Լևոն Զուրաբյան. Իշխող ռեժիմի արատավոր դրամավարկային քաղաքականությունը խեղդում է արտահանումը, արդյունաբերության զարգացումը և մրցակցությունը
«Նոյեմբերի 23-ին և այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցան դրամի թռիչքային արժեզրկումներ, որոնք կանխատեսված չէին ոչ՛ Հայաստանի Կենտրոնական բանկի, ոչ՛ էլ կառավարության կողմից։ Այդ է վկայում ԱԺ բերված բյուջեի նախագիծը, որում գալիք տարվա դոլարային միջին փոխարժեքը հաշվարկված է 411 դրամ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Ըստ նրա՝ իշխող ռեժիմի արատավոր դրամավարկային քաղաքականությունը խեղդում է արտահանումը, արդյունաբերության զարգացումը և մրցակցությունը, այն շահավետ է միայն լայն սպառման ապրանքների ներկրումով զբաղվող և ապօրինի մենաշնորհների տիրացած պաշտոնյա օլիգարխների համար՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
«Ստեղծված պարազիտային տնտեսության մոդելը և վարվող ֆինանսա-վարկային քաղաքականությունը Հայաստանին խոցելի են դարձնում ֆինանսական շուկայի ճնշումների առջև: Երբ այլևս դրամը պահելու ռեսուրս չի լինում, իշխանությունները ստիպված արժեզրկում են այն, ինչի վկայությունն են այս վերջին փլուզումները։ Դրամի արհեստական հզորացման քաղաքականությունը և դրա հետևանքով առաջացած պարբերական փլուզումները առաջացնում են համատարած թանկացումներ և արժեզրկում ժողովրդի նկատմամբ ստանձնած պետական սոցիալական օժանդակության պարտավորությունները, նպաստները, կենսաթոշակները և աշխատավարձները: Դրա ծանրությունը ժողովուրդը կզգա նոր տարվա առաջին իսկ օրերից»,- ասաց Լ. Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ ելքը մեկն է՝ ժողովրդի ցասումը Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, նրան հրաժարականի պարտադրումը և ազատ ու արդար ընտություններով ժողովրդական այնպիսի իշխանության ձևավորումը, որը կհրաժարվի ներկրող մոնոպոլիստների շահերի սպասարկումից և Հայաստանը կդնի զարգացման ուղու վրա։