Եթե ԵՏՄ-ին միանալու հարցը տնտեսական է, ինչո՞ւ պետք է այն քննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշ անդամներ չափազանց վիրավորված էին այն փաստից, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագրի հարցով գլխադասային էր ճանաչել Տնտեսական հարցերի հանձնաժողովին:

Տնտեսական հարցերի հանձնաժողովն էլ արդեն քննարկել էր այդ հարցը և դրական եզրակացություն տվել պայմանագրին: Իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ճանաչվել էր հարակից զեկուցող: Վիրավորանքն այնքան մեծ էր, որ հանձնաժողովի անդամ որոշ պատգամավորներ առաջարկում էին ընդհանրապես չքննարկել հարցը և եզրակացություն չներկայացնել: Նիկոլ Փաշինյանը, Գուրգեն Արսենյանը և Ալեքսանդր Արզումանյանը հայտարարում էին, որ եթե խորհրդարանի ղեկավարը համարում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը տնտեսական հարց է, ապա իրենց հանձնաժողովն ինչո՞ւ պետք է քննարկի այդ հարցը և եզրակացություն ներկայացնի հարցի վերաբերյալ:

Նույնիսկ կառավարության կողմից որպես զեկուցող՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին մասնակցելու համար եկել էր ֆինանսների նախարար Սուրեն Կարայանը: «Մի քանի միլիոն դոլար վարկ ստանալու հարցը բերվում է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման, իսկ որ Հայաստանը պետք է մտնի նոր ստեղծվող Սովետական Միության կազմ` համարում են տնտեսական հարց»,- ասում է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Մինչդեռ հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Արտաշես Գեղամյանը համարում է, որ այս հարցն իսկապես զուտ տնտեսական է, և մեջբերում դեռևս մայիսին ԵՏՄ պայմանագրի ստորագրման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետևյալ բառերը. «Մենք գործ ունենք միայն և միայն տնտեսական փաստաթղթի հետ»: Ըստ Գեղամյանի՝ Նազարբաևի այս հայտարարությանն իրենց համաձայնությունն են տվել նաև Ռուսաստանի և Բելառուսի նախագահները:

Կարդացեք նաև

Ի վերջո, արտահայտի՞ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն իր դիրքորոշումն այս պայմանագրի նկատմամբ, թե՞ ոչ, հարցը դրվեց քվեարկության: Հանձնաժողովի նիստին մասնակից 9 պատգամավորներից այս որոշմանը կողմ քվեարկեցին 5-ը, իսկ դեմ՝ չորսը: Հետաքրքիրն այն է, որ Գուրգեն Արսենյանը, ով պատրաստվում է կողմ քվեարկել պայմանագրի վավերացմանը, դեմ էր հանձնաժողովի կողմից դիրքորոշում արտահայտելու նախագծին, իսկ Թևան Պողոսյանը, ով պայմանագրի վավերացման փոքրաթիվ հակառակորդներից է՝ կողմ քվեարկեց նրան, որ հանձնաժողովը քննարկի այդ հարցը և հանդես գա սեփական դիրքորոշմամբ: Պողոսյանը, ով նաև ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ է և դեմ է քվեարկել այդ պայմանագրին դրական եզրակացություն տալուն, համարում է, որ հանձնաժողովում հարցի քննարկումից չպետք է խուսափել:

Բայց եթե քննարկեն և քվեարկեն, ապա անկասկած ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ դրական եզրակացություն կտա, քանի որ հանձնաժողովի 17 անդամներից միայն 3-4-ը դեմ կքվեարկեն դրական եզրակացություն տալու որոշմանը:

Հարցը քննարկելու մասով որոշում կայացնելուց հետո պատգամավորները ոչ թե անցան հարցը քննարկելուն, այլ որոշեցին հանձնաժողովի նիստն ընդհատել մինչև երկուշաբթի: Պատճառն այն էր, որ հանձնաժողովի անդամներն ընդունելու էին Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հեֆերնի հետ հանդիպումը տևեց երկու ժամից մի փոքր ավելի: Խոսե՞լ են արդյոք պատգամավորները Հեֆերնի հետ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի մասին, թե՞ ոչ՝ այդպես էլ հայտնի չդարձավ, քանի որ պատգամավորներն ասում էին, որ հանդիպումը փակ է եղել, և քննարկված հարցերն էլ գաղտնի են:

Բայց դժվար չէ կռահել, որ ոչ թե Հեֆերնն է փորձել հայ պատգամավորներին համոզել ԵՏՄ-ին միանալու աննպատակահարմարության մեջ, այլ որոշ հայ պատգամավորներ են փորձել Հեֆերնին համոզել, որ Հայաստանը պարտադրված է միանալ ԵՏՄ-ին, և ԱՄՆ իշխանություններն էլ պետք է ըմբռնումով մոտենան Հայաստանի որոշմանը: Ընդհանրապես պայմանագրի կողմնակից հայ պատգամավորների հիմնական փաստարկը հենց այլընտրանքի բացակայությունն է, որի իմաստն այն է, որ մենք շատ կցանկանայինք եվրոասոցիացվել, բայց դե, Ռուսաստանը մեզ չի թողնում:
Իհարկե, կան նաև բացառություններ. օրինակ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն ԱՄՆ դեսպանին է նվիրել իր հերթական գիրքը, որը վերնագրված է. «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է` հաղթել սանձելով պատերազմը»: Ըստ Գեղամյանի՝ գրքում կա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ լուսանկարը, և դրանով ամեն ինչ ասված է:

Տեսանյութեր

Լրահոս