Վարչապետը հավանություն է տվել Հայաստանի 1400 դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ ստեղծելու գաղափարին
Երեկ կառավարությունում տեղի է ունեցել հանրակրթության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրակրթական համակարգում՝ մասնագետների պատրաստման զանգվածային ծրագիր ներդնելով:
168.am-ի հետ զրույցում ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ իրենց նախագծի հիմնավորումն այն է, որ այսօր աշխարհում ՏՏ ոլորտում մասնագետների պակասորդ կա, և, ըստ էության, այդ պակասորդն ամեն տարի աճելու է: Այդ իսկ պատճառով իրենք նախագծել են ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման զանգվածային ծրագիր և ներկայացրել կառավարությանը.
«Քանի որ հանրակրթական համակարգն ամենամեծ զանգվածային համակարգն է, որի վրա կարելի է հենվել, մեր առաջարկությունը վերաբերում է հենց հանրակրթական դպրոցներում այդ ծրագիրն իրականացնելուն: Ծրագիրը հետևյալն է՝ Հայաստանում գործող 1400 դպրոցներից յուրաքանչյուրում պատրաստել մեկական խմբակ, որն այդ խնդիրը կլուծի»:
Նա նշեց, որ այդ խմբակները լինելու են կամավոր և նախատեսված են այն երեխաների համար, որոնք այդ ոլորտում ունեն տաղանդ. երեխաները կհաճախեն այդ խմբակներ, ավելի լավ կկողմնորոշվեն և իրենց այդ տաղանդը կզարգացնեն:
Կ. Վարդանյանը նշեց նաև, որ ծրագիրը միայն դպրոցներով չի սահմանափակվում. «Զուգահեռաբար՝ սկսում ենք «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը: Այսինքն՝ տեխնոլոգիական ոլորտի ամեն մի ընկերություն պետք է մեկ խմբակի, այսպես ասած, տիրություն անի: Տվյալ ընկերությունը պետք է գնա դպրոց, ներկայացնի՝ ինչ գործունեությամբ են զբաղվում, երեխաներին պետք է հրավիրեն ընկերություն»:
Նշենք, որ այդ խմբակներին կարող են մասնակցել 5-12-րդ դասարանների աշակերտները: Խմբակները գործելու են դպրոցների ներսում:
Կ. Վարդանյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերմունքը նախագծի նկատմամբ ծայրահեղ դրական էր. «Դա շատ կարևոր է: Ներկա նախարարներն էլ դրական արտահայտվեցին»:
Կ. Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ե՞րբ դպրոցներում կսկսեն գործել խմբակները: «Նախատեսվում է ծրագիրը սկսել 2015 թվականից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ծրագիրը սկսում են սահմանամերձ գոտիներից՝ աստիճանաբար գալով դեպի Երևան:
Հարցին՝ խմբակներում սովորելով՝ երեխաները կարո՞ղ են արդեն աշխատանք գտնել, թե՞ լրացուցիչ պարապմունքների կարիք, այնուամենայնիվ, կլինի, նա պատասխանեց, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտն այնպիսին է, որ ամբողջ կյանքում պետք է սովորես. «Երեխան պետք է որոշի, թե իր ողջ կյանքում ոնց սովորի: Համենայնդեպս, մեր խնդիրն այն է, որ շրջանավարտն այնքան գիտելիք ունենա մինչև բուհ ընդունվելը, որ կարողանա 120-150 հազար դրամ աշխատավարձի հավակնել»: