակի: Խոսելով հավաքվածների թվի մասին, Հովհաննիսյանը նկատեց, որ վեց շաբաթ առաջ հրապարակում ավելի շատ մարդ կար` «հայտնի պատճառներով»: Ըստ «Ժառանգության» անդամների, հայտնի պատճառն այն է, որ իրենց կուսակցության նախագահը չունի ձեռնարկություններ, չունի ֆինանսական այնպիսի միջոցներ, որոնց միջոցով կարելի է հրապարակում հազարավոր մարդկանց հավաքել: Ընդամենը մեկուկես տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանում էր հրապարակ լցնել: Հովհաննիսյանը հիշեց 2013թ. ապրիլի 9-ը, և հայտարարեց, որ այդ ժամանակ իր սխալն այն էր, որ ինքն իր հետ չէր վերցրել Հայաստանի պետական դրոշ եռագույնը, և խոստացավ, որ այլևս նման սխալ թույլ չի տա:
«Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իրենք մտադիր չեն տանը նստել և սպասել, որ առաջիկայում անելու են հանրահավաքներ, ցույցեր, հնարավոր են նաև գործադուլների կոչեր: Զարուհի Փոստանջյանը հավաստիացնում էր, որ իրենց պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև չհասնեն իրենց առջև դրված նպատակի` իշխանափոխության իրականացմանը: «Տունը չնստելու», «չսպասելու», «մինչև վերջ պայքարելու» ակնարկները ևս ուղղված էին եռյակի անդամ ԲՀԿ-ին և ՀԱԿ-ին, ցույց տալու համար, որ նրանք հետևողական չեն իրենց հայտարարությունների մեջ, և հիմա «տանը նստած սպասում են»: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հիշեցրեց, որ ինքը դեկտեմբերի
6-ին հանդիպումներ է ունենալու Վանաձորի և Գյումրիի բնակիչների հետ, և այդ երեք քաղաքացիական ժողովների ընդհանրացման արդյունքում, հնարավոր է` Գյումրիում, հայտարարի իրենց հետագա քայլերի մասին:
Արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ «Ժառանգությունը» որոշել է գնալ միայնակ, և կուսակցությունը դուրս կգա եռյակից: Երեկվա քաղաքացիական ժողովում այդ հարցի պատասխանը չտրվեց, որովհետև կուսակցությունում ոչ թե տարբեր, այլ իրարամերժ մոտեցումներ կան:
Զարուհի Փոստանջյանի ելույթի զգալի մասը վերաբերում էր դեկտեմբերի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությանը: Փոստանջյանը հերթական անգամ հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր կողմ քվեարկեցին Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, դավաճաններ են, որ նրանք դավաճանեցին ոչ միայն Հայաստանի ազգային շահերին, այլ դավաճանեցին իրենք իրենց, որ նրանք իշխանափոխությունից հետո պատասխան են տալու: Մեզ հետ զրույցում էլ Փոստանջյանն առաջ քաշեց այն թեզը, որ եթե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բացահայտվեին ԿԳԲ-ի բոլոր գործակալները, հիմա Հայաստանի քաղաքական դաշտում այսքան շատ ռուսական գործակալներ չէին լինի, այնպես որ, իշխանափոխության նպատակներից մեկն էլ պետք է լինի դավաճաններին օրենքի ամբողջ ուժով պատժելը:
Ինչպես հայտնի է, այդ պայմանագրին կողմ են քվեարկել նաև եռյակի անդամ ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները: Եվ «Ժառանգության» անդամ պատգամավորի մեղադրանքը վերաբերում է նաև նրանց: Ինչպե՞ս կարող է «Ժառանգությունը» համագործակցել կուսակցությունների հետ, որոնց համարում է դավաճաններ: Բայց «Ժառանգությունում» բոլորը չէ, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի քվեարկությունը համարում են դավաճանություն:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթը սկսեց` դավաճանության թեզը հերքելով: «Ոչ մի դավաճանության մասին խոսք անգամ լինել չի կարող, նրանք բոլորն էլ մեր հայրենակիցներն են»,- հայտարարեց Մարտիրոսյանը: Նա սկսեց բացատրել, որ կատարվածի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում և` հրապարակում կանգնածները, քանի որ թույլ են տվել, որ Հայաստանը կորցնի իր անկախությունը, ունենա ոչ լեգիտիմ իշխանություններ: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց նաև, որ միասնական հրապարակն ի վերջո կայանալու է՝ դրանով հասկացնելով, որ «Ժառանգությունը» շարունակելու է մնալ եռյակի կազմում:
Ի վերջո, ո՞վ է ներկայացնում «Ժառանգության» տեսակետը. Զարուհի Փոստանջյա՞նը, թե՞ Արմեն Մարտիրոսյանը: Երևի նրանք երկուսն էլ, քանի որ «Ժառանգությունը» կոմպլեմենտարիզմի դասական օրինակ է: Այսուհետ ևս Զարուհի Փոստանջյանը կշարունակի ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին մեղադրել դավաճանության մեջ, իսկ Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը կմասնակցեն եռյակի նիստերին և կքննարկեն համատեղ գործողությունների ծրագրեր: Իսկ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա այս կոմպլեմենտարիզմի երաշխավորի դերում: