Վաղարշակ Հարությունյան. Ուղղաթիռը եղել է շփման գծից առնվազն 1 կմ հեռավորության վրա

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խոցված հայկական ՄԻ-24 ուղղաթիռը եղել է շփման գծից առնվազն 1 կմ հեռավորության վրա, ուստի Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նախևառաջ նա նկատեց, որ տեղի է ունեցել ոչ թե ագրեսիա (որովհետև ագրեսիան այն է, երբ հակառակորդի զինված ուժերը ներխուժում են քո տարածք), այլ զինադադարի կոպիտ խախտում:

Զինվորականի մեկնաբանությամբ` հայկական ուղղաթիռը, անկախ նրանից` մոտիկ է եղել շփման գծին, թե հեռու, թռչել է իր տարածքում, այնպես որ` այդ առումով հնարավոր չէ ղարաբաղյան կողմին որևէ մեղադրանք ներկայացնել:

«Այդ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցը «Իգլա» է կոչվում: Երբ մենք ուսումնասիրում ենք տեսանյութը, հստակ հասկանում ենք մի բան. այդ հրթիռի արագությունը 570 մ/վ է, և քանի որ կրակոցից հետո մինչև ուղղաթիռը հասնելը տևում է 3,4 վայրկյան, դա նշանակում է` ուղղաթիռը եղել է շփման գծից առնվազն 1 կմ հեռավորության վրա, այնպես որ, ծիծաղելի է Բաքվի հայտարարությունը, թե ՄԻ-24 ուղղաթիռը ներխուժել է Ադրբեջանի տարածք և փորձել է հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը` ավելացնելով, որ տեսանյութում նաև հստակ երևում է, որ ուղղաթիռը մարտական զենք չի ունեցել:

Կարդացեք նաև

Վաղարշակ Հարությունյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանն իրավունք չուներ խոցել հայկական ուղղաթիռը, եթե նույնիսկ այն անցներ շփման գիծը. «Ինչ տեսանկյունից էլ նայենք` Ադրբեջանը անթույլատրելի հանցագործություն է կատարել: Դեպքեր կարող են լինել. նա կարող է շեղվել, սա ավիացիա է` արագությունը մեծ, բայց նա չի հարձակվել, ավելին` նա զենք չի ունեցել: Դա անթույլատրելի է: Երբ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է բացվեր, իրենք հայտարարեցին, որ «մենք կխփենք», և եթե հիշում եք միջազգային արձագանքը, նույն ԻԿԱՕ-ն հայտարարեց, որ անթույլատրելի է ինքնաթիռը խփելը, եթե այն սպառնալիք չի ներկայացնում: Ինքնաթիռը խփում են մի դեպքում, երբ նա ներկայացնում է սպառնալիք»:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ևս կատարվածն անվանեց ռազմական հանցագործություն, որի համար մեղավոր են ոչ միայն զինվորականները, այլև Ադրբեջանի ղեկավարությունը. «Ադրբեջանն անընդհատ ուզում է մեզ լարված վիճակում պահել: Ադրբեջանի զինված ուժերը, Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում միջազգային իրավունքի որևէ նորմ: Խնդիրն այն է, որ այդ հրթիռը օգտագործելու համար, որով խոցեցին ուղղաթիռը, անհրաժեշտ է կառավարության թույլտվությունը. զինվորականները իրավունք ունեն կրակել միայն հրաձգային զինատեսակներից, այսինքն` դա քաղաքական որոշում է եղել»:

Իսկ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը պետք է փոխի իր դիրքորոշումը բանակցային գործընթացում և հանդես գա շատ ավելի կոշտ դիրքերից, որովհետև Ադրբեջանն այս քայլով ապացուցեց, որ անհուսալի գործընկեր է:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` ադրբեջանական կողմն օգտագործել է վերջին հանդիպումներում միջնորդների «խախաղության անատամ կոչերը» և հանկարծակիի բերել հայկական կողմին` փորձելով ռևանշ վերցնել «օգոստոսյան խայտառակ պարտությունից»:

Նա նաև ավելացրեց, որ, իր տպավորությամբ, թուրք գեներալի` աքսակալի գործողումն Ադրբեջան կարող է կապված լինել այս միջադեպի հետ:

«Հիմա ես ուզում հետևյալը հարցնել (Վրաստանում) ՆԱՏՕ-ի գրասենյակի դեսպան պարոն Ուիլիամ Լահյուին` ՆԱՏՕ-ի անդամ պետության հատուկ ստորաբաժանման ղեկավար գալիս և հրահանգավորո՞ւմ է ադրբեջանական բանակին: Եթե դա այդպես է, ՆԱՏՕ-ն համաձա՞յն է, որ ուկրաինական կոնֆլիկտային գոտուց բացի Ռուսաստանի դեմ ուղղված մի գոտի առաջանա: Սա հարց է, որին նրանք պիտի պատասխանեն, կա´մ ասեն, որ մենք գործ չունենք մեր դաշնակցի գործողության հետ, կա´մ էլ եզրակացություններ անեն, որովհետև մենք իրականում փայլուն հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ,- նշեց Լևոն Շիրինյանը` ավելացնելով,- Սա արդյունք է նաև Ռուսաստանի անհասկանալի բանաձևի` 1920 թ. ապրիլից Չիչերինի որդեգրած բանաձևի` «բալանսավորել Ադրբեջան-Հայաստան փոխհարաբերությունները»,- Լենինին գրած նամակում ընդգծելով,- «անշուշտ Ղարաբաղ հայկական տարածք է, բայց քանի որ…» և այլն, և այլն, «մենք պարտավոր ենք երրորդ`չեզոք դատավորի դեր ստանձնել»: Սա բանաձև է, որով Ռուսաստանը մինչ օրս գործում է: Իրենք համաձա՞յն են Այսրկովկասում ունենալ տաք գոտի»:

 

Տեսանյութեր

Լրահոս