Դրամի անկումը. տխրե՞լ, թե՞ ուրախանալ
Դոլար-դրամ փոխարժեքի երեկվա տատանումն ու դրան հաջորդած ԿԲ հայտարարությունը մի անեկդոտ են հիշեցնում։ Մեկը փողոցում պատահաբար հանդիպում է ընկերոջը, ով տխուր ու ընկճված է լինում։ Հարցնում է` հո բան չի՞ եղել։ «Ի՞նչ պիտի լինի սրանից ավելի. 40 տարեկան եմ, բայց գիշերները տակս եմ միզում»։
Ընկերը խորհուրդ է տալիս գնալ հոգեբանի մոտ։ Մեկ ամիս հետո նորից են հանդիպում, այս անգամ գիշերամիզությամբ տառապող ընկերն ուրախ է լինում։ «Գնացի՞ր հոգեբանի մոտ, օգուտ տվե՞ց, էլ տակդ չե՞ս միզում»։ «Միզում եմ։ Բայց հիմա ես դրանով հպարտանում եմ»,- պատասխանում է ընկերը։
Հիշեցնենք, որ ամերիկյան դոլարը երեկ «Նասդաք Օէմէքս Արմենիա» բորսայում գնվել է 435 դրամ միջին փոխարժեքով։ Մեկ օրվա ընթացքում դոլարը թանկացել է 4,07 տոկոսով կամ 17 դրամով։ Սա ոչ թե պարզապես տատանում է, այլ շատ ավելի լուրջ բան, որը կարող էր ֆինանսական շուկայում խուճապի պատճառ դառնալ։ Դրա համար ԿԲ-ն երեկ հարկ է համարել հանդես գալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Կենտրոնական բանկը` խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»:
Բավականին հետաքրքիր իրավիճակ է։ Վերջին 1 ամսվա ընթացքում ԿԲ-ն պայքարում է դրամի կտրուկ արժեզրկման դեմ, դոլարի նկատմամբ պահանջարկը բավարարելու համար վաճառում շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար։ Հետո թույլ է տալիս, որ դրամն ընկնի, ու համոզում, որ դրանից տնտեսությունը միայն կշահի։ Միգուցե և այդպես է, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ դրամին թույլ չէին տալիս ավելի շուտ հանձնվել` հող նախապատրաստելով տնտեսական աճի համար։
ԿԲ-ն այս հայտարարությամբ նաև փորձում է կանխել խուճապը. այս կտրուկ տատանումն անվանում է «ճշգրտում» և հավաստիացնում, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը գտնվում է կայունացման տիրույթում:
Եվ վերջապես, ԿԲ-ն ասում է, որ կտրուկ տատանումները ֆորսմաժորային զարգացումների արդյունք են։ Այսինքն` փակում է այն մարդկանց բերանը, որոնք կարող են ԿԲ-ին մեղադրել ոչ կոմպետենտության մեջ։
Մի խոսքով` ստացվում է, որ Կենտրոնական բանկը կառավարությանը նվեր մատուցեց` թույլ տալով աշխուժացնել տնտեսությունն ու, մասնավորապես, արտահանող հատվածը։
Ցանկության դեպքում, սա կարելի է ներկայացնել ոչ թե նվեր, այլ պատասխան քայլ։ Որովհետև Կառավարությունն էլ, իր հերթին, նվեր է մատուցել ԿԲ-ին` գնաճի հետ կապված։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարի գնաճը բավականին թույլ է։ 2014թ. սեպտեմբերի վերջին 12-ամսյա գնաճը (նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ) կազմել է 1.5%: Գների կայունության ապահովումը Կենտրոնական բանկի գլխավոր գործառույթն է, որն ամրագրված է Սահմանադրությամբ և օրենքներով։ Սակայն պարզվում է` ցածր գնաճի համար պարտավոր ենք ոչ թե
ԿԲ-ին, այլ տնտեսության տխուր վիճակին։ Այդ մասին նշում է հենց ՀՀ Կենտրոնական բանկը` օրեր առաջ հրապարակված «Գնաճի հաշվետվության» մեջ։
«2014 թ. անցած ինն ամիսների ընթացքում 12-ամսյա գնաճի նվազումը առավելապես պայմանավորվել է ներդրումների ցածր մակարդակի և մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղման պարագայում տնտեսական աճի ցածր տեմպերի պահպանմամբ և պարենային որոշ ապրանքների գների զգալի նվազմամբ:
Այսպես` 2014 թ. անցած 3 եռամսյակների ընթացքում գրանցվել է 0.8% գնանկում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.2% գնաճի փոխարեն, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը 2014 թ. սեպտեմբերի վերջին նվազել է մինչև 1.5%` գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ներքև»,- նշվում է փաստաթղթում:
Ստացվում է, որ կառավարությունը, չկարողանալով ապահովել տնտեսական ակտիվություն ու ներդրումների աճ` իր կամքից անկախ` լուծել է այն խնդիրը, որը պետք է լուծեր Կենտրոնական բանկը. նպաստել է գների ցածր մակարդակին։
Եթե ամփոփենք այս ամենը, ապա ստացվում է, որ կառավարությունը ցածր տնտեսական ակտիվության միջոցով ապահովում է ցածր գնաճ (հօգուտ ԿԲ-ի), ԿԲ-ն էլ որպես երախտագիտություն` թույլ է տալիս, որ փոխարժեքը ճշգրտվի, և տնտեսությունն ակտիվանա։
Կարճ ասած, գործում է «Դու` ինձ, ես` քեզ» բանաձևը։
Մնում է միայն սպասել, համոզվելու համար` փոխարժեքն իրոք ճշգրտվա՞ծ է, թե՞ դրամը շարունակելու է ավելի թուլանալ։ Իսկ դրանից հետո` արդեն հաջորդ տարվա համար, գնահատել, թե ի՞նչ շահեց ՀՀ տնտեսությունն այս հզոր ճշգրտումից։