Սերժ Սարգսյան. Մենք այլընտրանք չունենք, քան ապավինել գիտատար ճյուղերի զարգացմանը
Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլայի և նրա տիկնոջ՝ Լուչիանա Կավալետի, հրավիրվել է ընդունելություն:
Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ընդունելությանը հնչեցրած իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ճյուղ հանդիսացող ՏՏ ոլորտի վերջին տարիների հաջողությունները, ոլորտի զարգացման ուղղությամբ մեր երկրում կյանքի կոչվող նախաձեռնություննե րը, ինչպես նաև ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացող անձի ընտրման ընթացակարգն ու նախորդ տարիներին մրցանակի արժանացածներին:
«Ամեն տարի այս արարողության ժամանակ ես իմ ելույթում նշում եմ նախկին մրցանակակիրների տարբեր կարծիքներ՝ Հայաստան կատարած իրենց այցի վերաբերյալ: Այսօր էլ ուզում եմ վերհիշել «Ինթել» կորպորացիայի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթի խոսքերը: «Շատ տպավորված եմ հայ ժողովրդի հարուստ պատմությամբ և մշակույթով: Ես բազմիցս Երուսաղեմում եմ եղել և ամեն անգամ այցելել եմ Հայկական շրջան, որտեղ հսկայական նվիրվածություն և ջերմություն եմ տեսել: Նույնը Հայաստանում եմ նկատում: Հայերը շատ ուշիմ, պայծառ, աշխատասեր մարդիկ են: Ուրախությամբ նկատեցի, որ Հայաստանում մարդիկ գիտակցում են, թե երկրի ապագայի համար ինչ կարևոր է տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումը: Հաճելի է նույն գիտակցությունը նկատել կառավարության մակարդակում»:
Հիրավի պարոն Բարրեթը ճշմարտացի է: Մենք այլընտրանք չունենք, քան ապավինել գիտատար ճյուղերի զարգացմանը: Վստահ ենք, որ տարիներ անց այս պատվավոր մրցանակը ստացած հսկաները կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ, և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչողությունը, որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր: Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ և մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար»,-ասել է Հովիկ Մուսայելյանը:
Հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանն ընդունելության մասնակիցներին համառոտ ներկայացրել է մրցանակի արժանացած Մարիո Մացցոլայի կենսագրությունը:
Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
Մրցանակակիր Մարիո Մացցոլան իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտի այսպիսի հեղինակավոր մրցանակի արժանանալու համար, ներկայացրել իր գործունեությունը, խոսել աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար առկա լավ նախադրյալների ու հեռանկարի մասին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Հարգելի պարոն Մացցոլա,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Շատ ուրախ եմ բարի գալուստ մաղթելու ձեզ և ողջունելու ՀՀ Նախագահի նստավայրում:
Մեր հանդիպման առիթը հիրավի ուրախալի է: Այսօր ինձ պատիվ է վիճակվել «Սիսկո սիսթեմզ» ընկերության ղեկավարներից մեկին՝ զարգացման գծով նախագահ պարոն Մարիո Մացցոլային հանձնելու Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը:
Ո՛չ «Սիսկո սիսթեմզ»-ը և ո՛չ էլ պարոն Մացցոլան հատուկ ներկայացման կարիք չունեն: Յուրաքանչյուր մարդ, ով փոքր-ինչ առնչվել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին, պետք է քաջ ծանոթ լինի այս անուններին:
Ասում են, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում: Վստահ եմ, որ պարոն Մացցոլայի տաղանդը կարող էր բացահայտվել յուրաքանչյուր բնագավառում, որին իր կյանքը կնվիրեր պարոն Մացցոլան: Այնուամենայնիվ, դա տեղի ունեցավ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իսկ այժմ իր լավագույն կիրառումն է գտնում «Սիսկո սիսթեմզ» ընկերությունում:
«Սիսկո»-ի մշակած ճարտարագիտական և տեխնոլոգիական լուծումներն այսօր օգտագործվում են աշխարհի թերևս բոլոր երկրներում: Դրանք արդյունավետորեն կիրառվում են մեքենաշինության, հանքարդյունաբերության, շինարարության, առևտրի, ֆինանսաբանկային, ապահովագրական և բազմաթիվ այլ ոլորտներում: Եվ եթե աշխարհի երեսին կա մի երկիր, որտեղ «Սիսկո»-ի աշխատանքից չեն օգտվում, ապա այդ երկիրն ինքն է իրեն դուրս դրել քաղաքակրթության շրջանակներից:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն արդեն հնգամյա պատմություն ունի: Այսպիսով, այս մրցանակաբաշխությունն արդեն կարելի է համարել հոբելյանական:
Վստահությամբ արդեն կարող ենք պնդել, որ այս մրցանակը կայացել է և լայն միջազգային ճանաչում է ձեռք բերել: Այս մրցանակով մենք երախտագիտություն ենք հայտնում նրանց, ովքեր նոր խոսք են ասում ՏՏ ոլորտում և դրանով իսկ նպաստում են մարդկության զարգացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Սակայն այս ձևով մենք նաև յուրահատուկ կոչ ենք հղում մեր երիտասարդությանը: Այսօրվա այս միջոցառումն ունի հենց այն խորհուրդը, որը որպես ընկերության կարգախոս օգտագործում է «Սիսկո»-ն՝ վաղը սկսվում է այստեղ: Վստահ եմ, որ պարոն Մացցոլայի օրինակը հայ երիտասարդներին ոգեշնչելու է նորանոր հաջողություններ արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Հարգելի՛ պարոն Մացցոլա,
Շատ ուրախ եմ, որ դուք Երևան եք ժամանել ձեր ընտանիքի անդամների հետ, Ձեր տիկնոջ և դստեր հետ: Հուսով եմ, որ այս օրերի ընթացքում դուք կարող եք ծանոթանալ մեր երկրին, մեր ժողովրդի պատմությանն ու ներկային: Իսկ մենք մշտապես սպասում ենք մեր բարեկամներին և պատրաստ ենք նրանց փոխանցել մեր ջերմությունը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ամենայն բարիք, հաջողություններ և անշուշտ, նորանոր հաջողություններ Ձեր սիրած աշխատանքում, որի շնորհիվ Դուք դարձել եք աշխարհահռչակ: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք միշտ Հայաստանում ուրախացել և ուրախանալու ենք:
Շնորհակալ եմ, որ Դուք հարմար համարեցիք գալ և անձամբ ստանալ այս համեստ մրցանակը: