Աշոտ Մանուչարյան. Ուղղաթիռի հետ այս դեպքը համարում եմ պատահականություն
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը պատահականություն է համարում միջազգային աղմուկի պատճառ դարձած ուղղաթիռի դեպքը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Այսօրվա ասուլիսում խոսելով նոյեմբերի 12-ին ադրբեջանական ուժերի կողմից հայկական ՄԻ-24 ուղղաթիռի խոցման մասին` նա կարծիք հայտնեց, թե հայկական երկու ուղղաթիռներն էլ պատահական են այդ օրը սահմանին մոտ թռչել:
«Երկու տարբերակից մեկը. մոտավորապես 1 տարի առաջ, երբ սկսվեցին ուկրաինական դեպքերը, ես հայտարարեցի, որ Ռուսաստանը պատրաստ է լինելու հարվածելու կովկասյան կոմունիկացիոն միջանցքում, ընդհատել կապերը, որպեսզի խնդիրներ ստեղծի Արևմուտքի համար, որը հարվածում էր իրեն Ուկրաինայում: Այն ժամանակ ընդվզող Ռուսաստանի շահերից էր բխում այդ խնդիրը ստեղծելը, և Ռուսաստանը կարող է հակված լինել հայ-ադրբեջանական սահմանում ցանկացած միջադեպ օգտագործել զորք մտցնելու համար` դրանով ազդելով նավթի, գազի գների վրա: Դրանից հետո Ադրբեջանը սկսեց Արևմուտքի դեմ խոսել, սրվեցին հարաբերությունները, և Ադրբեջանը սկսեց ինտենսիվ կոնսուլտացիաներ Ռուսաստանի հետ: Թվում էր, թե սրանով Արևմուտքը փորձում է չեզոքացնել այդ վտանգը, բայց հետագայում դա խորացավ. Ադրբեջանը տեսավ, որ կա մի վտանգ, որը սպառնում է բոլորին` «Իսլամական պետությունը»…
Իլհամ Ալիևը գնահատեց այդ իրավիճակը` միգուցե ռուսների, թե Արևմուտքի օգնությամբ: Նա միտված էր Ռուսաստանի հետ պաշտպանական գիծ ստեղծել: Այդ իրավիճակում Ռուսաստանն առաջարկեց թե´ Հայաստանին, թե´ Ադրբեջանին այլևս հակամարտությամբ չզբաղվել, որովհետև «Իսլամական պետությունը» վտանգ է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի համար, որը առաջին հերթին կարող է հռչակվել Ադրբեջանում: Սրանից հետո մեր հարաբերությունները օգոստոսյան իրադարձություններից հետո մեղմվեցին,- ասաց Աշոտ Մանուչարյանը` ավելացնելով,- Ուղղաթիռի հետ այս դեպքը համարում եմ պատահականություն: Այսինքն` ես չեմ կարծում, որ Իլհամ Ալիևը հանձնարարական էր տվել այնտեղ պտտվող ուղղաթիռներից որևէ մեկը խոցել: Եվ երկրորդը, ես համարում եմ, որ պատահականություն է, որ մեր ուղղաթիռն այդքան մոտեցել է սահմանին: Երևի մերոնք էլ շեղվել են, ինչ-որ բան ճշգրիտ չեն որոշել և այլն»: