Սերժ Սարգսյանի սահմանադրական պաշտոնանկությունն անհնար է
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին հրապարակել էր ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկում էր պաշտոնանկ անել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Փաստաթուղթը կազմված էր 8 կետից, որտեղ շարադրված էին այն հիմնավորումները, որոնց հիման վրա խորհրդարանը պետք է նման որոշում կայացներ:
Փաշինյանն իր կողմից ներկայացված որոշման նախագիծն արտահերթության կարգով քննարկելու նպատակով ԱԺ քարտուղարությունից ձևաթուղթ էր վերցրել, և, եթե նրան հաջողվեր հավաքել 44 պատգամավորի ստորագրություն, ապա որոշման նախագիծը կմտներ ԱԺ օրակարգ և կքննարկվեր արտահերթության կարգով: Սակայն Նիկոլ Փաշինյանի ձևաթղթի տակ, իրենից բացի՝ ստորագրեցին ևս երկու պատգամավորներ`«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը և նույն խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Չնայած Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում առաջարկեց մյուս բոլոր պատգամավորներին, ովքեր կողմ են իր նախաձեռնությանը, միանալ այդ փաստաթղթին, սակայն որևէ մեկը չարձագանքեց նրա կոչին: Միայն ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը նկատեց, որ այն փաստը, որ Փաշինյանի նախաձեռնությանն ընդամենը երկու պատգամավոր է միացել, ցույց է տալիս, որ նախագահ Սերժ Սարգսյանը վայելում է խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնության աջակցությունը:
Ըստ էության, այդ փաստաթուղթը, որի նպատակը Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն էր, ցույց տվեց, որ Սարգսյանը խորհրդարանում 98 տոկոսանոց աջակցություն ունի:
Ինչո՞ւ Փաշինյանի նախաձեռնությանը չմիացան խորհրդարանական եռյակի ներկայացուցիչները, որոնք հայտարարում են ամբողջական և շուտափույթ իշխանափոխության մասին:
Նրանց հիմնավորումները կարելի է բաժանել երկու խմբի. առաջին՝ խորհրդարանում չկան անհրաժեշտ թվով պատգամավորներ, որպեսզի հնարավոր լիներ անցկացնել իմպիչմենտի նախաձեռնությունը: Սա ՀԱԿ խմբակցության հիմնավորումն է, որը կարող է խոսել պաշտոնանկությունից, բայց բավարար ինքնուրույն չէ նման նախաձեռնությանը միանալու համար: Փաշինյանի ներկայացրած որոշումն ընդունելու համար անհրաժեշտ կլիներ 66 պատգամավորի կողմ քվեարկությունը, որից հետո որոշումը պետք է գնար Սահմանադրական դատարան, որպեսզի ՍԴ-ն տար եզրակացություն ԱԺ-ի կողմից ընդունված որոշման վերաբերյալ:
ՍԴ-ից եզրակացությունը ստանալուց հետո նախագահին պաշտոնանկ անելու որոշման համար պահանջվում է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի աջակցությունը` 88 պատգամավորի կողմ քվեարկություն: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ եթե չկա այդ թվով պատգամավորների աջակցություն, ապա նման որոշման քննարկումը և տապալումը ոչ միայն չէր օգնի իշխանափոխության գործին, այլև ընդհակառակը՝ կվնասեր: Այս հիմնավորմանն ի պատասխան` Փաշինյանը բերեց մի քանի օրինակներ, երբ նույն ՀԱԿ ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր օրենսդրական նախաձեռնություններ՝ ի սկզբանե համոզված լինելով, որ դրանք տապալվելու են:
Հենց երեկ ԱԺ-ում քննարկվում էր եռյակի կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որի ընդունումը ևս դատապարտված է, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը դրա ընդունումը համարում է ժամանակավրեպ: Բայց, չնայած դրան, եռյակը 44 ստորագրություն էր հավաքել, և այն արտահերթության կարգով քննարկվեց խորհրդարանում:
Մյուս հիմնավորումն այն է, որ եռյակն ունի իշխանափոխության իր ճանապարհային քարտեզը, և իրենք իմաստ չեն տեսնում շեղվելու իրենց ծրագրից: Սա ևս թույլ հիմնավորում է՝ այնքանով, որ եթե անգամ եռյակն ունի իշխանափոխության իր տարբերակը, ապա ոչինչ չէր խանգարում, որ եռյակի ներկայացուցիչները ստորագրեին Փաշինյանի ձևաթղթի տակ, և հարցը մտներ օրակարգ: Այս նախաձեռնության քննարկումը խորհրդարանում որևէ կերպ չէր կարող վնասել եռյակին իր նպատակի իրագործման հարցում, եթե այդպիսին իրականում կա:
Իրականում Փաշինյանի նախաձեռնությունը ցույց տվեց, որ խորհրդարանական եռյակի ներկայացուցիչների համար Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը տաբու է, և նրանք կարող են խոսել աբստրակտ իշխանափոխության մասին, բայց քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը՝ իրենք չեն կարող և չունեն դրա իրավասությունը:
Գաղտնիք չէ, որ ԲՀԿ խմբակցությունն իշխանափոխություն ասելով՝ նկատի ունի իրենց պայքարը` թույլ չտալու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Նրանք պայքարում են ոչ թե Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու, այլ թույլ չտալու նրան Սահմանադրական փոփոխությունների իրականացման միջոցով պահպանելու իր իշխանությունը 2017-2018թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետ: ԲՀԿ-ն համարում է, որ եթե Սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան հերթական ընտրությունների միջոցով, տեղի կունենա սահմանադրական իշխանափոխություն:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է որոշման նախագիծը դարձնել օրենքի նախագիծ և ներկայացնել ԱԺ: Այդ դեպքում այն պետք է քննարկվի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում և ԱԺ լիագումար նիստում: Խորհրդարանական եռյակի ներկայացուցիչները ստիպված կլինեն ավելի բացահայտ արտահայտել իրենց դիրքորոշումն այդ նախաձեռնության վերաբերյալ և արդեն խորհրդարանի ամբիոնից խոսել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության անհնարինության կամ աննպատակահարմարության մասին: