Աննկատ մնացած հետաքրքիր կանխատեսում՝ 2015թ. պետբյուջեում
«2015թ. բյուջեի նախագծում մի հետաքրքիր կանխատեսում կա, որն աննկատ է մնում. այդտեղ ռիսկերն են գնահատված, որի մեթոդիկան եռամսյակային կամ տարեկան դրամավարկային քաղաքականություն ներկայացնելու ժամանակ ԿԲ-ն է կիրառում: Եվ 3.5-4% աճի ռիսկը գնահատվում է 41%, այն դեպքում, երբ ռիսկը 80%-ից բարձր պետք է լինի, որ իրականություն դառնա: Այսինքն, եթե կառավարությունը թիվ է դրել, որի կատարման ռիսկայնությունը 41% է, նշանակում է, դա չի կարող իրականություն դառնալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ Համաշխարհային բանկն այդ մեթոդիկային լավ տիրապետում է և, եթե ՀԲ-ն հայտարարում է, որ կարող է նվազեցնել ՀՀ հաջորդ տարվա տնտեսական աճը, ուղղակի ևս մեկ անգամ զգուշացնում է, և պարզ էր, որ այդ աճն իրականություն չի էլ դառնալու:
«Մի այլ վտանգ էլ կա՝ ինչքանո՞վ է այս տարվա տնտեսական աճի ցուցանիշն իրականություն դառնալու, որ իջեցրել են 2.2%: Այսինքն՝ փոքր բազա ենք ունենում, որի վրա է 4.1% հաշվվում, թեև դա էլ դեռ ավելի փոքր կլինի: Ընդհանրապես, այս տարի ռուսական տնտեսությունն էլ 0-ին մոտ աճ կունենա և, հավանական է, որ մեզ մոտ էլ աճ չի լինելու և դրա հիման վրա եկող տարի աճ չի կարող լինել»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Նա նշեց, որ նաև մի այլ հանգամանք էլ կա, որ կառավարությունն այս բյուջեով որևէ ցանկություն չի հայտնում և խոստովանում է, որ այլևս հնարավություն չունի. «Եթե բյուջեն միայն աշխատավարձ ու թոշակ պետք է տա, բյուջեից որևէ ակնկալիք կամ սպասելիք պետք չէ ունենալ, և կառավարությունը դա ասում է: Մեր շեշտադրումն ու գնահատականները պետք է տեղափոխենք այդ դաշտ: Կառավարությունն ինքն ասում է, որ բոլոր հնարավորությունները սպառել է, դրսից սպասելիքներ չունի համաշխարհային տնտեսության և ռուսական տնտեսության հետ կապված»: Վ.Խաչատրյանի խոսքով՝ 2-3 կարևոր մարդկանց հայտարարությունները ոչ մի հույս չեն տալիս, մասնավորապես՝ ՌԴ «Սբեռբանկի» նախագահ Գերման Գրեֆը և ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը ռուսական տնտեսության ստագնացիա են կանխատեսում, այսինքն՝ ճահճացում, իսկ Ռուսաստանի տնտեսական բարձրագույն դպրոցի նախկին տնօրեն Սերգեյ Գուրիևը, որ լքեց ՌԴ-ն և տեղափոխվեց Ֆրանսիա, ստագֆլյացիա է բնորոշում ներկայիս վիճակը, ինչը նշանակում է, որ ՌԴ տնտեսությունը մտել է մի փակ շրջանի մեջ, որ ուզում են տնտեսական աճ ապահովել, բայց ինֆլյացիան ավելի արագ է աճում, և չգիտեն ինչ քայլեր կիրառել:
«Եվ այս պարագայում որպեսզի կարողանանք 2015 թ. ՀՀ տնտեսության իրական պատկերը հասկանալ, պետք է ամբողջապես վերանայենք բյուջեն, նաև վերանայենք այս տարվա գնահատականը»,- նշեց Վ.Խաչատրյանը: