«Իրականում մենք բոլորս Facebook-ում անվճար աշխատողներ ենք». Սամվել Մարտիրոսյան
2015թ. հունվարի 1-ից Facebook-ը օգտատերերի անձնական տվյալների նոր քաղաքականություն է կիրառելու, որը թույլ է տալու փոխանցել դրանք երրորդ անձանց առանց օգտատերին հարցնելու: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ֆեյսբուքը պարզապես ի մի է բերում այն, ինչն արդեն գոյություն ունի, այսինքն՝ մեր տվյալների օգտագործումը:
Ըստ նրա՝ նաև հաշվի է առնվում վերջին մեկ-երկու տարվա ընթացքում Ֆեյսբուքի շուրջ եղած սկանդալները. «Առաջին սկանդալը ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից ամբողջ տեղեկատվության վերահսկողության մասին տեղեկատվությունն է, որը տարածեց Էդուարդ Սնոուդենը, և ըստ որի՝ Ազգային անվտանգության գործակալությունը անմիջական մուտք ունի դեպի ներքին տվյալներ, ներառյալ մինչև մեր նամակագրությունները: Ֆեյսբուքը դա հերքեց, բայց նստվածքը մնաց և դեռ պարզ չէ՝ ով է ճիշտ, Սնոուդե՞նը, թե՞ Ֆեյսբուքը:
Երկրորդ, օրինակ, մի քանի դեպքեր եղան, երբ հայտնի դարձավ, որ օգտատերերի մասին տեղեկատվությունը փոխանցվել է տարբեր մարքեթինգային գործակալությունների, որը թույլ է տալիս ավելի թիրախավորված գովազդ անցկացնել:
Երրորդը՝ տարօրինակ մի դեպք էր, երբ պարզվեց, որ օգտատերերի մի մասի վրա գիտափորձ է անցկացվել. առանց զգուշացնելու մարդկանց նյուզֆիդում գաղջ մթնոլորտ է ստեղծվել, բացասական նորություններ են սկսել ցույց տալ: Փորձը ցույց է տվել, որ կյանքի հանդեպ մոտեցումները դարձել են խիստ նեգատիվ: Այսինքն՝ գիտականորեն ապացուցվել է, որ անընդհատ վատ նորություններ տեսնելը բերում է դեպրեսիվ վիՃակի»,-նշեց նա:
Փորձագետի խոսքով՝ այս ամենը ի մի է բերվել: Նա նաև հիշեցրեց, որ Ֆեյսբուքը այլ երկու խոշոր սոցցանց է գնել` Instagram-ը , Whats App-ը:
Ֆեյսբուքն զգուշացնում է, որ մեր տվյալներն օգտագործել է և շարունակելու է օգտագործել գովազդային համակարգի համար և դա արվելու է բոլոր այն հարթակների վրա, որոնք պատկանում են ֆեյսբուքին:
«Դա հիմա էլ է արվում: Ֆեյբուքն օգտվում է այն տվյալներից, որոնք դուք տեղադրում եք սոցցանցում, և տրամադրում է թիրախավորված գովազդը: Իրականում մենք բոլորս Ֆեյսբուքում անվճար աշխատողներ ենք: Ֆեյսբուքը մեզ անվճար տրամադրում է մեծ հնարավորություններ, դրա դիմաց օգտագործում է մեր «աշխատուժը», որը մեր գործողություններն են սոցցանցում և մեր տեսողական ապարատը»,-պարզաբանեց փորձագետը:
Ս. Մարտիրոսյանը նկատեց, որ վերջերս Ֆեյսբուքը, որպես գովազդային համակարգի գործոն, սկսել է օգտագործել նաև այլ կայքերում մեր գործողությունները. «Եթե առաջ գովազդային գործակալություններն ունեին հնարավորություն՝ թիրախավորել գովազդը՝ ելնելով ձեր տարիքից, սեռից, բնակավայրից, ապա հիմա քաղում են նաև տեղեկատվություն բոլոր այն կայքերից, որտեղ տեղադրված են Ֆեյսբուքի կոճակներ` like, share , նաև մեկնաբանություններ: Այսինքն՝ իրականում Ֆեյսբուքը ձեզ բավականին լուրջ հետևում է:
Իրենք ասում են, որ ձեր տվյալները տրամադրելու են զանազան գործակալությունների՝ մարքեթինգային, գովազդային, բայց անպայման շեշտվում է, որ դա լինելու է տվյալ, որը թույլ չի տա, որ ձեզ իդնետիֆիկացնեն, այսինքն՝ ձեր ամբողջ տվյալները տալու են, բայց այդ տվյալներից պարզ չի լինի, թե դուք ով եք: Միայն մի դեպքում ձեր տվյալները կոնկրետ կարող են տրամադրվել երրորդ կողմին՝ պետական կառույցներին՝ քրեական հանցագործությունների հետ կապված: Հիմա էլ Ֆեյսբուքն ունի հատուկ մի էջ, որտեղ տեսնում ենք, թե որ երկրից քանի դիմում է եղել նման տեղեկատվություն ստանալու և քանիսին է եղել պատասխան: Օրինակ, Հայաստանից վերջին ժամանակահատվածում եղել է 4 դիմում, 6 օգտատերերի մասին, որոնցից մեկը ստացել է պատասխան, մյուսները մերժվել են: Թե ինչի՞ մասին է՝ չենք իմանում, բայց խոսքը լուրջ հանցագործությունների մասին է: Նաև դա պետք է լինի ինչ-որ մի բան, որ ԱՄՆ-ի օրենքներին էլ համապատասխանի: Ֆեյսբուքը կարդում է մեր նամակագրությունները, ինչը իրենք չեն հերքում ՝ պատճառաբանելով, որ այդպես ուզում են հայտնաբերել մանկապիղծներին»,- պարզաբանեց նա:
Մանկապղծության հետ կապված՝ նա հիշեցրեց gmail-ի օգտատերի դեպքը, որին gmail-ը հանձնել է ոստիկանությանը՝ բռնացնելով մանկական պոռնկագրական նյութեր փոխանցելիս:
«Մեր նամակագրությյուններն այսպես, թե այնպես ընթերցվում են ինչ-որ անձանց նեղ շրջանակներում, պարզ է, որ դա մեխանիկացված է և ոչ բոլորի նամակներն են կարդում, բայց ուշ թե շուտ ձեր նամակները կարող են ինչ որ մեկի ձեռքն ընկնել: Սակայն պետք չէ պատկերեցնել, որ հունվարի 1-ից Ֆեյսբուքը բոլորի նամակները կարդալու է և փոխանցի ուրիշներին»:
Ս. Մարտիրոսյանը նշեց նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆեյսբուքն ուժեղացնում է իր դիրքերը վճարովի գովազդում, ինչը նշանակում է, որ կայքերը, որոնք ստանում են այցելուներ ֆեյսբուքից, գնալով ավելի քիչ կստանան, եթե չվճարեն դրա դիմաց. «Դա երևի բոլորն էլ նկատել են, որ վերջին մեկ տարվա ընթացքում ֆեյսբուքը գնալով նվազեցնում է դիտումները էջերում՝ պահանջելով, որ վճարովի դնեք այդ էջի նյութը, որպեսզի ավելի շատ մարդ դա տեսնի: Հիմա նաև դա վերաբերելու է իրադարձություններին (event): Կայքերի վրա դա, բնականաբար, ազդում է այնքանով, որ հեշտ տրաֆիկը գնալով քչանում է»:
Փորձագետը նկատեց՝ Հայաստանում վերջին մեկ տարում Ֆեյսբուքի աճը դանդաղել է. «Ամբողջ աշխարհում էլ նկատվում է աճի դանդաղում: Երբ պարզ դարձավ, որ սոցցանցերից միյան Twitter-ը չի համագործակցում Ազգային անվտանգության ծառայության հետ, օրինակ՝ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում երիտասարդների շրջանում բավականին լուրջ արտահոսք եղավ Ֆեյսբուքից Twitter »,-եզրափակեց նա: