Բաժիններ՝

Անուշ Ասլիբեկյանը՝ իր նոր ժողովածուի մասին. «Բոլոր պատմվածքների միջով կարմիր գծով անցնում է հայի ճակատագրի թելը»

Լույս է տեսել արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի «Մոյրաների նոթատետրից» նոր ժողովածուն:

Անուշ Ասլիբեկյանի «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն հեղինակի երկրորդ գիրքն է, որտեղ ընդգրկված են 11 պատմվածք և մեկ վիպակ: Ինչպես նախորդ՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուում, այնպես էլ այս նոր ժողովածուում հեղինակն առաջադրում է իր ուրույն ձեռագիրն ու գեղագիտությունը: Գիրքն արդեն իսկ մեծ հետաքրքրություն և սպասում է առաջացրել Ասլիբեկյանի ընթերցողների շրջանակում, հատկապես այն ընթերցողների, որոնք պարբերաբար ներկա են եղել այս տարվա ընթացքում գրականագետ Անի Փաշայանի կողմից նախաձեռնված՝ գրողի հետ մի շարք հանդիպումների և ժողովածուում ընդգրկված մի քանի ստեղծագործությունների ընթերցում-քննարկումներին: Ա.Սսլիբեկյանի առաջին ժողովածում սպառված է ամբողջությամբ: Նրա «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի բեմադրությունը մասնակցել է մոտ 15 միջազգային փառատոների՝ մշտապես արժանանալով օտարազգի և հայ հանդիսատեսի հիացմունքին և մի շարք մրցանակներ բերելով:

Anush-Qristik

Հարցին, թե ինչո՞ւ կարդալ «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն, պատասխանը հետևյալն է. «Այն անմիջականորեն մեր՝ հայերիս մասին է: Բոլոր պատմվածքների միջով կարմիր գծով անցնում է հայի ճակատագրի թելը, որ կապում է ժամանակները, իրադարձություններն ու իրողությունները: Պատմվածքում ներկայացված են մարդկային ամենաբազմազան տեսակները՝ Հայաստանի պատմության ամենատարբեր փուլերում՝ 20-ականներից մինչև մեր օրերը: Այդ հերոսների մեջ դուք կհանդիպեք անցած դարասկզբի փայլուն մտավորականների, հայ հանճարեղ գրողին, դահճին, բոմժին, արհեստավորին և չինովնիկին, ներգաղթած «աղբարին» և իր հայրենիքը դրսում որոնող մեր հայրենակցին: Այն ամենն, ինչի մեջ մենք ենք, ինչն անբաժանելի է մեր կյանքից և ինչի հետ մենք կապված ենք նույն ճակատագրի թելով»:

Կարդացեք նաև

Anush-Qristik256

Երբ գիրքը դեռ նոր պետք է տպարան մտներ, Անուշն իր ընթերցողներին մի հարց ուղղեց, թե ինչպիսի՞ն են նրանք տեսնում ապագա գրքի շապիկի ձևավորումըգ Այդ հարցին հաջորդեց կարծիքների տեղատարափ: Սակայն, երբ մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը հեղինակին փոխանցեց իր առաջարկած շապիկի տարբերակը, Անուշն անմիջապես հայտարարեց, որ շնորհակալ է բոլորին, սակայն պատասխանն արդեն գտնված է: Մեր դիտարկմանը, որ գրքի շապիկի կնոջ նկարը նման է իրեն, Անուշը ժպիտով նշեց, որ էլի են նմանեցրել նրան շապիկի հերոսուհու հետ, սակայն դա դիտավորյալ արված քայլ չէ:

Anush-Qristik223

Մեր հարցին, թե` երբևէ Ձեզ չեն մեղադրել Ֆեյսբուքի միջոցով սեփական ստեղծագործությունները գովազդելու մեջ, հեղինակն ամենայն անկեղծությամբ պատասխանեց. «Ես գովազդ ասվածից կիլոմետրերով հեռու եմ: Բայց ես հետամուտ եմ իմ գործին, հավատում եմ իմ արածին, հավատում եմ, որ այն, ինչ ես գրել եմ՝ հետաքրքիր է իմ ընթերցողին: Միակ բանը, որ անում եմ՝ տեղեկացնում եմ իմ ընթերցողին: Եվ դա նաև պետք է անեն լրագրողները, որ հետո չծագի հարց՝ բա ո՞ւր են ընթերցողները, գրողները, կա՞ գրականություն, թե՞ չկագ: Որպեսզի այդ հարցադրումներն իսպառ վերանան, պետք է կապը լինի գրողի և ընթերցողի միջև: Ես գրում եմ և դնում եմ իմ գրածն ընթերցողիս ուշադրության կենտրոնում: Լսում եմ նրանց խոսքը, մեկնաբանությունները, ինչո՞ւ ոչ՝ նաև դիտողությունները»: Գիրքը վաճառքում է հայտնվել շնորհանդեսի օրը՝ այսօր, որից հետո այն արդեն կլինի նաև մայրաքաղաքի գրախանութներում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս