«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը նույնպես ժողվրդին պատկանող իշխանության յուրացում է» (տեսանյութ)

Վաղը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը քննելու է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցը, և վաղը ականատես կլինենք հերթական խայտառակությանը: Այս հարցում միակարծիք են թե´ քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, թե´ «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հ/Կ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և թե´ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ովքեր որևէ դրական սպասելիք չունեն Սահմանադրական դատարանից: Այսօր «Մեդիա կենտրոնում» այս թեմայով հրավիրված քննարկմանը նրանք կանխատեսեցին, որ վաղը Սահմանադրական դատարանը հերթական անգամ կկատարի վերևից իջեցված հրահանգը և Սահմանադրությանը հակասող չի ճանաչի ԵՏՄ պայմանագիրը:

«Ասել, թե որևէ մեկս ակնկալիք ունի, որ ՀՀ Սահմանադրական դատարանը գործելու է այդ դատարանին բնորոշ առաքինությամբ` որպես դատական բարձրագույն ատյան, սահմանադրական արդարադատություն է իրականացնելու և այս պայմանագրի` ակնհայտորեն Սահմանադրությանը հակասող դրույթների պատճառով այն ճանաչելու է Սահմանադրությանը չհամապատասխանող, միամտություն կլինի»,- հայտարարեց Ստեփան Սաֆարյանը, ում համար նման հոռետեսական կանխատեսման համար հիմք են հանդիսանում նախկին մի քանի պայմանագրերի, մասնավորապես` հայ-թուրքական արձանագրությունների կամ, օրինակ, հայ-ռուսական գազային համաձայնագրի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները:

Քննարկման մասնակիցները նշեցին, որ ԵՏՄ-ի պայմանագիրը հակասում է նախևառաջ Սահմանադրության 1-ին հոդվածին, ըստ որի Հայաստանը ինքնիշխան պետություն է, 2-րդ հոդվածին, որի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, բացի այդ` ակնհայտ հակասություններ կան Սահմանադրության մի շարք այլ հոդվածների հետ:

Իսկ այդ պայմանագրով Հայաստանն իր մի շարք գործառույթներ` մասնավորապես տնտեսական ոլորտում, փոխանցելու է վերպետական կառույցներին, մասնավորապես` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին (Մաքսային միության բարձրագույն մարմին), Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որոնց որոշումները պարտադիր են միության անդամ պետությունների համար:

Կարդացեք նաև

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանն ավելացրեց, որ պայմանագրով Հայաստանը մաքսային քաղաքականություն վարելու իրավունքը, դրամավարկային քաղաքականությունը և այլ ֆինանսա-տնտեսական գործառույթներ զիջելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչը հակասում է մեր Սահմանադրության 45-րդ, 83-րդ և 89-րդ հոդվածներին, որտեղ ամրագրված է` նմանատիպ գործառույթները վերապահված են ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը:

«Ես համոզված եմ, որ վաղը լավագույն դեպքում նույն ընթացակարգով դնելու են ԵՏՄ պայմանագիրը, ներածականում գրելու են` նախատեսվում է այսպես, այսպես, այսպես…և վերջում գրեն` պայմանագիրը համարել Սահմանադրությանը համապատասխանող` հղում կատարելով Սահմանադության այսինչ հոդվածին, որի համաձայն` Հայաստանը կարող է փոխշահավետ պայմանագրեր կնքել այլ պետությունների հետ,- իր հերթին ասաց Ստեփան Սաֆարյանը:- Սահմանադրական դատարանի այսպիսի ամոթալի պահվածքն ամենևին չի քողարկելու այդ պայմանագրի հակասահմանադրականությունը, որովհետև, այո´, Սահմանադրությունը շատ հստակ նշում է, թե որոնք են գործադիր իշխանության լիազորությունների ոլորտը:

Սահմանադրությունը նախատեսում է, որ այդ ոլորտում ՀՀ գործադիր, օրենսդիր իշխանություններն ունենան ինքնիշխան իրավասություններ, մինչդեռ պայմանագիրը ուղղակի ուզուրպացնում է ՀՀ սահմանադրական մարմիններին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները, և դա նույնպես ժողվրդին պատկանող իշխանության յուրացում է»:

Ուշագրավ է, որ բանախոսներն ավելի շատ կարևորում են հարցի ոչ թե տնտեսական, այլ քաղաքական կողմը, որովհետև 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումն, իրենց կարծիքով, առաջին հերթին քաղաքական է եղել:

Օրինակ, Արթուր Սաքունցը կարծում է, որ սեպտեմբերի 3-ը պարզապես նախորդ գործընթացների` երկար տարիների ընթացքում Հայաստանը Ռուսաստանին հետևողականորեն «հանձնելու» տրամաբանական հանգուցակետն էր: Ի դեպ, իրավապաշտպանը փաստեց, որ ԵՏՄ Հայաստանի անդամակցության պայմանագիրը հիմնված է միանգամայն ոչ իրավական հասկացությունների վրա, ինչպես օրինակ`«ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների հաստատում», «նրանց բարգավաճման հասնելու ձգտումներ» և այլն:

«Փաստաթղթում որևիցէ իրավական հիմնավորում չկա, և հղումներ են կատարվում կողմերի պատրաստակամության վրա: «Կողմեր» ասելով` նկատի ունեն Նազարբաևին, Լուկաշենկոյին, Պուտինին, այսինքն` իրենք` ղեկավարներն են որոշում, և հիմա Հայաստանը պատրաստակամություն է հայտնում միանալու: Հայաստանը պատրաստակամություն չի հայտնել, որովհետև չկա այդպիսի հասկացություն. չի եղել ո´չ հանրաքվե, ո´չ հանրային քննարկում»,- հայտարարեց Արթուր Սաքունցը:

Ստեփան Սաֆարյանի խոսքով` ԵՏՄ-ին միանալու որոշումը միանձնյա, պարտադրված որոշում էր, և նույնիսկ իշխանությունների այն փաստարկը, թե Սահմանադրության համաձայն` իբր ընտրողների վստահության քվեն ստացած Սերժ Սարգսյանն իրավունք ունի վարել պետության արտաքին քաղաքականությունը և կնքել այդ պայմանագիրը, չի փրկում իրավիճակը և չի պարտակում այդ խայտառակ պայմանագրում առկա աղաղակող հակասությունները:

«Ներեցեք, ՀՀ սահմանադրությունն ամենևին չի ասում, որ ՀՀ նախագահը պետք է պարտադրվի և պարտադրանքների տակ ընդունի որոշումներ` թեկուզ իր ստացած մանդատի շրջանակներում»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս