Եռյակում կա նպատակին հասնելու արագությունների տարբերություն

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ ելույթ է ունեցել ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ ղեկավարը ներկայացրել է ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները և անդրադարձել եռյակի ներսում առկա որոշ տարաձայնություններին: Քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը չի հրապարակվել, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ հարցազրույցը սկսեցինք Տեր-Պետրոսյանի ելույթից որոշ մանրամասներ ներկայացնելու առաջարկով:

– Ինչպե՞ս է Տեր-Պետրոսյանը տեսնում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, եթե նկատի ունենանք, որ համաժողովրդական շարժման ապագայի վերաբերյալ դուք և ԲՀԿ-ն ունեք տարբեր մոտեցումներ:

– Լևոն Տեր-Պետրոսյանը շատ մանրամասն ներկայացրել է իրավիճակը, իհարկե, այդ ելույթը հրապարակման ենթակա չէ, բայց ես կփորձեմ որոշ դետալների վրա կանգ առնել: Մասնակցում էին բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները, և բավական բաց և ազատ քննարկում տեղի ունեցավ, տրվեցին բոլոր հնարավոր հարցերը: Տարածքային կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ ներկայացրեցին Համազգային շարժման միասնական շտաբների ձևավորման ուղղությամբ իրենց մոտ իրականացվող աշխատանքը:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի ելույթին, ապա նա իրավիճակը ներկայացրեց շատ պարզ` իր բոլոր թերություններով և առավելություններով: Ներկայացվեց, որ կան խնդիրներ, կան մոտեցումների տարբերություններ, բայց մեր մոտեցումն այն է, որ, եթե դու գնում ես համագործակցության քո գործընկերների հետ, բնականաբար, չի կարող ամբողջապես լինել մեր ուզածով: Մեր մոտեցումները միշտ չէ, որ ամբողջապես իրականացվում են, և մենք պետք է առաջնորդվենք գործընկերության կանոններով, և մենք` հավատարիմ այդ գործընկերության կանոններին, շարունակելու ենք համագործակցությունը եռյակի ֆորմատում: Մենք նաև փորձելու ենք համաձայնության գալ համատեղ միջոցառումների, այդ թվում՝ հանրահավաքների անցկացման շուրջ:

Կարդացեք նաև

– ԲՀԿ-ն նպատակահարմար է համարել դադարեցնել հանրահավաքային շարժումը, և հիմա նրանք զբաղված են համատեղ շտաբներ ձևավորելով և մարզերում բնակչության շրջանում տրամադրությունները ստուգելու նպատակով հարցումներ իրականացնելով: Ձեր կարծիքով՝ որքա՞ն կարող է տևել նախապատրաստական աշխատանքը, եթե նկատի ունենանք, որ այս շաբաթ սպառվում է այդ նպատակով ԲՀԿ ղեկավարի հայտարարած երկշաբաթյա ժամկետը:

– Այո, ԲՀԿ-ն հայտարարել էր, որ երկշաբաթյա ժամկետում պետք է ամփոփվի շտաբների ձևավորման ընթացքը: Կա պայմանավորվածություն, որ նոյեմբերի 18-ին հրավիրվի եռյակի նիստ, որի ընթացքում մենք կամփոփենք կատարված աշխատանքը և կորոշենք, թե ինչպես ենք կազմակերպում մեր հետագա աշխատանքը:

– ՀԱԿ-ը համարում է, որ պետք է շարունակել հանրահավաքային պայքարը, իսկ ԲՀԿ-ն, ընդհակառակը՝ համարում է, որ պետք է զբաղվել շտաբների ձևավորմամբ: Քանի որ անցավ հենց ԲՀԿ-ի տարբերակը և հիմա հանրահավաքների փոխարեն` շտաբներ են ձևավորվում, կասե՞ք, թե ԲՀԿ-ն ի՞նչ հիմնավորումներ ներկայացրեց հօգուտ իր տարբերակի, որը համոզեց ձեզ:

– Մեր մոտեցումը շատ հստակ ներկայացված է մեր հայտարարության մեջ. մենք գտնում ենք, որ հանրահավաքային գործընթացը ոչ միայն չէր խանգարի, այլ ընդհակառակը՝ կնպաստեր համատեղ շտաբների ձևավորմանը և մարդկային ռեսուրսի կոնսոլիդացմանը: Իրենք ավելի կարևորում են շտաբների ձևավորումը, որի միջոցով հնարավոր կլինի կոնսոլիդացնել մարդկային ռեսուրս, որին կհաջորդի ավելի հուժկու համատեղ հանրահավաքի կազմակերպումը:

Ես կարող եմ ասել, որ համատեղ միջոցառումներ կազմակերպելու մեր առաջարկը սեղանին կա, և մենք առաջիկայում կազմակերպելու ենք համատեղ հրապարակային միջոցառումներ: Այնպես չէ, որ իրենք մերժում են մեր` հանրահավաքներ կազմակերպելու առաջարկը, կամ՝ մենք մերժում ենք շտաբներ ձևավորելու իրենց առաջարկը. ուղղակի մենք փորձում ենք, որ մեր առաջարկները հնարավորինս մոտեցնենք միմյանց, որպեսզի լինի թե՛ մեկը, և թե՛ մյուսը: Կարծում եմ, որ առաջիկայում կլինի որոշում համատեղ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ:

– Չեմ հարցնում՝ ե՞րբ կլինի հաջորդ հանրահավաքը, բայց գոնե կարո՞ղ եք ասել, այս տարվա ընթացքում հնարավո՞ր է՝ եռյակը նոր հանրահավաք հրավիրի, թե՞ դա կլինի հաջորդ տարվա ընթացքում:

– Ես չեմ կարող հստակ ժամկետներ նշել, քանի որ մենք քննարկում ենք տարբեր առաջարկներ, տարբեր մոտեցումներ, և անում ենք այն, ինչն արժանանում է եռյակի հավանությանը: Այնպես որ, ասել առաջիկա հանրահավաքի օրը և ժամը` ես չեմ կարող, քանի դեռ այդ հարցով չկա որոշում: Բայց նորից եմ ուզում կրկնել, որ անընդհատ գնում են քննարկումներ և այդ քննարկումները մոտեցնում են մեր տեսակետները, քանի որ կա ցանկություն իրար ընդառաջ գնալու և մեջտեղում գտնելու փոխընդունելի լուծումներ:

– Քանի որ ԲՀԿ-ն կարողանում է անցկացնել իր մոտեցումները, օրինակ, այս պահին նրանք հանրահավաք կազմակերպելը նպատակահարմար չեն համարում, և հանրահավաք չի կազմակերպվում, արդյոք կարո՞ղ ենք ասել, որ ԲՀԿ-ն հանդիսանում է եռյակի դոմինանտ ուժը, իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» ստիպված են հաշվի նստել ԲՀԿ-ի դիրքորոշման հետ:

– Եռյակի բոլոր որոշումները, առանց որևէ բացառության, կայացվում են կոնսենսուսով, իսկ դա նշանակում է, որ եթե եռյակի որևէ անդամ դեմ է այս կամ այն միջոցառման կազմակերպմանը, ապա դա չի կարող տեղի ունենալ: Սա նշանակում է, որ եթե չկա երեք կուսակցությունների համաձայնությունը, չի կարող որոշում կայացվել, այլ կերպ մեր որոշումները չէին կարող ընդունելի լինել բոլոր երեք կուսակցությունների համար:

Տեսեք, այժմ մենք ունենք կոնսենսուսային որոշում համատեղ շտաբներ ձևավորելու վերաբերյալ, և մենք զբաղված ենք այդ շտաբների ձևավորման աշխատանքի կազմակերպմամբ, կա որոշում համատեղ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ, և մենք ակտիվորեն քննարկում ենք այդ հանրահավաքի հրավիրման ժամկետների հարցը: Եվ քանի որ կա իրար ընդառաջ գնալու ցանկություն, չկա իրար ինադու գնալու կամ իրար մերժելու մթնոլորտ, նշանակում է, որ մենք համաձայնության կգանք նաև այդ հարցում:

– Ամեն ինչ կա, սակայն հանրահավաքի անցկացման օրվա շուրջ համաձայնությունը չկա:

– Կարևորը, որ կա իշխանափոխության իրականացման անհրաժեշտության շուրջ միասնական տեսակետ: Ուղղակի կան տարբեր կուսակցություններ, և եռյակում այս հարցում կան այդ նպատակին հասնելու արագությունների տարբերություններ`ինչ արագությամբ գնալ և հասնել նպատակին:

– Բայց հաղթում է ԲՀԿ-ն, և հաղթում է նրա թելադրած արագությունը:

– Չկա նման բան, եռյակի ներսում բոլոր երեք կուսակցությունների ձայնն էլ հավասար է, բոլորի մոտեցումներն էլ հաշվի են առնվում: Այլ կերպ եռյակը չէր կարող գոյություն ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս