Սակավարյունություն ունեցող քույրն ու եղբայրը չեն կարողանում աշխատանք գտնել. hetq.am
hetq.am-ը գրում է. Քույր ու եղբայր Կարինե և Արմեն Կամբուլյանների մոտ առկա է հեմոլիտիկ սակավարյունություն: Նրանք բուժում են անցնում Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Բժիշկները զգուշացրել են, որ պետք է հետազոտություն անցնեն ամեն ամիս: Ֆինանսական սղության պատճառով այդ հետազոտությունները հետաձգվում են ամիսներով:
Կամբուլյանների ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Պտղավան գյուղում: Կարինեի և Արմենի փոքր եղբայրը նույն հիվանդության պատճառով մահացել է 2003 թ.-ին:
«Ցույց էր տալիս՝ մամա կոկորդս ցավում ա, մինչև բժշկի հասցրեցի…», – խոսքը կիսատ է թողնում նրանց մայրը՝ Ռիտա Երիցյանը:
Այս հիվանդության հետևանքով արյան ճնշումը սովորաբար ցածր է լինում, նոպաների ժամանակ մարմինը միանգամից թուլանում է, վերջույթներն անզգայանում են, սկսում են շնչակտուր լինել:
22-ամյա Արմենն ու 20-ամյա Կարինեն արդեն շուրջ 14 տարի է` պարբերաբար դեղեր են ընդունում: Հիվանդության հետևանքով նրանք չեն կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել: Կարինեն օգնում է մորը տան թեթև գործերում, իսկ Արմենն իրենց հողամասում է «թեթեւ» գործեր անում: Ոչ հետևողական հետազոտությունների արդյունքում նրանց մոտ հաճախ են նոպաներ լինում: Արմենին և Կարինեին անհրաժեշտ է պարբերաբար արյան փոխներարկում կատարել:
«Ինձ ասել են՝ գոնե 3 ամիսը մեկ էրեխեքին բեր ստուգման, բայց ես չեմ կարում: Երևանում էլ մնալու տեղ չունեմ, հարզատ չունեմ, – ասում է Ռիտան, – էն ա` ես տանում եմ էն մոմենտին, արդեն որ ձեռիցս էրեխան գնում ա: Էդ պահին սկոռի կամ ավտո եմ բռնում, տանում: 20 հազար տալիս եմ տանում են, նույն գնով էլ բերում եմ: Շուտ-շուտ պետք ա տանեմ, բայց ես շուտ-շուտ չեմ կարում»:
Անահիտը գյուղի վարորդներին խնդրում է իրենց հասցնել Երևան՝ խոստանալով, որ հետ գա, կաշխատի, գումարը կվճարի: Նոպաների ժամանակ նրանց անհրաժեշտ է ներարկել «Desferal» դեղը, որը Հայաստանում մեծ դժվարությամբ է ձեռք բերվում: Ռիտան այդ դեղը ձեռք է բերում «ձեռքի վրայից», ասում է, որ նման հիվանդություն ունեցող երեխաների ծնողներով իրար հետ կապի մեջ են և հարկ եղած դեպքում` միմյանց օգնում են դեղերով:
«Ասում են՝ Իրանից, Թուրքիայից բերում են էդ դեղերը: Չգիտեմ՝ խի էդ հիվանդները էստեղ կան, բայց էդ դեղը չի ճարվում, – ասում է Ռիտան,- կարող ա էդ դեղն էժան դեղ ա, ես չգիտեմ, բայց ես 20 հազարով եմ ձեռք բերում մեկ ներարկման համար»:
Արմենի և Կարինեի հիվանդության թոշակը 15 հազարական դրամ է, որը չի բավականացնում անգամ իրենց դեղերին: Արյունաբանական կենտրոնում զգուշացրել են, որ եթե երեխաների արյան տոկոսը 40%-ից իջնում է, ապա նրանց պետք է շտապ հիվանդանոց հասցնել: Արմենի և Կարինեի դեպքում պատահել է, որ այն հասել է 25%-ի և ավելի ցածր:
«Էն անգամ էլ, որ վատացել էին, տարել էի, վրաս խոսացին՝ ասացին դու մայր չես, էս չես, էն չես: Մայր եմ, բայց ի՞նչ անեմ», – ասում է Ռիտան:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: