«Կուզենայի հայ ընթերցողին ասել, որ բոլոր ադրբեջանցիները չէ, որ արնախում են». ադրբեջանցի լրագրող

Որքանո՞վ ադեկվատ արձագանքեցին հայկական լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի խոցման պատահարին: Այս հարցը «Մեդիա կենտրոնում» քննարկեցին փորձագետները: Մասնագետներն ասում են, որ այս անգամ լրատվամիջոցներն ավելի պրոֆեսիոնալ էին լուսաբանում պատահարը, թեև սենսացիոնիզմի, բուլվարային լրագրության դեպքեր կրկին եղել են:

«Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի գնահատմամբ` այս անգամ, օգոստոսյան դեպքերի հետ համեմատած, լուսաբանումը բավարար էր: Միաժամանակ նա առանձնացրեց որոշ թերություններ, որոնք միջադեպից հետո առաջին ժամերին թույլ են տվել մի շարք լրատվական կայքեր` հապճեպ, չստուգված ինֆորմացիա և կեղծ տեսապատկերներ տարածելով, բայց փորձագետների ու օպերատիվ միջամտության շնորհիվ` լուսաբանումը նորմալ վիճակի է եկել:

«Խոսքի և տեղեկություն ստանալու իրավունքը մարդու անքակտելի իրավունքն է, և դրանք սահմանափակելու համար շատ ծայրահեղ պատճառ պետք է լինի: Բայց կա մի հիմնարար իրավունք, որը գերակա է դրա նկատմամբ. դա մարդու ապրելու իրավունքն է: Սա ասում եմ այն պատճառով, որ միշտ, հատկապես նման իրավիճակներում կոչ ենք անում հայաստանյան և ոչ միայն հայաստանյան լրատվամիջոցներին որոշակի զսպվածություն դրսևորել և չընկնել այդ մրցակցային վազքի մեջ, թե ով առաջինը կհաղորդի տեղեկությունը, այլ տեղեկությունները ստուգված հաղորդեն ընթերցողին, որպեսզի կիրառվի գլխավոր բժշկական կարգախոսը` «չվնասե´լ», չվնասել մեր զոհված կամ վիրավոր զինվորականներին, մարդկանց հոգեկան վիճակը, չստեղծել խուճապ և նաև չլարել առանց այդ էլ լարված իրավիճակը,- ասաց լրագրողը` ավելացնելով,- Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, որ սկսել են ուշադրություն դարձնել հիմնարար ազատություններից ամենակարևորին` մեր զինվորների ապրելու իրավունքին»:

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը համաձայն է գործընկերոջ հետ այն իմաստով, որ նոյեմբերի 12-ի դեպքից հետո հայկական լրատվական դաշտում որոշ դրական միտում է նկատվել: Սակայն փորձագետն ավելի շատ անդրադարձավ ադրբեջանական լրատվամիջոցների լուսաբանմանը` նշելով, որ մեկ բառով այն կարելի է բնորոշել` որպես ապատեղեկատվություն:

Կարդացեք նաև

Նա մասնավորապես հիշատակեց հայկական Մի-24-ը խոցած Իլքին Մուրադովի հարցազրույցը, որում ադրբեջանցի զինծառայողը հայտարարել է, թե հայկական երկու ուղղաթիռները հարձակվել են ադրբեջանական հենակետի վրա:

«Ուղղաթիռին հարվածելը ադրբեջանական լրատվամիջոցներն ընդունեցին մեծ ուրախությամբ, որովհետև ուրախությունը գալիս է նրանից, որ արդարացվում է իրենց թեզը»,- ասում է Վահրամ Միրաքյանը:

Փորձագետները հակամարտության սրման ժամանակ հատկապես կարևոր են համարում այն, որ լրատվամիջոցները կարողանան զսպել վրեժխնդրության և պատերազմի կոչերը: Դ. Ալավերդյանի խոսքով` մեր լրատվամիջոցներն ինչ-որ տեղ կարողացել են լուծել այդ հարցը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, Վ. Միրաքյանը տպավորություն ունի, որ ադրբեջանական քարոզչամեքենան, ընդհակառակը, հասարակությանը պատրաստում է հայկական նոր կոտորածների.

«Տպավորություն կա, որ ադրբեջանական լրատվամիջոցները Ադրբեջանը պատրաստում է հայկական նոր ցեղասպանության, այսինքն` ամեն կերպ արդարացնում են հայերի կոտորածները»:

Shahin RzaevԲաքվից տեսազանգով ասուլիսին միացել էր նաև ադրբեջանցի լրագրող, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Շահին Ռզաևը, ով հարկ համարեց շեշտել` «բոլոր ադրբեջանցիները չէ, որ արնախում են»: Ըստ նրա, գրեթե բոլոր ադրբեջանական լրատվամիջոցները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր և  թե՛ անկախ, սատարել են ադրբեջանական ուժերի գործողություններին։

Նա նաև նշեց, որ Ադրբեջանում տարբեր են եղել կարծիքները այն հարցի շուրջ, թե որքանով է ճիշտ լրատվամիջոցներում նշել այն զինվորի անունը, ով խփել է ուղղաթիռը, ցույց տալ նրա դեմքը, քանի որ որոշ մարդկանց կարծիքով` դա ռազմական գաղտնիքի բացահայտում է, իսկ որոշներն էլ համոզված են, թե «երկիրը պետք է ճանաչի իր հերոսներին»:

«Ես կուզենայի հայ ընթերցողին ասել, որ բոլոր ադրբեջանցիները չէ, որ արնախում են: Նրանք մեր նման մարդիկ են: Մենք ընդհանուր շատ բաներ ունենք. մենք սիրում ենք նույն երաժշտությունը, ուտում ենք նույն տոլման և երկրպագում ենք նույն ֆուտբոլային թիմերին»,- ավելացրեց Շահին Ռզաևը:

 

Տեսանյութեր

Լրահոս