Բաժիններ՝

ՎՊ-ի «պատժիչ ձեռքն» ու վերահսկողության շունչը

Ինչպե՞ս բարձրացնել կառույցի անկախությունն ու արդյունավետությունը

Հանրային ֆինանսների կառավարման համակարգում վճռորոշ դեր ունի արտաքին աուդիտը, որը բացահայտում է պետական միջոցների օգտագործման հարցում տեղ գտած թերություններն ու նպաստում հաշվետվողականության բարձրացմանը: ՀՀ-ում անկախ աուդիտորական բարձրագույն մարմինը Վերահսկիչ պալատն է, որի գործունեության հանդեպ հանրության հետաքրքրությունն առավել մեծացավ 2006 թվականին ՀՀ Սահմանադրությունում կատարված փոփոխություններից հետո, երբ ՀՀ վերահսկիչ պալատն ամրագրեց իր անկախությունը և եզակիությունն արտաքին աուդիտ իրականացնելու առումով: Երեկ միջազգային համաժողովում քննարկվեցին, թե ինչպե՞ս կարելի է էլ ավելի լավ ապահովել ՎՊ-ի անկախությունն ու հզորացնել արդյունավետությունը:

«Անկախությունն ու արդյունավետությունը իսկապես հռչակված նպատակային արժեքներ են, և մենք ձգտելու ենք դրանք կատարելագործել: Սակայն որևէ բարեփոխում չի կարող ինքնանպատակ լինել, այլ պետք է ընթանա երկրում իրականացվող բարեփոխումների համատեքստում»,- ասաց Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

VP-qnnarkum, Zaven Xachikyan (1)

Ըստ նրա՝ անցած տարիներին ՎՊ-ին հաջողվել է ուժեղացնել վերահսկողությունը, և պետական ռեսուրսների կառավարման և օգտագործման գործում արդեն զգացվում է զգոնություն և ուշադրություն: Ի.Զաքարյանի խոսքով՝ չկա ոլորտ, որտեղ ՎՊ-ն վերահսկում իրականացրած չլինի: Նա նշեց, որ այսուհետ ՎՊ աշխատանքներն ուղղված են լինելու պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ու կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը: Նա կարևորեց անհանդուրժողական հասարակական միջավայրի առկայությունը, որը թույլ չի տա, որ կոռուպցիոն ռիսկերը լինեն շարունակական:

«Վերահսկիչ պալատն ունի բարեփոխումների իր տեսլականը, ՎՊ-ն պատժիչ ձեռք չէ,- նկատեց Ի.Զաքարյանն ու հավելեց,- Վերահսկողության շունչը բոլորը պետք է զգան: Ազդեցիկ է այն վերահսկողությունը, որը նպաստում է գործերի լավացմանն ու առողջացմանը: Սա է հիմնական առաքելությունը»:

Ի.Զաքարյանի դիտարկմամբ՝ նախկինի ռևիզիոն մեթոդները մնացել են անցյալում, ՎՊ-ն որդեգրել է Աուդիտորական բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքները և հավատարիմ է այդ արժեքներին. «Ներկա փուլում ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ կարելի է լավագույնս օգտագործել ՎՊ-ի բարեփոխումների համար»:

Verahskich9

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքով՝ աուդիտի բարեփոխումները գերագույն կարևորություն ունեն ԵՄ-ի համար. «ՀՀ-ի հետ երկխոսության շրջանակներում մեզ անհրաժեշտ է ուժեղ ՎՊ, որը կգործի ԵՄ հարևանության քաղաքականության միջոցառումների ծրագրի ցուցանիշերի շրջանակում: Սա առնչվում է ԵՄ-ի կողմից ՀՀ-ի բյուջեին օժանդակության աշխատանքների հետ: Պետական շղթայի կատարելագործումը հույժ կարևոր է, որ ԵՄ-ն շարունակի հատկացնել բյուջետային աջակցության դրամաշնորհի գումարները՝ որպես հիմք ընդունելով ընթացիկ բարեփոխումները արդարադատության, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Կարիք կա արագացնելու բարեփոխումները՝ ՀՀ նախաձեռնած այլ հռչակագրերին համահունչ: Անկախ աուդիտի մարմինը կօժանդակի ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում»: Տ.Հրիսթեան հայտարարեց, որ ԵՄ պատվիրակությունը պատրաստ է օժանդակել ՎՊ-ին և հայաստանյան կառույցներին երկարաժամկետ հատվածում, սակայն անհրաժեշտ է շարունակել գնալ բարեփոխումների ուղիով:

Verahskich

ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանն իր ելույթում նկատեց, որ մինչ օրս ՎՊ ծրագրերը հաստատվում են Ազգային ժողովի կողմից, սակայն կառույցի անկախության բարձրացման տեսանկյունից այդ «ավանդույթը» պետք է փոխվի:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը գտնում է, որ հարցը քննարկման կարիք ունի. «Անկեղծ ասած, ես էլ եմ կարծում, որ ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթի մեջ պետք է նշվեն ստուգումները: Կոնկրետ թե ով պետք է որոշի` որտեղ է ստուգվելու, դա պետք է որոշի ՎՊ-ն, կարծում եմ: Դա ինչ-որ տեղ պետք է արձանագրվի, որպեսզի կանխատեսելիությունն ապահովվի: Բայց որոշումը պետք է կայացնի ՎՊ-ն»:

Verahskich8

Նա հույս հայտնեց, որ ՎՊ-ի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կդառնա 2018-ից ծրագրային բյուջետավորման ներդրման արդյունքում, հատկապես ոչ ֆինանսական՝ որակական ցուցանիշերի մասով. «Ստուգումների արդյունքում գնահատականներ են տրվում, որ սուբյեկտիվ են, կոնկրետ ստուգողի գնահատական են, իսկ ծրագրայինի դեպքում ԱԺ-ի կողմից հաստատվելու են ծրագրերը թե՛ քանակական, թե՛ որակական ցուցանիշերով»:

Համաժողովի մասնակից ՎՊ աշխատակիցները հարց բարձրացրին կառույցի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին, ինչը, ըստ նրանց, էապես կնպաստի ՎՊ անկախության և արդյունավետության բարձրացմանը: Աուդիտորական մասնավոր ընկերություններում աշխատավարձերն անհամեմատ բարձր են, հետևապես՝ կադրային հոսքն անխուսափելի է, իսկ որակյալ վերահսկում իրականացնելու համար հարկավոր են որակյալ կադրեր:

VP-qnnarkum, Zaven Xachikyan (4)

«Ես կարևորում եմ ՎՊ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում»,- արձագանքեց Պ. Սաֆարյանը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն/ՍԻԳՄԱ-յի ներկայացուցիչ Ֆիլիպ Դանքոմբը նշեց, որ զարգացած երկրներում աուդիտորական բարձրագույն մարմինների աշխատակիցների վարձատրությունը շատ բարձր է, և դա էապես նպաստում է կառույցների անկախությանը: Նա կարևորեց կադրերի կարողությունների զարգացումն ու շարունակական կատարելագործումը:
«ՎՊ-ն կարելի էր ավելի անկախ դարձնել: Հարկավոր է աուդիտի համաշխարհային փոփոխություններին համաքայլ ընթանալ»,- հավելեց Ֆ. Դանքոմբը:

Լուսանկարները՝ ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս