«Իշխանափոխության գործընթացը կարող է ձգվել մինչև 2017թ. գարուն»

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը նպատակ է դրել օր առաջ հեռացնել գործող իշխանությանը և այդ հարցում արմատական պայքարի կողմնակից է, այնուամենայնիվ, ստիպված է հաշտվել Եռյակի մյուս գործընկերոջ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) թելադրած պայմանների հետ: Այս կարծիքին է քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը: Ըստ նրա` Կոնգրեսը պարզապես «ճար չունի», որովհետև հազիվ գտել է մեկին, որը ռեսուրսներ կտրամադրի իրեն` հանրահավաքներ անելու համար:

«168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով իշխանափոխության հարցի շուրջ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև ի հայտ եկած հակասություններին` քաղաքագետը նշեց, որ իր կարծիքով` ոչ մի Եռյակ, ոչ մի միասնական նպատակ չի կարող լինել, քանի որ այնտեղ ամեն մեկն իր խնդիրն է լուծում:

AxasԵռյակում ԲՀԿ-ն է գլխավոր ուժը, ու թեև ՀԱԿ-ը նպատակ է դրել օր առաջ փոխել իշխանությունը, նա միայնակ ոչինչ չի կարող անել. «Փաստորեն, ՀԱԿ-ի համար կարևոր է համարվում տվյալ պահին հանրահավաք անելը, և երևում է` նա առանձին բանակցություններում չի կարողացել այդ հարցը լուծել ԲՀԿ-ի հետ և որոշել է գնալ հրապարակային առաջարկի: Ըստ էության, ԲՀԿ-ն մերժել է դա: Եթե սրանից հետո այս սառը հարաբերությունների մակարդակը գոհացնի գործընկերներին, նրանք կշարունակեն աշխատել այդ մակարդակով: Բայց ես կարծում եմ, որ գոհացնելու բան էլ չկա, որովհետև ի՞նչ պետք է անի ՀԱԿ-ը, ո՞ւր պետք է գնա: «Բարգավաճը» ՀԱԿ-ին օգտագործում է իր դեմքը լվանալու համար, և ՀԱԿ-ն այդ գործառույթն արդեն բավականաչափ կատարել է: Այնպես որ, կարող է նաև նրան այլևս բանի տեղ չդնել»:

Աղասի Ենոքյանն ավելի շատ հակված է այն տեսակետին, որ ԲՀԿ-ն նախապատրաստվում է առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններին. «Արտահերթ ընտրությունների գնալու խնդիր ԲՀԿ-ն իր առջև, կարծես թե, չի դրել, ու կարծում եմ` չի էլ դնի: Նա հիմա փոխում է իր «իմիջը», մարքետինգային լեզվով ասած` «repositioning» է իրեն անում, ինչն անհրաժեշտ է երկու-երեք տարվա ընտրական արշավից առաջ»:

Կարդացեք նաև

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ:

– Ի՞նչ եզրակացություն պետք է անենք, որ «թեժ աշունը» վերջացա՞վ, թե՞ մոտ ժամանակներում պետք է սպասել ակտիվ գործողությունների:

Armen Badalyan and Samvel Martirosyan– «Թեժ աշուն» արտահայտությունն, իհարկե, մի քիչ զգացմունքային է և իրական քաղաքականության հետ կապ չունի: Պարզապես տարբեր երկրներում, հատկապես` Հայաստանում, ընդդիմությունները, փորձելով մի քիչ քաղաքականացնել, ակտիվացնել գործողությունները, հորինել են այդ «թեժ» արտահայտությունը: Իրականում թեժությունը հանրահավաքով չի որոշվում, այլ գործունեությամբ, և թեժ է լինում այն պահը, երբ ընդդիմությունն իրականացնում է իշխանափոխություն: Այնպես որ, եթե ամփոփենք, կարող ենք ասել, որ աշնան ավարտին մնացել է մոտ 20 օր, և դժվար թե այդ ժամանակահատվածում լուրջ, «թեժ» գործընթացներ տեղի ունենան: Լավագույն դեպքում` մեկ հանրահավաք լինի թե չլինի: Անցնում է հերթական «թեժ աշունը»:

– Եթե հանրահավաքներով չի որոշվում, այդ դեպքում ինչո՞ւ են հանրահավաք անում և ասում` եկեք միացեք, ով չմիանա` սրիկա է, և այլն, և ընդամենը երկու հանրահավաքից հետո ամեն ինչ վերջանում է:

– Տարբեր երկրներում ընդդիմությունները միշտ ձգտում են իշխանության գալ` իրենց ծրագրերն իրականացնելու համար, և քանի որ քաղաքականության մեջ նաև թատերական տարրեր գոյություն ունեն, բնականաբար, նրանք ցանկանում են, որ նաև զգացմունքայինը դեր խաղա իրենց գործողության մեջ. ի վերջո, երբ ասում ես` «թեժ աշուն», դա ավելի շատ զգացմունքային արտահայտություն է, քան քաղաքագիտական:
Ինչ վերաբերում է հանրահավաքներին, դրանք իրենց տեղն ու ժամանակն ունեն: Իհարկե, հանրահավաքները պետք են, բայց դու պետք է իմանաս` ե՞րբ ես հանրահավաք անում, ինչո՞ւ, և արդյո՞ք այդ հանրահավաքը ծառայելու է իր նպատակին:

– Հիմա այս երկու հանրահավաքներն իշխանության հետ առևտուր անելո՞ւն ծառայեցին:

– Ոչ, դրան չծառայեցին, ուղղակի այստեղ ավելի բարդ գործընթաց կա: Գաղտնիք չի, որ անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը վասալային կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից: Միաժամանակ նաև Արևմուտքը հետաքրքրություն ունի Հայաստանի նկատմամբ: Եվ ահա, իշխանափոխություն իրականացնելու համար դու պետք է ստանաս կա՛մ Արևմուտքի, կա՛մ Ռուսաստանի աջակցությունը, որովհետև առանց դրսի աջակցության ԱՊՀ երկրներում իշխանափոխություն չի լինում:

Բայց աջակցություն ստանալու համար դու պետք է ազդեցիկ լինես և արտահայտես հստակ դիրքորոշում: Դրա համար, իր հերթին, պետք է որոշակի միջոցառումներ իրականացնես: Տեսեք, հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցեց մոտ 40 000 մարդ, հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ավելի շատ մարդիկ մասնակցեցին` մոտ 50 000 հոգի, այսինքն` դա ազդեցիկ երևալու ձևերից մեկն է: Այդ հանրահավաքն ավելի շատ ցուցադրական նշանակություն ուներ, քանի որ դրանով սկսում ես ազդեցիկ երևալու գործընթացը:

– Կարելի է ենթադրել, որ առայժմ չե՞ն ստացել Մոսկվայի, այսպես կոչված, «դաբրոն»:

– Չէ, չէ: «Դաբրո» ստանալը բարդ գործընթաց է, հանրահավաքով «դաբրո» չես ստանում: Սկսենք նրանից, որ սկզբում պետք է ցույց տաս, որ արժանի ես «դաբրոյի», իսկ դրա համար պետք է ապացուցես, որ դու ազդեցիկ ուժ ես և հստակ դիրքորոշումներ ունես տարբեր հարցերի վերաբերյալ: Իսկ դրա համար, կրկնում եմ, պետք է իրականացնել գործընթացներ` հանրահավաքներ, շտաբային աշխատանքներ և նմանատիպ բազմաթիվ միջոցառումներ, որ նոր քո հետ բանակցությունների նստեն, որից հետո, եթե շահերը համընկնում են, և ժամանակն էլ տեղին լինի, նոր հնարավոր է` իշխանափոխության թեման արծարծվի: Դա երկարատև գործընթաց է:

– Պարոն Բադալյան, իսկ ի՞նչ համաժողովրդական շարժման մասին է խոսքը: Օրինակ, Դուք` որպես վերլուծաբան, որտե՞ղ եք տեսնում նման շարժում:

– Ես ընդհանրապես համաժողովրդական շարժում չեմ տեսնում Հայաստանում: Այդպիսի շարժում ես տեսել եմ ընդամենը երկու անգամ, մեկը` 1988-90 թթ., երկրորդը` 2007 թ. աշուն-2008 թ. մարտի շրջանում: Այսօր Հայաստանում համաժողովրդական շարժում չկա, ուղղակի կա դժգոհության զանգված, որը կարող է վերածվել համաժողովրդական շարժման:

– Ուրեմն դա դեմագոգիա չէ՞:

– Չէ, դեմագոգիա չի, ուղղակի քաղաքական ուժերը շատ դեպքերում իրենց կշիռը բարձրացնելու համար (աշխարհի բոլոր երկրներում է այդպես) ուզում են եղածը մի քիչ չափազանցված ներկայացնել: Դա բնական երևույթ է: Դա միայն Հայաստանի իշխանությանը կամ ընդդիմությանը չի վերաբերում: Դա քաղաքականության մեջ, այսպես ասած, «PR» բաղկացուցիչն է:

– Նոյեմբերի սկզբին մամուլում եղավ տեղեկություն, որ Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը հանդիպել են, ինչը նախօրեին հաստատեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, և նոյեմբերի 6-ին ԲՀԿ նախագահը, ով մինչ այդ հանրահավաքում ասում էր` մենք ժամանակ չունենք, մենք ուզում ենք անցնցում իշխանափոխություն, ելքեր են պետք, և այլն, քաղխորհրդի նիստին հայտարարեց, որ ինքը չի շտապելու, և որևէ խոսք չասաց իշխանությունը փոխելու մասին: Ձեր կարծիքով` այս դիրքորոշումների փոփոխությունը որքանո՞վ է կապված նշված հանդիպման հետ:

– Նախ` դեռևս ոչինչ չի հաստատվել, որովհետև հանդիպման հաստատման մասին իրավունք ունեն և կարող են խոսել մի կողմից` ՀՀ նախագահը, մյուս կողմից` ԲՀԿ ղեկավարը, նրանց մամուլի խոսնակները կամ էլ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի մամուլի խոսնակները: Կուսակցության բարձրաստիճան ղեկավարի ասածը դեռևս հիմք չէ: Ես դեռևս չեմ լսել, որ նախագահի մամուլի խոսնակը պաշտոնապես հաստատի, որ, այո՛, նման հանդիպում եղել է:

– Բայց որևէ մեկը չի էլ հերքել:

– Հերքելն ուրիշ է: Երբ պաշտոնապես կհաստատեն, այդ դեպքում մենք կարող ենք խոսել, որովհետև կստացվի, որ հիմք ենք ընդունում մամուլի դաշտում եղած տեղեկությունը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է իշխանափոխությունը մի քիչ երկարում, ապա պետք է ասեմ, որ դա բավական երկար գործընթաց է: Որպես օրինակ` բերեմ Ուկրաինան: Նախորդ տարվա նոյեմբերի 22-ին ընդդիմությունը Կիևում դուրս եկավ հրապարակ: Հիշում եք, թե որքան մարտական էր պայքարը Մայդանում, բայց անգամ այդ պայմաններում, երբ կար պասիոնար զանգված, արտաքին աջակցություն, բավական մեծ ֆինանսական միջոցներ, իշխանափոխության գործընթացը տևեց երեք-չորս ամիս` մինչև փետրվարի 21-ը: Իսկ հիմա, երբ իշխանափոխություն անելու համար բոլոր պայմանները դեռևս տեսանելի կամ առկա չեն, բնականաբար, չես կարող մեկ շաբաթվա մեջ երկու միտինգով իշխանափոխություն անել: Իշխանափոխության գործընթացը կարող է ձգվել մինչև 2017 թ. գարուն: Ոչ ոք չի կարող ասել:

– Իսկ որքանո՞վ է իրատեսական այն վարկածը, որ ԲՀԿ-ն ավելի շատ նախապատրաստվում է գալիք ընտրություններին, քան փորձում է հասնել արտահերթ իշխանափոխության:

– Չեմ կարող ասել, թե ԲՀԿ-ն ինչին է պատրաստվում: Կարող եմ ասել` ԲՀԿ-ն դեռևս շտաբներ է բացել և փորձում է համախմբել հասարակությանը: Իսկ թե ինչպե՞ս կօգտագործի այդ համախմբումը, ո՞ր ժամկետի համար, չեմ կարող ասել: Դա կլինի գուշակություն: Բայց այստեղ միայն Հայաստանի ներքին հարցը չէ. կրկնում եմ` եթե դրսից աջակցություն չստանաս, ինչքան ուզում ես` շտաբ բացի, միևնույն է` ոչ մի արդյունքի չես հասնի: Այս երկու պայմանները պարտադիր են և իրար հետ փոխկապակցված:

 

Տեսանյութեր

Լրահոս