ՄԱԿ-ը կոչ է անում ավելացնել Հայաստանում կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերը
Գենդերահեն բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյակի առիթով, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը կոչ է անում վերջ տալ կանանց նկատմամբ բռնությանը եւ վերահաստատում իր նվիրվածությունը Հայաստանում կանանց իրավազորման խթանմանը։
Կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է լուրջ խնդիր լինել Հայաստանում։ Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաշվետվությունների՝ 2014թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում մոտ 1.500 կին ենթարկվել է բռնության։
Մենք ընդունում ենք, որ Հայաստանի կառավարությունը դրական քայլեր է ձեռնարկել կանանց նկատմամբ բռնությանը դիմագրավելու ուղղությամբ, եւ խրախուսում ենք իշխանություններին շարունակել Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի ներքո դեռեւս մնացած պարտավորությունների արդյունավետ կատարումը։ Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի ոստիկանության կազմում մասնագիտացված բաժնի ստեղծումը, որը զբաղվում է ընտանեկան բռնության դեպքերի վերհանմամբ եւ կանխարգելմամբ, ինչպես նաեւ դրա պատճառների վերլուծությամբ եւ դրանց վերացմամբ։ ՄԱԿ-ը նաեւ խրախուսում է կառավարությանն ավելացնել ջանքերը՝ ուղղված ընտանեկան բռնության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական շրջանակի ստեղծմանը, ներառյալ՝ առանձին օրենքի ընդունման եւ առնչվող այլ իրավական ակտերի լրամշակման միջոցով, որպեսզի ընտանեկան բռնությունից տուժածներին տրամադրվեն իրավական պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ։
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը բարձր է գնահատում հասարակական կազմակերպությունների ջանքերը՝ ուղղված Հայաստանում կանանց նկատմամբ բռնության կանխմանը եւ ընտանեկան բռնությունից տուժածների աջակցությանը։ Նման նախաձեռնություններին սատարել է նաև ՄԱԿ-ը: Մենք ողջունում եւ աջակցում ենք Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի՝ «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքի վերափոխված նախագծի շուրջ երկխոսության մեջ կառավարությանը ներգրավելու նախաձեռնությանը։ Մենք նաեւ գնահատում ենք ընտանեկան բռնությունից տուժածներին պաշտպանելու գործում այն կենսական դերը, որն ունի Կանանց աջակցման կենտրոնի կողմից գործարկվող ապաստարանը, եւ կոչ ենք անում ավելացնել նման ապաստարանների քանակը՝ առանց ուշացման եւ պատշաճ ձեւով արձագանքելու նման կարիք ունեցող անձանց։ Որպես երկարաժամկետ լուծում, հավասարապես կարեւոր է աշխատանքը ընտանեկան բռնություն գործադրողների հետ՝ կանանց նկատմամբ բռնության արմատական պատճառները վերացնելու նպատակով։
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը եւ քաղաքացիական հասարակությանը՝ կոնկրետ գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք ուղղված կլինեն բոլոր կանանց եւ աղջիկների իրավունքների իրացմանը, ինչը նրանց թույլ կտա ապրել բռնությունից զերծ կյանքով, ինչպես նաև կանխարգելման եւ արձագանքի համակարգի ուժեղացմանը: Կանանց նկատմամբ բռնության ոչ մի դեպք չպիտի մնա անտեսված։ ՄԱԿ-ը լիովին պատրաստակամ է սատարելու Հայաստանի կառավարությանը՝ կատարելու ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք խթանում են տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները, հարգանքը կանանց իրավունքների նկատմամբ եւ դրանց պաշտպանությունը։
Կանանց նկատմամբ բռնության վերացման գործում բոլորս ունենք անելիք։ Մենք կոչ ենք ուղղում բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ՝ կառավարությանը, միջազգային հանրությանը եւ քաղաքացիական հասարակությանը, լրատվության միջոցներին եւ հանրությանը, միավորելու իրենց ջանքերը՝ ուղղված ընտանեկան բռնությանը վերջ տալուն եւ կանանց նկատմամբ բռնության ցանկացած դրսեւորում չհանդուրժող քաղաքականության պահպանմանը: