Փորձագետ. «Հայաստանի վրա ծանր քայլքով գալիս է «ռուսական աշխարհ» կոչվածը, որից ֆաշիզմի հոտ է փչում»

Դժվար է չտեսնել, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը, բայց, մյուս կողմից, միամտություն կլիներ ակնկալել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական կճանաչեր այն: Այսօրվա ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով ՍԴ-ի վերջին որոշումը, ըստ որի՝ նշված պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` տվյալ հարցն իրավական չէ, քաղաքական է և լուծում կարող է ստանալ բացառապես քաղաքական հարթության վրա:

Փորձագետը հայտարարեց, որ ԵՏՄ պայմանագիրը հակասում է նախևառաջ Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներով, որոնց համաձայն` Հայաստանն ինքնիշխան պետություն է, և Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին,իսկ ԵՏՄ-ում կան վերպետական մարմիններ, մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որի որոշումները պարտադիր են միության անդամ երկրների համար:

Այնուամենայնիվ, նա ավելացրեց, որ պայմաններում ՍԴ-ից ավելին սպասելը իրատեսական չէր լինի, քանի որ Հայաստանն այսօր ոչ թե դատական իշխանության, այլ ընդհանրապես իշխանության խնդիր ունի.

Կարդացեք նաև

«Եթե գործադիր, օրենսդիր իշխանությունները, ամբողջ քաղաքական դաշտը չեն դիմադրել իրերի այսպիսի վիճակին, ապա միամտություն կլիներ սպասել, որ ՍԴ-ն Հունան Ավետիսյանի պես կրծքով կփակեր այդ «եվրասիական» գնդացիրը: Բացի այդ, մենք շատ լավ գիտենք, որ ՍԴ-ն երբեք առանձնակի հերոսությամբ աչքի չի ընկել. նա սահմանադրական է ճանաչել ամենախայտառակ ընտրությունները, ամենախայտառակ պայմանագրերը, ասենք` Գազպրոմի հետ համաձայնագիրը: ՍԴ-ն գործում է ինչ-որ քաղաքական իրողության պայմաններում, այլ ոչ թե ակվարիումի մեջ, ամեն ինչից կտրված, և պետք է ընդուներ «ստերիլ» իրավական որոշում` նայելով հարցի միայն «ստերիլ» իրավաբանական կողմին»:

Սահմանադրագետ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Այվազյանը, ով համոզված է, որ այսօր «ցանկացած պետություն, ուզի թե չուզի, պետք է մասնակցի ինտեգրացիոն գործընթացներին», իր հերթին հայտարարեց, որ ԵՏՄ պայմանագիրը չի հակասում Սահմանադրության որևէ դրույթի:

«Ցավոք սրտի, խնդիրը հիմնականում դիտարկվում է քաղաքական հարթության վրա` անտեսելով իրավականը, և ստացվում է, որ մենք երևույթներին գնահատական ենք տալիս ոչ թե խորը, գիտական առումով, այլ կենցաղային, ենթագիտակցական զգացողության մակարդակով»,- ասաց նա:

Քաղաքական վերլուծաբանի արձագանքը չուշացավ. ««Եթե հարցին նայենք միայն իրավական հարթության վրա, դա մեզ կշեղի այս համալիր խնդրից և այդ խնդրի անունն է Հայաստանի ինքնիշխանության զիջում Ռուսաստանին: Այստեղ չկա վերպետական մարմին, կա Ռուսաստան: Չկա ԵՏՄ, կա այդ անվանումով ծխածածկույթ, որով Հայաստանի վրա ծանր քայլքով գալիս է «ռուսական աշխարհ» կոչվածը` մի իռացիոնալ բան, որից ուղղակի ֆաշիզմի հոտ է փչում»:

Անդրադառնալով Ռուբեն Մեհրաբյանի փաստարկին, որ պայմանագիրը սահմանափակում է Հայաստանի ինքիշխանությունը, Վարդան Այվազյանն ասաց, թե մինչ օրս միջազգային իրավունքի մակարդակով չի տրվել «ինքնիշխանություն» հասկացության սահմանումը, որի պատճառով այն տեղիք է տալիս սուբյեկտիվ մեկնաբանությունների:

Ինչ վերաբերում է Սահմանադրության 2-րդ հոդվածին, ըստ սահմանադրագետի` ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է երկու ձևով` անմիջական, այսինքն` հանրաքվեով, և իր ներկայացուցիչների միջոցով:
Եվ քանի որ մեր հասարակությունը, սահմանադրագետի կարծիքով, դեռևս չի հասել քաղաքական ինքնագիտակցության բարձր մակարդակին, որպեսզի հարցը լուծվեր հանրաքվեի միջոցով, այդ պատճառով ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է ներկայացուցչական մակարդակով, այսինքն` նախագահը, Սահմանադրությամբ իրեն լիազորված իրավասությունների շրջանակներում, որոշել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը:

Սրա հետ կտրականապես չհամաձայնեց Ռուբեն Մեհրաբյանը, ում կարծիքով` հայ հասարակության քաղաքական և քաղաքագիական գիտակցությունը շատ ավելի բարձր է, քան օրենսդիր, գործադիր իշխանություններում, քաղաքական դաշտում և դատական իշխանությունում:

Իսկ Վարդան Այվազյանն իր հերթին ավելացրեց, որ իր անձնական կարծիքով` նմանատիպ ճակատագրական խնդիրները պետք է լուծվեն հանրաքվեի միջոցով, սակայն այստեղ խոսքը գործող Սահմանադրության մասին է, որը նման հնարավորություն չի տալիս:

 

Տեսանյութեր

Լրահոս