Րաֆֆի Հովհաննիսյան. Հայոց ցեղասպանության ճանաչումն արդեն եղել է

Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունից Հայոց ցեղասպանության համար հատուցում պահանջելիս` պետք է հիշենք, որ կորցրել ենք ոչ միայն մարդկային կյանքեր, այլ ողջ հայրենիք: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողովին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մեզ համար նորություն չէ, որ այն, ինչ մենք կորցրեցինք, միայն մարդկային կյանքեր չէին, միայն ցեղի սպանություն չէր. մի ողջ հայրենիքի, քաղաքակրթության, մշակույթի սպանություն էր, հայրենազրկում: Եվ մեր քննարկումները, վերլուծումները, ռազմավարական և մարտավարական ուղիները պետք է հասկանան, որ միայն մարդկային կյանքի հատուցում չէ, այլ մի ամբողջ հայրենիքի արժեքը»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Իսկ ճանաչումը, ըստ Հովհաննիսյանի, արդեն եղել է. «Ճանաչումն աշխարհի արխիվների մեջ կա` Ամերիկայից մինչև Եվրոպա, Ռուսաստանից մինչև անգամ Թուրքիա և միգուցե ամենակարևորը` Օսմանյան կայսրության դաշնակից պետության` Գերմանիայի արխիվներն են, որը շատ ճշգրիտ և համապարփակ ձևով ճանաչում է: Հայոց ցեղասպանությունը դեռ Ռաֆայել Լեմկինից առաջ բնորոշել է նաև Ամերիկայի դեսպանը` որպես «ցեղի ոչնչացում»»:

Ո՞վ է իրավասու արևմտահայության կողմից ներկայացնել հատուցման խնդիրները: Այս հարցի պատասխանը, Հովհաննիսյանի խոսքով, միանշանակ չէ, բայց Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա իրավական, սահմանադրական, որակյալ պետություն, որը կկարողանա ներկայացնել Հայաստանին վերաբերող իրավունքներն ու շահերը: Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ կարևոր հարցադրումն այն էր, թե արդյոք պատրա՞ստ են ինքնակազմակերպվել արևմտահայոց ժառանգները, իրավասու դառնալ և արևմտահայերի կողմից ներկայացնել իրենց պահանջներն ու իրավունքները:

Կարդացեք նաև

Նա նաև ավելացրեց, որ հարցի արդարացի լուծմանը հասնելու համար պայքարը պետք է գնա բոլոր ճակատներով` իրավական, քաղաքական և հասարակական, և այն պետք է ուղղված լինի վնասների հատուցմանը և իրավունքների վերականգմանը. «Այդ իրավունքները պետք է վերականգնվեն հատ առ հատ, ընտանիք առ ընտանիք` նրանք, ովքեր պատրաստ են թուրքական և այլ ատյաններում իրենց փաստաթղթերով ներկայացնել իրենց իրավունքները, վնասների հատուցումը, իրենց սեփականության իրավունքի վերականգնումը և, իհարկե, մեզ հուզող հավաքական մոտեցման խնդիրը` 100-րդ տարելիցի նախաշեմին և դրանից հետո»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս