Քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի մոտակայքում ջրատար խողովակները փոխելու հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները (14.11.2014թ. «Հրապարակ» օրեթերթ՝ «Աշտարակի մոտ նոր ՀԵ՞Կ են կառուցում», 15.11.2014 «armlur.am» լրատվական կայք՝ «Ժանգոտված խողովակներով ջրագիծ են փոխում»):

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց համապատասխան հիմքերի «Ագաթ 777» ՍՊ ընկերությանը Աշտարակ քաղաքը սնող «Արտաշավանի» ջրատարի փոխարինման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարության թույլտվություն տրամադրելով, առերևույթ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչը առերևույթ էական վնաս է պատճառել պետության օրինական շահին:

«Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենն, իր հերթին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հետ կեղծ ամսագրման եղանակով առերևույթ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող  համաձայնագիրը` կեղծողների կողմից այն օգտագործելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչությունը, նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից նախապատրաստված նյութերն առերևույթ քրեական գործ հարուցելու հիմքեր են պարունակում, որոշում է կայացրել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի ու «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենի կողմից իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ:

Տեսանյութեր

Լրահոս