Դրամի արժեզրկման հետևանքով մոտենում ենք պետական պարտքի թույլատրելի առավելագույն շեմին. փորձագետ
Մեր զրուցակիցն է անկախ փորձագետ, Թուլեյնի համալսարանի բիզնես-կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանը:
– Պարոն Քյուրումյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հայտարարությունը, որ դրամի արժեզրկման հետևանքով 2015 թ. պետական պարտքի սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ 8.8 մլն դոլար գումարը վճարվելու է ոչ թե պետբյուջեից, այլ առաջացած կորստի ռիսկն իր վրա է վերցնելու Կենտրոնական բանկը:
– Այդ մեխանիզմը տարիների ընթացքում մշակված է, ԿԲ-ն կառավարության հետ տարվա սկզբում պայմանագիր է կնքում, որ տարվա ընթացքում կառավարության պարտքի հետ կապված բոլոր գործառնությունները բյուջեում ֆիքսված տոկոսադրույքներով են վճարվելու: Այսինքն, եթե շուկայում ինչ-որ փոփոխություն տեղի ունենա, դա չի ազդի պետական բյուջեի վրա, այլ կազդի Կենտրոնական բանկի վրա: Բայց, իհարկե, անուղղակի ձևով ազդում է պետբյուջեի վրա, որովհետև, ի վերջո, եթե տարվա վերջում գործունեության արդյունքում ԿԲ-ն շահույթ ունենա, դա պետք է փոխանցի պետական բյուջե, որն արդեն մի քանի տարի է, չկա: Այնպես որ, ամեն դեպքում անուղղակի ձևով ազդում է պետբյուջեի վրա:
– Իսկ ԿԲ-ն ի՞նչ միջոցներից է վճարում:
– ԿԲ-ն արտաքին պահուստների կառավարմամբ է զբաղվում ու հենց այդ պահուստներից էլ վճարում է պետական պարտքի համար:
– Այսինքն, հնարավոր է, որ նախորդ տարիներին ԿԲ-ն շահե՞լ է:
– Շահել է, չի շահել՝ դժվար է ասել: ԿԲ կայքում հրապարակվում են ԿԲ հաշիվները և այս տարվա համար 1 դոլարը ֆիքսված էր 410 դրամ: Այսինքն, եթե ԿԲ-ն կառավարության համար գործարք է կատարում 410-ով, ապա, իհարկե, ինքը հնարավորություն ուներ դա շուկայում վաճառել 430 դրամով, բայց ստիպված է կառավարության վրա 410-ով հաշվել պարտավորությունը կատարելու ժամանակ: Դա զուտ հաշվարկային խնդիր է և արտացոլվում է ԿԲ հաշիվներում:
– Այսինքն՝ ԿԲ–ն հաջորդ տարի ՀՀ արտաքին պարտքի սպասարկման ու մարման համար բավականին գումար ի՞ր միջոցներից պետք է հատկացնի, եթե, իհարկե, փոխարժեքը նորից չիջեցնի, չկայունացնի:
– Դրանք ՀՀ արտարժութային պահուստներնեն, որոնք տրված են ԿԲ-ին կառավարման համար: ԿԲ-ն է կառավարում և այդմիջոցներից պետք է կատարվեն կառավարության պարտքի գծով վճարումները: Իհարկե, եթե այդ գումարները պարտքին չուղղվեին, ապա կարելի էր շուկա հանել և վաճառել այսօրվա դրությամբ ավելի բարձր գնով: ԿԲ-ն և ֆինանսների նախարարությունը համաձայնագիր են կնքում, որ հաջորդ տարի միայն պարտքի հետ կապված գործարքները, ոչ բոլորը, այդ փոխարժեքով են կատարվելու (2015թ. համար 411 դրամ):
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ փոխարժեքը նորից իջեցվի ու գա հին մակարդակին:
– Այդտեղ մի շարք գործոններ են ազդելու՝ տրանսֆերտները, արդյոք կառավարությունը նոր միջոցներ կներգրավի, թե ոչ: Եվ հետո, արդեն պարտքի 50%-անոց շեմին բավականին մոտ ենք: Շեմի վրա ազդում է նաև փոխարժեքի աճը: Այսինքն, եթե փոխարժեքը փոխվում է, դրամային արտահայտությամբ այդ պարտքն ավելի մեծ է դառնում ու, քանի որ ՀՀ ՀՆԱ-ն էլ դրամով է արտահայտված, ապա ՀՆԱ-ում պարտքի տեսակարար կշիռն ավելի կմեծանա: Այսինքն, մի շարք գործոններ են ազդելու դրա վրա, այդ թվում՝ թե ինչքան դոլար կմտնի երկիր: Կանխատեսվում է, որ դոլարի հոսքը պակասելու է, մասնավորապես, տրանսֆերտները նվազում են, նաև մետաղների, պղնձի շուկաներում գների անկում է լինելու: Դա նշանակում է, որ դոլար ավելի քիչ կգա, քան սպասվում էր կամ եկել էր նախորդ տարի:
Մյուս կողմից, վճարումները մնալու են նույն մակարդակի վրա, ինչքան որ կառավարությունը պարտավորություններ ուներ: Արտաքին պարտքի գծով՝ թե´տոկոսների, թե´պարտքի մարման հետ կապված, դոլարի արտահոսքը մի քիչ կարող է նվազել, եթե ներմուծումը կրճատվի: Կանխատեսվում է, որ 2015-ին տնտեսական ակտիվությունը բարձր չի լինելու և կարող է ներմուծումը կրճատվել: Դրանով պայմանավորված՝ դոլարի արտահոսքը կնվազի, բայց այդ գործոնների ազդեցությամբ դժվար թե փոխարժեքն իջնի, հատկապես երբ այդ հաղորդագրությունները անընդհատ կան, որ ԿԲ պահուստները նվազում են, այսինքն՝ավելի քիչ միջոց կա դրամը ինչ-որ մակարդակի պահելու համար:
– Փոխարժեքի տատանումը հարկերի վրա ինչպե՞ս կազդի, կավելանա՞ն հարկերը:
– Հարկերի ավելացում, իհարկե, կլինի:
– Եվ այդ ավելացումը գնալու է բյուջե և ոչ թե ԿԲ:
– Այո, ամբողջը բյուջե է գնալու: Իհարկե, փոխարժեքի բարձրացումը հարաբերականորեն մի քանի դրական ազդեցություն կունենա, մասնավորապես՝ տրանսֆերտները դրամային արտահայտութամբ ավելի շատ կլինեն, որոշակի դրական ազդեցություն կլինի հարկերի վրա և այլն: Բայց կլինեն նաև բացասականները դժվար է ասել, թե որն ավելի մեծ կլինի: Ես չեմ կարծում, որ փոխարժեքը կվերադառնա հի նմակարդակին, գուցե կարճաժամկետ նվազում լինի, բայց երկարաժամկետ՝ ոչ:
– Սա հիշեցնում է 2009 թ. մարտի 3-ը: ԿԲ-ն նման իրավիճակում մեղավո՞ր է, թե՞ոչ:
– Այսինքն՝ ԿԲ-ն ի՞նչ պիտի աներ: Գոնե պաշտոնական հայտարարություններով, փոխարժեքի նպատակային ցուցանիշ ԿԲ-ն չունի: Այդ ամեն ինչը որոշվում է նրանով, թե որքան արտարժույթ է մտնում երկիր, որքան է դուրսգալիս: ԿԲ-ն այնքան էլ ազդեցություն չունի մտնող ու դուրս եկող դոլարի քանակի վրա: Այդ առումով չեմ կարծում, թե ԿԲ-ի մեղավորությունը կա: Եթե հանկարծ պարզվի, որ ԿԲ-ն փորձում էր փոխարժեքը պահել, այդ դեպքում այլ հարց է: 2008-ի վերջին 2009-ի սկզբին փոխարժեքն ամեն օր 305-ի վրա ֆիքսված էր: Այդ ժամանակ հաստատ փորձում էին պահել փոխարժեքը: Եթե այդ ժամանակվա ցուցանիշները նայեք, կտեսնեք, որ փոխարժեքը ֆիքսված էր: Իսկ շուկայում այդպես չի լինում, միշտ տատանվում է: Հիմա նման բան չկա, փոխարժեքը տատանվում է: Եվ կարող է դեկտեմբերին մարդիկ վերադառնան արտագնա աշխատանքից, Նոր տարվա հետ կապված ծախսերի համար դոլար փոխանակեն, ու փոխարժեքը կարճաժամկետ ընկնի, բայց չեմ կարծում, թե լուրջ կընկնի: