Սպասվում է ձնառատ ձմեռ. առաջիկա ձմռան եղանակային կանխատեսումները

Բոլոր հավաքագրված գիտական նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա ձմռան ընթացքում՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին, օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ նշված երեք ամիսներին տեղումների քանակը նորմայից ավելի է սպասվում. «Այսինքն՝ գալիս ենք այն ենթադրության, որ այս տարի սպասում ենք մեր կլիմայական նորմայից ավելի տաք ձմեռ: Գործընթացները հիմնականում լինելու են հարավ-արևմտյան, Միջերկրական ծովի վրա զարգանալու են ցիկլոններ, և մեր ձմռան կլիմայական պայմանները ձևավորվելու են հենց Միջերկրական ծովից թափանցող տաք ցիկլոններով, ինչի արդյունքում ձմեռը Հայաստանում կլինի ձնառատ»:

Խոսելով հատկապես դեկտեմբեր ամսին սպասվող եղանակային կանխատեսումների մասին՝ Գ. Սուրենյանն ասաց, որ պայմանավորված արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ դեկտեմբերի առաջին տասնօրյակում Արարատի, Արմավիրի մարզերում, մայրաքաղաքում և Վայոց ձորի հովտային գոտիներում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև 8-10 աստիճան: Իսկ արդեն երկրորդ տասնօրյակում պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ՝ սպասվում է ջերմաստիճանի անկում գիշերը մինչև    -12-ից -15 աստիճան:

Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3-5 աստիճան տաքության սահմաններում, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում, երբ կներխուժեն ցուրտ օդային հոսանքներ, գիշերային ժամերին կդիտվի ջերմաստիճանի անկում մինչև -18-ից -23 աստիճան:

Լոռիում ամսվա առաջին տասնօրյակում օդը կտաքանա մինչև +5-ից +10 աստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին կդիտվի մինչև -15-ից -20 աստիճան ցուրտ: Տավուշում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև 7-ից 12 աստիճան տաքության սահմաններում, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում գիշերը կդիտվի ջերմաստիճանի անկում մինչև -10-ից -15 աստիճան: Սյունիքում ամսվա առաջին օրերին կդիտվի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև 10-15 աստիճան տաքության սահմաններում, ամսվա երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -7-ից-12 աստիճան:

Մայրաքաղաքում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկը օդը կտաքանա մինչև +8-ից +10 աստիճան, իսկ արդեն ամսվա երկրորդ տասնօրյակում, երբ կներթափանցեն արկտիկական ցուրդ օդային հոսանքներ, գիշերային ժամերին սպասվում է ջերմաստիճանի անկում մինչև -10-ից -15 աստիճան:

Օդերևութաբանները հատուկ հորդոր ունեն նաև գյուղատնտեսներին. տաք ձմեռ ասելով պետք չէ մտածել, որ ամբողջ ձմռան ընթացքում դիտվելու է միայն բարձր ջերմաստիճան: Չի բացառվում, որ ամբողջ ձմռան ընթացքում օդի ջերմաստիճանը բարձր լինի, սակայն երկու-երեք օր, պայմանավորված ցուրտ օդի ներթափանցմամբ, գիշերային ժամերին Արարատյան դաշտում դիտվի ջերմաստիճանի անկում մինչև -20 աստիճան. «Դրա համար բոլորին հորդորում ենք, որպեսզի կատարեն այգեթաղ և ցուրտ ներխուժումների ժամանակ չունենանք ցրտահարության դեպքեր»:

Համեմատություն անցկացնելով նախորդ տարվա հետ՝ Գ. Սուրենյանն ասաց, որ այս տարի, անցած տարվա նոյեմբերի հետ համեմատած, մենք ունենք բավականին շատ ձյուն. եթե անցած տարվա նոյեմբերի այս օրերին ձնածածկույթը լեռնային շրջաններում ընդամենը 6սմ էր, ապա ներկա պահին Արագած բարձր լեռնային գոտում, օրինակ, ունենք արդեն 1մ ձնածածկույթ. «Այս տարին բավականին ձնառատ է, և լեռնային շրջաններում բավականին ձյուն է կուտակվել: Սպասում ենք ձնառատ ձմեռ, որը բխում է մեր շահերից. մենք անցած տարի քիչ ձյուն ունեցանք, ջրային ռեսուրսները դրանից տուժեցին, ջրամբարները չլցվեցին, դրա համար Սևանա լիճն իջավ և ներկա պահին 5սմ-ով ցածր է անցած տարվա նույն օրվա համեմատ, իսկ եթե այսպես շարունակվի, մենք կունենանք բավականին լուրջ վարարումներ և ջրամբարներում՝ բավականին մեծ ջրի պաշարներ»:

 

Աստղիկ Իսկանդարյան

Տեսանյութեր

Լրահոս