Տիգրան Կարապետյան. Ոչ իշխանական ուժերի լիդերը Գագիկ Ծառուկյանն է

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 17-ին Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել էր, որ իր գլխավորած կուսակցությունը միանում է ոչ իշխանական երեք ուժերին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և «Ժառանգությանը»: Դրանից հետո տեղի էր ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Տիգրան Կարապետյանի հանդիպումը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին մեկ անգամ ևս հաստատեց կուսակցության առաջնորդը:

Տիգրան Կարապետյանի խոսքով` եռյակն իսկապես դառնում է համաժողովրդական շարժում, քանի որ տասնյակ կուսակցություններ են միավորվում. «Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ երբեք չի եղել Հայաստանում: Ամբողջ դաշտը փորձում է միանալ, մեկ միավոր դառնալ: Սա շատ լավ է, մինչև տարեվերջ նաև հանրահավաքներ ենք անելու, որից մեկը կլինի մշտապես, այսինքն` ամեն օր երթեր ու հանրահավաքներ կլինեն: Դեկտեմբերի 10-ին ես ևս լինելու եմ հանրահավաքին»:

Ըստ Տ. Կարապետյանի` շարժումը կարողացել է համախմբել տարբեր կարծիքներ մեկ խնդրի շուրջ, մնում է միայն, որ լիդերները` կուսակցությունների ղեկավարները, իրենց ամբիցիաները մի կողմ դնեն և մտածեն ինչպես իրականացնել ժողովրդի երազանքը. ձեռք բերել արդար իշխանություն և բարեկեցություն:

Տ. Կարապետյանն ասաց, որ շատ գոհ է, շատ ոգևորված, մանավանդ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո, ով ահագին հույսեր է ներշնչել իրեն: Մնում է ժողովուրդը պատրաստ լինի փոփոխությունների. «Եթե ժողովուրդը պատրաստ լիներ, հանրահավաքները շարունակական կլինեին: Ժողովուրդը մի հանրահավաքին գալիս է մեծ քանակով, մյուսին գալիս է ավելի պակաս: Չեմ կարծում, որ դրանում եռյակն է մեղավոր»:

Կարդացեք նաև

Տ. Կարապետյանն անձամբ գտնում է, որ ոչ իշխանական ուժերի լիդերը Գագիկ Ծառուկյանն է, քանի որ նրա ռեսուրսը, նրա ներդրած լուման ժողովրդի համար շատ ավելի մեծ է. «Չնայած անձամբ ինքը` Գագիկ Ծառուկյանը, ասում է, որ բոլորս հավասար ենք, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը համախմբված չէ նրա շուրջ: Ես գտնում եմ, որ դա է իրականությունը: Այսօր համաժողովրդական շարժումը, որը համախմբվել է եռյակի շուրջ, ռեալ ուժ է, և որևէ այլ մրցակից այդ ուժին ես չեմ տեսնում ո՜չ ներկայիս դրությամբ, ո՜չ էլ ապագայում»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս