ԻՊ շարժումը դառնում է Ադրբեջանի ամենամեծ խնդիրներից մեկը. Սարգիս Ասատրյան

«Ադրբեջանի ներքին ամենացավոտ թեմաներից մեկն այն է, որ Իսլամական պետության շարքերում կան շատ ադրբեջանցիներ: Ծայրահեղ իսլամական հոսանքները Ադրբեջանում նորություն չեն: Բայց դրանք հաջողություններ չգրանցեցին ու վերացան: Սիրիական պատերազմի սկսվելը, Մերձավոր Արևելքի իրավիճակի խառնվելը բերեց նրան, որ փաստորեն հայտնվեց մի խմբավորում, որը գաղափարական առումով բավական հաջող գործունեություն է ծավալում իսլամական երկրներում, այդ թվում նաև Ադրբեջանում: Օգտագործում են տարբեր գործոններ` մարդկանց վրա ազդելու, իրենց շարքերը ներքաշելու: Ադրբեջանում, իրենց իսկ տվյալներով, 40 հազար մարդ հարում է ծայրահեղ կրոնական հոսանքների»,- այսօր լրագորղների հետ հանդիպման ընթացքում ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Փորձագետը նշեց, որ բացի Ադրբեջանում արմատավորվելուց, նրանք կարողացել են կապեր հաստատել որոշ չինովնիկների և խոշոր բիզնեսմենների հետ.  «Ալիևյան ուժերն այս ամենը դիտարկում են, որպես իրենց իշխանության անմիջական վտանգ, սակայն կան ուժեր, որոնք փորձում են որոշակի օգուտներ քաղել նրանց հետ համագործակցելով: Այն, որ  ԻՊ շարժումը դառնում է Ադրբեջանի ամենամեծ խնդիրներից մեկը, եթե ոչ ամենամեծ խնդիրը, փաստ է»,- նշեց նա:

168.am-ի հարցին, թե Ադրբեջանում էթնիկ բախումներ չե՞ն`քողարկված կրոնականի տակ, նա պատասխանեց. «Դժվար է ասել, որովհետև էթնիկն ու կրոնականն այստեղ այնքանով կապ ունեն, որ  եթե, օրինակ, խոսում ենք լեզգիների մասին, ապա նրանք սունիական ուղղությանն են հարում, իսկ  նույն իսլամիստների մեջ նաև քիչ չեն լեզգիները: Կոնկրետ ծայրահեղ իսլամիստների համար ազգություն գոյություն չունի, եթե դու իսլամին ես հարում, ապա համարում են իրենց եղբայրը»:

Ադրբեջանագետը նաև նշեց, որ մեծ թվով աղջիկներ են սկսել հարել ԻՊ-ը և առաջացել է, այսպես ասած,  «սեքս ջիհադի» երևույթը. «Նրանք ասում են, որ եթե զինյալները կռվում են աստվածահաճո գործի համար, ապա բնականաբար պետք է նաև իրենց ֆիզիկական պահանջներն էլ բավարարեն:

ԻՊ հաջողություններից մեկն էլ այն է, որ չի սահմանափակվում այն տարածքով, որը վերահսկում է. ցանցային կառույց է: ԻՊ ազդեցությունը տարածվում է ամբողջ աշխարհում: Հայաստանն այսօր այս ամենի մեջ առանձին կղզի է, որն ըստ էության այդ վտանգին ենթարկված չէ, ի տարբերություն շատ ու շատ այլ երկրների, որովհետև մենք մուսուլմանական գործոն այստեղ չունենք»,-պարզաբանեց ադրբեջանագետը:

 

Տեսանյութեր

Լրահոս