Եռյակը ներկայացրեց իշխանության հետ երկխոսության իր նախապայմանը

Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական եռյակի հերթական նիստը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ քննարկվել է կոորդինացնող շտաբների աշխատանքը, ինչպես նաև առաջիկայում հանրահավաք անցկացնելու մասին հարցը: Սակայն հանրահավաքի անցկացման հետ կապված կոնկրետ որևէ որոշում չի կայացվել:

Ռուբեն Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ նիստում անդրադարձել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցում հնչեցված առաջարկին, և իրենք համարում են, որ եթե իսկապես իշխանությունները պատրաստ են եռյակի հետ աշխատել, ապա իրենք ակնկալում են, որ իշխանություններն առաջիկայում կնախաձեռնեն ԱԺ արտահերթ նստաշրջան, որի ժամանակ կկատարվի եռյակի ներկայացրած 12 պահանջների 10-րդ կետը, այն է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

Ըստ Ռ. Հակոբյանի՝ եթե իսկապես իշխանությունն իմիտացիայի չի գնում և պատրաստ է իրական երկխոսության, ապա ընդամենը 1,5 ժամում հնարավոր է փոփոխել ԸՕ-ի երկու հոդվածները՝ անցում 100 տոկոսանով համամասնական ընտրակարգին և քվեարկության մասնակիցների ցուցակի հրապարակում:

Հարցին, թե ինչպես են վերաբերում ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությանը, թե առաջիկա շաբաթվա ընթացքում կառավարությունը պատրաստվում է քննարկել եռյակի ներկայացրած 12 պահանջների 1-ին կետը՝ կապված կենսաթոշակային պարտադիր վճարի հետ, պատասխանեց, թե քանի դեռ 10-րդ կետի պահանջը չի բավարարվել, իրենք որևէ երկխոսության կամ բանակցության պատրաստ չեն:

Տեսանյութեր

Լրահոս