Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների խնդիրները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր կայացել է Հայաստանի ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների խնդիրների քննարկում, որը վարել է նախարար Կարեն Ճշմարիտյանը: Քննարկում-հանդիպմանը մասնակցել է ոլորտային 24 ընկերության ներկայացուցիչ:
«Մեր նպատակն է վեր հանել այս ոլորտների զարգացման խոչընդոտներն ու ձեզ հուզող հարցերը` փորձելով գտնել դրանց լուծման ու ոլորտի զարգացման ուղիները», – ասել է Կարեն Ճշմարիտյանը և նշել, որ նախարարությունը պատրաստ է լսել ոլորտի ներկայացուցիչների առաջարկները:
Նախարարը նկատել է, որ Հայաստանում ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների գործունեությունը խթանելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով 2013-ին ընդունվել է զարգացման ռազմավարություն և գործողությունների ծրագիր, որի շրջանակներում իրականացվել և իրականացվում են մի շարք ծրագրեր:
Ոլորտի ներկայացուցիչները հիմնականում բարձրացրել են հարկերի հետ կապված խնդիրներ: Առաջարկ է հնչել ոսկեգործության և թանկարժեք քարերի ոլորտում Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) շեմը 58 միլիոնից բարձրացնել: Նախարարի հարցին` կա արդյո՞ք հաշվարկ, թե որ ծավալից սկսած ԱԱՀ շեմը կարող է ընդունելի և եկամտաբեր լինել ընկերությունների համար, շատերը դժվարացել են պատասխանել, ոմանք էլ նշել են 120 կամ 150 մլն-ի ծավալը:
Կողմերը խոսել են նաև շրջանառության հարկի մասին օրենքից, որի վերաբերյալ նախարարը նկատել է, որ այն դեռ քննարկումների փուլում է, և դրա հետ կապված հարցերը պարզ կլինեն փետրվարից հետո:
Կարեն Ճշմարիտյանը ներկաներին ևս մեկ անգամ տեղեկացրել է իրականացվող աշխատանքների, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների մասին: Ներկաներին հուզող հարցերի վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել գերատեսչության աշխատակիցներին` դրանց լուծման համար սահմանելով որոշակի ժամկետներ: