Թուրքիան շահագրգռված է միասնական Իրաքի պահպանմամբ. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկօրյա այցով այսօր Իրաք ժամանած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ալ-Աբադին հայտարարել է, որ Թուրքիան ու Իրաքը համաձայնության են եկել ռազմական համագործակցության ու տվյալների փոխանակման շուրջ.

«Հանդիպման արդյունքներով կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել անվտանգության ոլորտում համապարփակ համագործակցության ու տեղեկատվության փոխանակման շուրջ: Իրաքը ձգտում է ամուր հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ինչը շահավետ է երկու երկրի համար»:

Դավութօղլուն իր հերթին ընդգծել է, որ իր կառավարությունը պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով Իրաքին աջակցել ահաբեկչության դեմ պայքարում: Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան շահագրգռված է միասնական Իրաքի պահպանմամբ ու աջակցում է նրա կառավարությանը՝ կայունացնելու համար իրավիաճակը տարածաշրջանում:

Դավութօղլուն հանդիպելու է նաև Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս