Նոր մեթոդի ներդրման դեպքում հնարավոր կլինի վերականգնել վթարի մեխանիզմը, որոշել բախված ավտոմեքենաների արագությունը…

Չեխիայում գործող դատական փորձագիտական ինստիտուտի ներկայացուցչությունը կբացվի նաև Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ ինքն է ղեկավարելու այդ ինստիտուտը, որն, ըստ նրա՝ կիրականացնի տարբեր, այդ թվում՝ ձեռագրաբանական, ավտոտեխնիկական փորձաքննություններ:

Փաստաբանի խոսքով՝ Եվրոպայում ավտովթարների գործով արդարադատությունը 180 աստիճանով տարբերվում է Հայաստանի վիճակից: Ըստ նրա՝ ի տարբերություն եվրոպական մի շարք երկրների, Հայաստանում նման գործերով դատավարությունները երկար են տևում: Նրա փոխանցմամբ՝ եվրոպական երկրներում համեմատաբար երկար կարող է տևել նախաքննությունը՝ 2-3 ամիս, ինչն էլ հիմնականում կապված է լինում փորձաքննությունների բարդության հետ:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Եվրոպայում նման գործերով դատավարությունների ընթացքում հիմնականում վիճարկվում է հասցված վնասի չափը և հազվադեպ է լինում, որ  դատավարության ընթացքում կողմերը վիճարկեն անձի մեղավորության կամ անմեղության հարցը: Փաստաբանի խոսքով՝ Հայաստանում փորձաքննության նման ձևի ներդրման արդյունքում դատապարտվելուց հետո ոչ ոք չի ասի, թե կառուպցիոն ռիսկեր են եղել: «Մարդկային գործոնը գրեթե զրոյացված է այս հանցագործության տեսակների բացահայտման ժամանակ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Չեխիայում գործող ինստիտուտի հիմնադիր Գուստավ Կասանիսկին ներկայացրեց մի շարք երկրներում օգտագործվող մեթոդը, որը, նրա խոսքով, հնարավորություն է տալիս վերականգնել վթարի մեխանիզմը, որոշել բախված ավտոմեքենաների արագությունը, որոշել, թե բախումից հետո ինչ ուղղությամբ և որքան են շարժվել ավտոմեքենաները, ավտոմքենաների՝ գլխիվայր շրջվելու դեպքում որոշել՝ ով է եղել մեքենայի ղեկին: Նա նշեց նաև, որ արդեն որոշ մեքենաների մեջ տեղադրված CDR համակարգը, որն արձանագրում է վթարին նախորդող պահին և դրանից հետո որոշակի տվյալներ, հնարավորություն կտա ամբողջությամբ վերականգնել վթարի մեխանիզմը:

Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ ծրագիրը ներդնելու համար իրավական խոչընդոտներ չկան: Նրա խոսքով՝ ծրագրի միջոցով 100 տոկոս ճշտությամբ հնարավոր կլինի կատարել դեպքի վայրի զննություն. «Մենք, օրինակ, ունենք՝ Վարդան Պետրոսյանի գործը, երբ քննիչը չէր գծել դեպքի վայրում եղած հետքերը, իսկ եթե այդ ամենը կատարվեր այս ծրագրի միջոցով, այսինքն՝ լուսանկարեր ամբողջ տեղանքը և այդ լուսանկարը գցեր ծրագրի մեջ, հետքեր չգծել հնարավոր չէր: Իսկ մենք ունենք մի շարք գործեր, երբ քննիչը սխալ չափս է նշում՝ դրա արդյունքում փոխելով մեղավորին և անմեղին՝ պայմանավորված նրանով, թե ում է պետք մեղավոր դարձնել: Ունենք դեպքեր, երբ տեղափոխում են, մահացած մարդուն նստեցնում ղեկի մոտ, կենդանի մարդուն նստեցնում կողքին և թերի կատարված փորձաքննության արդյունքում չեն պարզում այդ հանգամանքները: Ստացվում է, որ իրականում մեղավոր անձը ղեկին չի եղել: Այս ծրագրի ներդնելուց հետո հնարավոր հայեցողական չարաշահումները կվերանան»:

 

Տեսանյութեր

Լրահոս