Բաժիններ՝

Աղքատների լավատեսական լռությունը

Անցած շաբաթ լրատվամիջոցները զարմացել էին: Խորհրդարանում եկող տարվա բյուջեի նախագիծն ավարտական փուլ էր մտել: Լրագրողները, հավանաբար, բյուջեի մասին քաղաքական դեմքերի գնահատականներն արդեն հասցրել էին պարզել ու հրապարակել: Ուստի փորձել էին մասնագիտական կարծիքներ պարզել: Փորձի շրջանակներում այցելել էին տնտեսագիտական հիմնարկություններ` առաջին հերթին, իհարկե, խոշոր բուհերի տնտեսագիտական ֆակուլտետներ:

Այցելել էին, համոզվել, որ ազգիս տնտեսագետի որակավորում ունեցող հատվածը բոլորովին տեղյակ չէ բյուջեի նախագծից, ու զարմացել: Տնտեսագետներից ամենաինքնատիպը Էդուարդ Սանդոյանն էր: Նա չթաքցնելով, որ ժամանակ չի կորցրել բյուջեի նախագիծը թերթելու վրա, խորհուրդ էր տվել դիմել Հրանտ Բագրատյանին: Խորհուրդ էր տվել ու ավելացրել, որ ինքը ստորագրում է Բագրատյանի կարծիքի տակ: Ահա այսպիսի նույնական պատկեր է համարյա ամեն տարի:

Բյուջեի խորհրդարանական քննարկումն ու մասնագիտական, փորձագիտական կարծիքները, օտար բառով ասած, դեժավյու են ծնում: Բոլոր նրանց մոտ, ովքեր հետաքրքրվում են այդ քննարկումներով: Արդեն դժվար է հիշել, թե որերորդ տարին և որերորդ կառավարությունն է իր գրած բյուջեի նախագիծը ներկայացնում` որպես «սոցիալական»: Այս օրերին բյուջեի քննարկումը համընկավ մեկ փաստաթղթի հրապարակման հետ: Այս համընկնումը մի կողմից` բացատրեց, թե ինչու է ամեն տարի կառավարությունը բյուջեն «սոցիալական» ներկայացնում: Մյուս կողմից՝ ակնհայտ դարձրեց, թե ինչու այն չի կարելի համարել այդպիսին: Խոսքն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի մասին է:

Ամեն տարի կառավարությունը փորձում է բոլորին համոզել, որ իր իրագործելիք բյուջեով փորձում է պայքարել աղքատության դեմ: Ամեն տարի փորձում ու պայքարում է, բայց անիմաստ: Աղքատության մասին զեկույցը 2009 թվականից նույն մեթոդաբանությամբ է գրվում: Նախկին տարիների փորձից գիտենք, որ մեր վիճակագիրները պարբերաբար փոխում են մեթոդաբանությունը` այդպես փորձագետներին զրկելով տարիների հաշվարկով համադրելի վերլուծություն անելու հնարավորությունից: Աղքատության դեպքում դա չի անցնի:

Ի վերջո, հարկավոր է հրապարակել աղքատների բացարձակ քանակը: Իսկ նրանց թիվը 2008-ից հետո համարյա չնչին փոփոխություններ է կրում: Չնչին նվազում է, կամ չնչին` աճում: Պաշտոնապես անցած տարի աղքատ է գնահատվում երկրի բնակչության մոտ մեկ/երրորդը` 967 հազար մարդ: Նրանցից 400 հազարը շատ աղքատ է, իսկ 82 հազարը` ծայրահեղ աղքատ: Տարիներ շարունակ անհողդողդ ու հաստատ նույն թվերն են: Ի հեճուկս կառավարության իրագործած «սոցիալական» բյուջեների: Գնահատման համակարգն այսպիսին է` չափահաս մարդն աղքատ է համարվում, եթե ծախսում է 39 հազար դրամից պակաս գումար: Շատ աղքատ է, եթե 32 հազարից պակաս է տնօրինում: Իսկ ծայրահեղ աղքատության գիծը 23 հազար դրամ է:

Ինչ-որ մեկը որոշել է, որ ամսական կտրվածքով 7 հազար դրամ ունենալը մարդուն շատ աղքատից դարձնում է պարզապես աղքատ: Հավանաբար՝ այդ ինչ-որ մեկն էլ չգիտի, թե 30 օրվա ընթացքում 7 հազար դրամով ինչ կարելի է գնել` քանի զույգ կոշիկ կամ վերարկու, կամ՝ քանի օր կարելի է ջեռուցել բնակարանը:

Պաշտոնապես հայտարարվում է, որ աղքատ բնակչության մեծամասնությունը քաղաքներում են ապրում` 64 տոկոսը: Երևանին բաժին է ընկնում աղքատների մոտ մեկ քառորդը: Լավ է, որ գործող մեթոդաբանությունը թույլ է տալիս աղքատություն արձանագրել գյուղական բնակավայրերում: Ի տարբերություն, ասենք, գործազրկության ցուցանիշի հաշվարկի մեթոդաբանության: Մեր երկրում գյուղացին պաշտոնապես չի կարող գործազուրկ համարվել, որովհետև հող ունի ու կարող է այն մշակել: Աղքատության հաշվարկի մեթոդաբանությունը թույլ է տալիս նաև աղքատության սրություն հաշվարկել: Խոսքն աղքատների միջև անհավասարության մասին է:

Չնայած, կրկնում եմ, դժվար է հավատալը, որ ամսական կտրվածքով 7 հազար դրամը որակական փոփոխություն կմտցնի չափահաս մարդու կյանքում: Աղքատության զեկույցում թվեր չկան աղքատ երեխաների մասին: Հավանաբար հումանիզմի դիրքերից նման հաշվարկներն ընդունելի չեն: Իսկապես թերսնվող երեխաների քանակի պաշտոնական հրապարակումը կարող էր խաթարել մեր ազգային հոգեբանությունը:

Կամ` ազգային հոգեբանության մասին մեր պատկերացումները: Բայց զեկույցում մեկ տարօրինակ փաստ է արձանագրվել: Ոչ տնտեսագիտական ուսումնասիրությունների, այլ տնային տնտեսություններում արված հարցումների արդյունքում` մեր բնակչության 18 տոկոսն է իրեն աղքատ համարում: Փաստորեն, բնակչության 32 տոկոսն աղքատ է` հագնվելու, սնվելու, տաքանալու և այլն, լուրջ դժվարություններ ունի, բայց նրանցից միայն 18 տոկոսն է իրեն աղքատ համարում: Ասեք, որ լավատեսության հրաշալի ցուցանիշ է:

Լավատեսությունն իսկապես լավ բան է, բայց կարծեմ թե այդ անուղղելի լավատեսությունն է զեկույցում արձանագրված «սպառման խորացող անհավասարության» պատճառը: Այլապես հասարակությունն ահագին բան չէր ների: Առաջին հերթին, իհարկե, «սոցիալական բյուջեի» հեղինակներին չէր ների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս