«Թույլ տնտեսության վրա պետություն չի կառուցվում». Զոյա Թադևոսյան

ՀԱԿ վարչության անդամ, ՀՊՏՀ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` խոսելով  այն մասին, թե դրամի արժեզրկումն ինչպես կանդրադառնա Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և տնտեսության վրա, ասաց, որ դրամի արժեզրկումը սպասելի գործընթաց էր, որը դրամի պատասխանատուները պետք է կանխագուշակեին` նորմալ դրամավարկային հետազոտություններ իրականացնելով, ինչը նաև հնարավորություն կտար ինչ-որ չափով չեզոքացնել այն ազդեցությունները, որոնք տեղի են ունենում, երբ  արտաքին տնտեսական գործոնն  անկանխատեսելիորեն իր շոկային հետևանքներն է ունենում տնտեսության վրա:

«Դրամի արժեզրկումը եթե դիտարկենք արժեզրկման այն գործընթացների  տեսանկյունից, որոնք առկա են, կան  և՛ ներքին, և արտաքին պատճառներ: Եթե տնտեսությունը դիտարկում են քաղաքականությունից դուրս, ապա սխալվում են ոչ թե մեկ, այլ միլիոն անգամ: Տնտեսությունը խտացված քաղաքականություն է, որովհետև քաղաքականությունը պետք է բազմապատկվի, որ դառնա տնտեսություն: Այսինքն` տնտեսությունն ավելին է, քան քաղաքականությունը:

Եթե տնտեսությունը զարգացած է, մարդիկ ունեն բավարար միջոցներ, ունեն հնարավորություն` իրենց նյութական պահանջմունքները բավարարելուց զատ, բավարարել նաև իրենց հոգևոր պահանջները, այդ հասարակությունն արդեն զարգացած է: Եվ այդ հասարակությունը գիտակցորեն է վերաբերվում բոլոր այն  իրավիճակներին, որոնք տեղի են ունենում տնտեսությունում, որովհետև իրենք են տնտեսություն կերտողները»,- ասաց նա:

Տնտեսագետը նկատեց ` տնտեսությունը կերտում է պետությունը, բայց պետությունն այդ կերտման մեջ կառավարչի դերն է կատարում. հիմնական գործը կատարում է հասարակությունը:

Կարդացեք նաև

«Չեն կարող պետությունը, պետության ղեկավարը կամ ինչ-որ մի կառավարման ապարատ ամբողջովին պատասխանատվություն զգալ տնտեսության կերտման գործում: Յուրաքանչյուրս պետք է այդ պատասխանատվությունը զգանք, իհարկե, առաջնորդվելով այն քաղաքականությամբ, որը վարում է պետությունը: Ուրեմն` պետության վարած տնտեսական քաղաքականությունը պետք է այնքան արդյունավետ լինի, որ  դառնա մնացած քաղաքականությունների իրացման շարժիչ ուժը: Մեզ մոտ այդ կապը վաղուց կտրվել է: Չունենք այն հնարավոր հենարանը, որի վրա պետք է կարողանանք կառուցել մեր պետությունը, որովհետև ունենք թույլ տնտեսություն: Թույլ տնտեսության վրա պետություն չի կառուցվում»,- պարզաբանեց նա:

Տնտեսագետի կարծիքով`  մեր տնտեսությունն անընդհատ գտնվում է այնպիսի էքստրեմալ վիճակում, որ ցանկացած արտաքին ազդեցություններ կարող են էապես վնասել  նրան. «Դրա ամենավառ ապացույցը ռուբլու արժեզրկումն էր: Ռուբլին արժեզրկվեց, բայց  որևէ հանրապետություն, որը կապված է Ռուսաստանի հետ, այդքան արագ իր տնտեսական շոկերը չզգաց, որքան դա զգաց ՀՀ-ն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս