Բաժիններ՝

«ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ոստիկանության գործելաոճում միանշանակ վատթարացում է լինելու»

Վերջին շրջանում տարբեր բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախումները դարձել են ակցիաների անբաժանելի մասը: «Որքանո՞վ են իրավաչափ Ոստիկանության գործողություններն ակցիաների ժամանակ» թեմայով երեկ հրավիրված քննարկման ժամանակ փորձագետները և քաղաքացիական ակտիվիստները փորձեցին գնահատել Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը հատկապես նոյեմբերի 12-ին և 14-ին կայացած աղմկահարույց բողոքի ակցիաների ժամանակ և կանխատեսել, թե ինչպիսին կլինի քաղաքացիական հասարակություն-Ոստիկանություն հարաբերությունները Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո:

Քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը կարծում է՝ ոստիկաններն ավելի բիրտ միջամտում են հավաքներին, երբ դրանք կուսակցական միջոցառումներ չեն, քանի որ ինքնակազմակերպված քաղաքացիների հանրահավաքներն ավելի վտանգավոր են իշխանության համար, որովհետև այդ դեպքում նրանք գործ ունեն անկախ, իրավագիտակից քաղաքացիների հանրույթի հետ: Ըստ նրա՝ վերջին շրջանում, երբ երևաց Ռուսաստանի ազդեցության «ավելի մեծացման շորշոփը», Ոստիկանությունն իրեն ավելի սանձարձակ սկսեց դրսևորել: Զ. Հովհաննիսյանը, այդուհանդերձ, կարծում է, որ համաշխարհային պատմությունը կպտտվի այնպես, որ բռնատիրական ռեժիմները կավարտվեն. «Հայաստանում շատ կարճ կտևի բռնաճնշումների ժամանակահատվածը, և Ոստիկանությունն իրեն այդպես սանձարձակ չի զգա շատ երկարատև ժամանակ»:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ հիշեցրեց իրավունքի ինքնապաշտպանության մասին. «Դա կարող է դրսևորվել տարբեր ձևերով, և այդ դրսևորման ձևերից մեկը նաև ապստամբությունն է, որի իրավունքը ժողովուրդն ունի: Սրա մասին եմ ուզում հիշեցնել և խորհուրդ տալ, որպեսզի ակտիվիստները, քաղաքացիներն օգտվեն ժամանակակից տեխնոլոգիաներից, և այն դրվագները, որոնք արձանագրված են, թե ինչպես են իրենց պահում ոստիկանները, թե ինչպիսին է ոստիկանի դեմքը, կերպարը, տարածեն դրանք մշտապես, որ որևէ մեկը չմոռանա, թե պայմանականորեն ոստիկան կոչվող այդ խմբավորման ներկայացուցիչներն ինչպիսի կերպար ունեն իրականում»:

Ըստ իրավապաշտպանի՝ Մաքսային միությանը, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո՝ մենք գնալով պիտի նմանվենք այդ ակումբի մյուս անդամներին՝ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի տեսակետից. «Սա օրինաչափություն է, և Ոստիկանությունը դա էլ իրականացնում է իրենց հերոսների նման՝ Միկոյանի նման սեփական ժողովրդին զոհաբերելով, որպեսզի հաճոյանան, ասենք, իրենց տերերին: Սա օկուպացիայի ձևերից մեկն է»:

Կարդացեք նաև

Համաձայնելով Ա. Զեյնալյանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետ կապված դիտարկմանը, քննարկմանը մասնակից «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյան նկատեց, թե դա փաստում է, որ Ոստիկանությունը «ոտքից գլուխ» քաղաքականության մեջ է. «Ոստիկանությունն իր ուրույն չարորակ ներկայությունն ունի երկրի ներքին և արտաքին քաղաքականության կողմնորոշման ոլորտներում: Եվ քանի դեռ մենք ինտեգրացիոն գործընթացների մեջ ենք ԵՏՄ-ին, Ոստիկանության պահվածքը պետք է նմանվի այդ եռյակի ոստիկանությունների պահվածքին: Փաստերն այնքան շատ են, երբ Ռուսաստանից խորհուրդ է տրվում՝ ինչը կարելի է թույլ տալ այստեղ, ինչը՝ չի կարելի»:

Այս ամենը հաշվի առնելով՝ Դ. Մանուկյանը կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ոչ մի դրական բան պետք չէ սպասել. «Իսկ քաղաքացիական հասարակությունը պարզապես իրավունք չունի թուլանալու, մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում, մենք թուլանալով` էլ ավելի ենք հեշտացնելու այդ պրոցեսը: Մեզ 1991 թվականին շանս տրվել է՝ կերտել ժողովրդավարություն, մենք դեռ այդ ժողովրդավարությունը չենք կերտել, թուլանալով՝ մենք այդ շանսն ավելի ենք կորցնելու»:

Նոյեմբերի 14-ին Սահմանադրական դատարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանության և ակտիվիստների բախումների հետևանքով տուժած ակտիվիստ Գոհար Սարոյանը, խոսելով ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների մասին, ասաց հետևյալը. «Ես ուղղակի մեջբերեմ վերջին ակցիայի ժամանակ ոստիկաններից մեկի ասածն ինձ՝ «ոչինչ, էս ա ստեղ կհաստատեն, կմտնենք, հետո կտեսնենք՝ ո՞նց եք թպրտալու»: Այսինքն՝ եթե նույնիսկ չլինեին կողքից այդ ճնշումները, և այլն, իրենց ընկալումը հետևյալն է՝ «մենք հիմա ստանում ենք ազատություն՝ գործելու ոնց ուզում ենք»:

Մյուս կողմից էլ, ես լավ հասկանում եմ, որ հիմա մի հետաքրքիր ժամանակահատված է, երբ մարդկանց իրավագիտակցությունն է փոխվում, ու դա չի կարող ԵՏՄ-ի կամ ուրիշ կարգի պետությունների ազդեցություն կանգնեցնել, որովհետև դա պատմական գործընթաց է, ու չի կարող իրավագիտակից մարդը թույլ տալ, որ իր իրավունքները խախտվեն»:

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանն էլ նկատեց, որ մեր հասարակությունը բավականին տարբերվում է Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի հասարակություններից. «Ես ուզում եմ՝ որքան հնարավոր է շուտ մենք մտնենք Մաքսային միություն, և մեր հասարակությունը հենց այդ տարբերությունները բավականին արագ տեսնի: Ինչ վերաբերում է Ոստիկանությանը, որոշակի վատթարացում եմ ես այս առումով կանխատեսում, որովհետև, եթե նախկինում, նույն Ասոցացման պայմանագրի հետ կապված, թեկուզ ձևական տեսակետից, Ոստիկանությունը, իրավապահ մարմինները որոշակի առումով իրենց սաստում էին, որովհետև գտնվում էին Եվրոպական ժողովրդավարական ինստիտուտների մանրադիտակի տակ և որոշակի գրանտներ էին ստանում, հիմա, այս առումով, ես կարծում եմ` վատթարացում միանշանակ լինելու է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս