Վրաստանի տնտեսական հրաշքի հեղինակի երեք «կյանքը». Ալեքսանդր Իլարիոնով
2000-2005 թվականներին Ռուսաստանի նախագահի խորհրդական Անդրեյ Իլարիոնովը նոյեմբերի 15-ին Slon.ru-ին պատմել է իր մերձակա գործընկեր, վրացական տնտեսական հրաշքի հեղինակ Կախա Բենդուկիձեի կյանքի մասին, ով նոյեմբերի 13-ին մահացել է Լոնդոնում.
«Ներկայումս` Կախա Բենդուկիձեին բոլոր ճանաչողների համար այս ծանր ժամերին, շատերը տալիս են այսպիսի իրավիճակի համար սովորական հարցեր. «Ի՞նչ ներդրում է նա ունեցել վրացական տնտեսական բարեփոխումներում, ի՞նչ է նա արել Ուկրաինայում»: Բնականաբար, դրանք արդար հարցեր են:
Վրացական տնտեսական բարեփոխումների հրաշքը տեղի ունեցավ առաջին հերթին նրա համար, որ դրանք ունեցել են հրաշագործ հայր` Կախա Բենդուկիձե: Ուկրաինայում մի քանի ամսվա ընթացքում նա վերածվեց իսկական ռոք աստղի, որին հանրությունը գրեթե ձեռքերի վրա էր տանում` նրա հստակ, պարզ և միևնույն ժամանակ անողոք, հեգնական մեկնաբանությունների համար:
Սակայն պաշտոնական պատմությունից բացի, կա նաև նրա պատմությունը` որպես մարդ: Նա կատարելապես բացառիկ մարդ է, որին հավասար ներկայումս դժվար է անվանել անձնական մասշտաբով ու մարդկային առանձնահատկություններով:
Իր ոչ երկար կյանքի ընթացքում նա հասցրել է ոչ քիչ բան անել նաև ակադեմիական գիտությունում` իրեն հարազատ մոլեկյուլար կենսաբանության ոլորտում, բիզնեսում, պետական ոլորտում, ստեղծել Վրաստանում լավագույն Ազատ համալսարանը:
Եվ այդ ողջ ընթացքում նա հանդիսացել է Ռուսաստանում, Վրաստանում ու Ուկրաինայում հասարակական քննարկումների ակտիվագույն մասնակից: Նա պետք է դառնար Վերածննդի իսկական տիտան: Նրա հեռանալը կատարելապես անվերականգնելի կորուստ է:
Նախագահի տնտեսական խորհրդականի պաշտոնում իմ գրեթե վեցամյա աշխատանքի ընթացքում ստիպված եղա ծանոթանալ ռուս բազմաթիվ խոշոր գործարարների հետ: Նրանցից գործնականում յուրաքանչյուրը դիմել է իր խնդրանքներով, ցանկություններով, հայտերով: Նրանց թվում կար միայն մեկ մարդ, ով երբեք որևէ բանի մասին չի խնդրել:
Այդ մարդը Կախա Բենդուկիձեն էր: Ի տարբերություն շատ այլ հայտնի գործարարների, նա երբեք չի հանդիսացել օլիգարխ: Այո, նա վաստակել է մի շարք գումարներ, դարձել է ունևոր մարդ, սակայն համեմատած մյուսների հետ, որոնց սովորաբար անվանում են օլիգարխ, բավական համեստ էր: Եվ այդ գումարները նա ծախսել է ոչ թե իր համար շքեղ կյանքի վրա, այլ` ազատ հասարակություն ստեղծելու նախագծերի վրա:
Եվ այնուամենայնիվ, ռուսական հասարակությունում նա արժանապատվորեն ընկալվել է երկրի առաջատար գործարարներից մեկը: Նա կանոնավորապես շփվել է ռուսական ղեկավարության հետ և մասնակցել է բազմաթիվ քննարկումների: Ընդհանրապես, վրացի Բենդուկիձեն այնպես էր խոսում ռուսերեն, ինչպես որ չի խոսում էթնիկ ռուսների ճնշող մեծամասնությունը:
Նա այն մարդկանցից էր, ով աշխատում է ոչ թե իր, այլ` այն երկրի, այն հասարակության համար, որոնցում ապրում էր նա: Իր «առաջին կյանքը» ապրելով Ռուսաստանում` նա այն ընկալել է որպես իր հայրենիք, և դրա համար էլ արել է ամեն հնարավոր բան, որպեսզի իր այդ հայրենիքում բոլորը, այդ թվում նաև ինքն ապրեն հարմարավետ, արժանավայել:
Եվ նա շատ բանի է հասել: Օրինակ, Ռուսաստանում ներկայումս գործող «Արժութային կարգավորման մասին» օրենքը պատրաստել է հենց Կախան: Հանդիսանալով պետական մարմինների որևէ աշխատակից, չզբաղեցնելով պաշտոնական պաշտոն` նա ինքն իր նախաձեռնությամբ պատրաստել է այդ օրենքի նախագիծը:
Կախան տասնյակ աշխատասենյակներում մասնակցել է քննարկումների, վիճաբանել է, պաշտպանել է այն, հասել է նրան, որ այդ օրինագիծը` ոչ մեծ ուղղումներով, անցնի բոլոր փուլերն ու վերջիվերջո ընդունվի: Դրան հաջորդած տասը տարիների ընթացքում Կախան ընդհանրապես անգամ չի ակնարկել, որ հուսով է ստանալ որևէ մրցանակ կամ գոնե հրապարակավ շնորհակալություն` իր արածի համար:
2000 թվականին ես Պուտինին խորհուրդ տվեցի Կախա Բենդուկիձեին նշանակել Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: Պուտինը վատ չէր ճանաչում Կախային, սակայն նշանակեց այլ մարդու (Գերման Գրեֆ): Չորս տարի անց Միխեիլ Սաակաշվիլին Կախայի հետ առաջին անգամ ծանոթանալուց հետո մեկ ժամ անց նրան առաջարկեց զբաղեցնել տնտեսական բարեփոխումների գծով նախարարի պաշտոնը:
Մեկ օր անց Կախան ընդունեց այդ առաջարկը: Այն, ինչ հետո տեղի ունեցավ Վրաստանում, այսօր լավ հայտնի է` վրացական ազատատենչ բարեփոխումների հրաշք: Կարճ ժամանակահատվածում երկիրն իր զարգացման հարցում ունեցավ աննախադեպ առաջնթաց:
Եթե դրանից չորս տարի առաջ Կախան դառնար Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար, ապա ներկայումս մենք կքննարկեինք ոչ թե վրացական, այլ` ռուսական բարեփոխումների հաջողությունը, մենք կհպարտանայինք ռուսական տնտեսական հրաշքով:
Ավելին, մենք կվայելեինք դրա արդյունքները: Այդպիսին է քաղաքական որոշման, քաղաքական իշխանության գագաթնակետում գտնվող անձի կադրային որոշման, նրա նպատակամղվածության գինը:
Երբ 2004 թվականին Կախան հեռացավ Ռուսաստանից, անմիջապես զգացվեց, թե որքան դատարկություն տիրեց, և թե ինչքան մեծ ու կարևոր տեղ էր Կախան զբաղեցնում ռուսական հանրային քննարկումներում:
Նույնը տեղի ունեցավ այս տարվա ամռանը, երբ վրացական ներկայիս իշխանությունները նրան վտարեցին երկրից, և նա հարկադրված եղավ լքել Վրաստանը: Վերջին ութ ամիսները նա իր «երրորդ կյանքը» սկսեց Ուկրաինայում` դառնալով ուկրաինական նոր իշխանությունների խորհրդական ու ստանձնելով ողջ ուկրաինական հասարակության գլխավոր տնտեսական խորհրդականի գործառույթները:
Այսօր մենք մինչև վերջ չենք հասկանում Կախա Բենդուկիձե անձի մասշտաբը: Միայն նրա հեռանալով ենք մենք սկսում զգալ շատ շատերի համար այն վիթխարի, ահռելի դատարկությունը, որը տիրում է թե´ Ռուսաստանում, թե´ Վրաստանում, թե´ Ուկրաինայում, թե´ մյուս երկրներում»:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի «Բիզնեսի վարում» զեկույցի համաձայն՝ Բենդուկիձեի ժամանակ 2004-2007 թվականներին Վրաստանը դարձել է ամենաշատ բարեփոխումներն անցկացրած երկիրն աշխարհում:
Մասնավորապես, Վրաստանը բիզնես վարելու դյուրինության ցուցանիշով վարկանիշային աղյուսակում 137-րդ տեղից բարձրացել է մինչև 11-րդ հորիզոնական՝ գերազանցելով Գերմանիային ու Ֆրանսիային: Բենդուկիձեին անվանում են նաև «վրացական տնտեսական հրաշքի հայր»: