Գալուստ Սահակյանը սպառնում է որոշ պատգամավորների մասին ինչ-որ բաներ ասել
Ընտրական օրենսգրքի փոփոխության ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցում կատարելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը երեկ բավականին երկարատև քննարկվեց Ազգային ժողովում: Որպես կողմ փաստարկներ` մատնանշվում էին, որ այն վերջ կդնի ընտրախախտումներին, ու օրենքի գերակայության պայմաններում մեր երկրում կդադարի արտագաղթը, կզարգանա տնտեսությունը: Նաև նշվեց, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների աշխատանքն արդյունավետությամբ չի փայլում խորհրդարանում: Հակափաստարկն այն էր, թե ՀՀԿ-ն հետզհետե նվազեցրել է մեծամասնական տեղերը, իսկ սահմանադրական փոփոխությունները խնդրի վերջնական լուծում են պարունակում:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն արձանագրեց, որ երբևէ ընտրությունների միջոցով իշխանության փոխանցումը քաղաքական փոքրամասնությանը նոր էջ կբացի հայկական ժողովրդավարական պատմության մեջ և կնպաստի քաղաքական հանդուրժողականության արմատավորմանը: Որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր՝ Ս.Ֆարմանյանը գտնում է, որ խնդիրը տաբու չէ և քննարկման առարկա կարող է լինել: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ նախագծում բարձրացված հարցերը բոլոր ժամանակներում էլ այժմեական են՝ ընտրությունների կազմակերպման, ընտրախախտումների բացառման հարցեր. «Արդյոք այսօր միապալատ ԱԺ-ում կարո՞ղ են լինել տարբեր մանդատների ուժով օժտված պատգամավորներ: Ուզո՞ւմ եք պահպանեք մեծամասնականը, ստեղծեք երկպալատ համակարգ: Խնդիրները պետք է տարբեր հարթության մեջ լուծվեն»: Ըստ նրա՝ վստահության քվե տրվում է քաղաքական ուժին, և ոչ թե ֆիզիկական անձին:
ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի կարծիքով էլ՝ շատ բարդ է վերջնական ապացուցել, թե որ համակարգն է ավելի լավ, բայց փաստ է, որ պառլամենտական մեծամասնությունն ընտրությունների ժամանակ չի ապահովել մեծամասնություն, և այդ դեպքում պետք է ձևավորվեր կոալիցիա, և պետք է որ չլիներ քաղաքական մենաշնորհ. «Սրան հանգեցրել է մեծամասնական ընտրակարգը: Բերեք գնանք այլ ճանապարհով, և անգամ ՏԻՄ ընտրություններն ավելի կարևոր կդառնան»:
Նա բացառեց իշխանության հետ որևէ երկխոսություն՝ առանց այս հարցի քննարկման և լուծման, որը գտնվում է 12 կետերի շրջանակներում. «Իշխանությունները կողմնորոշվելու խնդիր ունեն»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այս պահին ՀՀ-ից դուրս աշխարհի 45 երկրներում 750 հազար ՀՀ քաղաքացիներ դիմել են այլ քաղաքացիություն ստանալու, որոնց մեջ հաշվառված չեն ապօրինի ձևով դրսում գտնվողները. «Պարզ է, որ այդ մարդկանց շարքերում են նաև այստեղ ցուցակներում ներառված քաղաքացիները: Մեր պահանջն է՝ ցուցակները մաքրել»: Ըստ Ա.Մանուկյանի՝ մեծամասնականի մեջ խոտանն ավելի շատ է, քան համամասնականի մեջ.
«Սա չի նշանակում, որ էս մեկը քըխ է, էս մեկը լավն է: Փորձն է ցույց տալիս, որ համամասնականով եկածներն ավելի արդյունավետ են»: «Չկա այսօր ՀՀ-ում ընտրական համակարգ, չկա ընտրական մեխանիզմ: Այս մեխանիզմից հրաժարվեք՝ հօգուտ Ձեր քաղաքական ապագայի»,- հայտարարեց Ա.Մանուկյանը՝ դիմելով ՀՀԿ-ականներին: «ՀՀ քաղաքացին մեկ բան է ուզում, որ իր քվեն հասնի տեղ»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով նաև, որ համամասնական ընտրակարգով ընտրվածներից էլ ոչ բոլորն են, որ պատասխանատու են իրենց ընտրողների առջև: Նա կոչ արեց վերացնել քաղաքական ֆեոդալիզացիան ու օրենքի ուժով երկիրը բերել օրենսդրական նորմալ դաշտ. «Ձեր քվեարկութունը ցույց կտա՝ քաղաքական մեծամասնությունը պատրա՞ստ է գնալ երկխոսության, թե՞ ցանկացած եղանակով պահելու է իշխանությունը»:
ՀՀԿ խմբակցության անունից պատգամավոր Հակոբ Հակոբյանը ստանձնեց ընդդիմադիրներից գործարար պատգամավորների պաշտպանությունը՝ ասելով. «Գործարար պատգամավորները թողել են իրենց գործը, եկել են ձեր գործն են անում, մի բան էլ մուննա՞թ եք գալիս»:
Նա հայտարարեց, թե համամասնական և մեծամասնական ընտրակարգերի շուրջ նախկինում միշտ բախումներ եղել են, ՀՀԿ-ն հետզհետե զիջել է, մեծամասնականը պակասել է 2 անգամ. «Մենք պակասեցինք, դուք ինչի՞ հասաք: Ինչո՞ւ է հարցը հիմա բարձրացված, երբ ժամանակ ունենք մինչև հաջորդ ընտրություններ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հարցադրում արեց, թե ինչպե՞ս է, որ ինչքան պակասում է ժողովրդի թիվը, այնքան մեծանում է ընտրողների թիվը. «Քաղաքական ուժերի բառապաշարը նույնն է: Սա բումերանգ է, որ շուռ կգա ձեր երեխաներին կխփի, ու այն ժամանակ կասեն՝ ինչ ծնողներ ենք ունեցել»:
Սահմանադրական փոփոխությունների հետ ընտրությունների կապը Ռ.Հակոբյանն անվանեց «փրփուր», որն Ընտրական օրենսգրքի հետ որևէ առնչություն չունի:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը որակեց` որպես «անարդյունք գործընթաց»: «Մենք չունենք լավ ու վատ պատգամավորներ, մենք ունենք պատգամավորներ: Շատ վատ բնավորություն է, երբ բնավորություն ես ձեռք բերում անընդհատ խոսել ու հետո ասել, որ` ես ակտիվ եմ, նա ակտիվ չի»,- հայտարարեց նա ու հավելեց, թե որոշ պատգամավորներ իրենց սրբի տեղ են դրել: Գ.Սահակյանը «սպառնաց», որ ԱԺ պատգամավորների մեծ մասին շատ լավ է ճանաչում ու ինքն էլ կարող է նրանց մասին խոսել:
Գ.Սահակյանի խոսքով՝ ընտրություններից ոչ ոք գոհ չի լինում, բայց քաղաքական ուժերն ընտրատեղամասերում վաճառում են իրենց տեղերը: Նշելով, որ երկրի քաղաքական համակարգը ձևավորում են կուսակցություններն ընտրությունների միջոցով՝ Գ.Սահակյանը հայտարարեց, որ «կոճակ սեղմելը» քաղաքական թիմի ամրությունն է ցույց տալիս, և իմաստն այն է, որ քննարկեն ու միաձայն որոշեն:
«Ո՞վ է ասել, որ մենք Ընտրական օրենսգրքի փոփոխման կարիք ունենք: Մի բան որ մտածում եք, մտածեք՝ արդյունքն ի՞նչ կլինի: Թե՞ պիտի ասեք՝ բոբո Հանրապետականը չթողեց»,- ասաց Գ.Սահակյանն ու խորհուրդ տվեց «հանրապետականի դարդով քիչ էդպես շռայլություն թույլ տալ»: ԱԺ նախագահի խոսքով՝ ազատ, անկախ ընտրություններ բոլորին են պետք, և իրենք գնում են սահմանադրական փոփոխությունների. «Մենք ոչ թե համաձայն չենք, այլ մենք ինքներս նախաձեռնելու ենք և ԸՕ-ն ավելի մատչելի ենք դարձնելու»: