Լրագրողը բացահայտում է, թե ինչ է տեղի ունենում Եղվարդի մանկապարտեզում. Տան «մնացած» ապրանքը աշխատողները կարո՞ղ էին տանել մանկապարտեզ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Եղվարդի մանկապարտեզի թունավորման դեպքի հետ կապված նոր բացահայտումներ է արել հեռուստալրագրող Անահիտ Մուշեղյանը:
Հեռուստալրագրող Անահիտ Մուշեղյանը, ով դեռևս 5 տարի առաջ զբաղվել է այս մանկապարտեզի հարցերով և բավականին մեծ ինֆորմացիա ուներ, այսօր ճշտել է, որ երեխաները շաբաթը գոնե մեկ օր կերել են երշիկ ու նրբերշիկ, ինչն արգելված է. «Ո՞վ է վերահսկել, ո՞վ է տեղյակ այս ամենի մասին»:
Հեռուստալրագրողն ասաց, որ տարիներ առաջ, երբ փորձել է այս խնդիրը միայնակ բարձրացնել, այն լուծում չի ստացել, իսկ եթե տարիներ առաջ խնդիրը լուծում ստանար, ապա այսօր չէինք ունենա այն, ինչ ունենք.
«Առաջին խնդիրը կապված է մասնագետների հետ: Որքանո՞վ է մարզերում վերահսկվում կադրային քաղաքականությունը: Եթե Երևանում քիչ թե շատ բարվոք է, ապա ի՞նչ վիճակ է մարզերում: 50 տարեկան մարդիկ, ովքեր առանց մասնագիտական կրթության աշխատում էին մանկապարտեզում, ինչ-ինչ բուհերի ուսանողներ էին ձևակերպվել: Ո՞ր մանկավարժը կարող էր թույլ տալ, որ մինիմում շաբաթը մեկ օր այդ երեխաներն ուտեն երշիկ ու նրբերշիկ:
Եթե Եղվարդի քաղաքապետը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը սննդի հետ ընդհանրապես կապ չունի, փաստորեն մանկավարժների կադրային քաղաքականության հետ առավել ևս կապ չունի: Կարո՞ղ ենք արդյոք հետևություն անել, որ տան «մնացած» ապրանքը աշխատողները կարող էին տանել մանկապարտեզ: Այո՛, ես ունեմ տեղեկություններ, որ մանկապարտեզի աշխատողներն այդտեղ պատրաստում են պահածոներ, որն իրացվում է հենց մանկապարտեզում: Ես տարիներ շարունակ դա տեսել եմ ու ինձ միշտ զարմացրել է, թե ինչպե՞ս այս մանկապարտեզի երեխաներին մի բան չի պատահել»:
Ասուլիսին ներկա «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի կարծիքով՝ խնդիրը կարելի էր լուծել, եթե փոքրիկ հանձնաժողովներ ձևավորվեին, ծնողներին ցուցակով տային, թե երեխաներն ի՞նչ պետք է ուտեն, ու որ օրը, որ մատակարարի կողմից ինչ մթերքներ են բերվելու. « Ծնողները թող գնային վերահսկեին, հենց փոքր ինչ կասկած գտնեին, տեղեկացնեին համապատասխան մարմիններին: Իսկ կառավարությանը ներկայացված այս առաջարկը դեռ քննարկվում է: Կա կամ կոռուպցիոն ռիսկ, կամ պետական բյուջեի նկատմամբ խիստ անտարբերություն»: