Բաժիններ՝

Աշոտ Մելքոնյան. 100-րդ տարելիցի նախաշեմին վերջապես մեր մեջքը սկսել ենք ուղղել

Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսը: Աշխատության հեղինակն է ՀՀ ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, «Օրենքի ուժով» ՀԿ-ի նախագահ Արմեն Մարուքյանը:

Հեղինակը նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքները ԳԱԱ պատմության ինստիտուտում դեռ 2008-ից են իրականացվում։ «Գիրքը հրատարակվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Գրքում քննարկվում են Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները, այսինքն` ապագայում Միջազգային դատարան ներկայացվելիք հայցադիմումի բաղադրիչները, թե ինչ փաստաթղթերի հիման վրա մենք պետք է պահանջներ ներկայացնենք»,- ասաց Արմեն Մարուքյանը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանի խոսքով, վերջին տարիներին մարդիկ սկսել են շատ համարձակորեն խոսել հատուցման անհրաժեշտության մասին: «Շատ են այն մասնագետները, որ փաստում են, թե մենք ունենք իրավական լուրջ հիմքեր դիմելու միջազգային դատարան: 100-րդ տարելիցի նախաշեմին վերջապես մեր մեջքը սկսել ենք ուղղել, աշխարհին պետք է ցույց տանք այն իրավական հիմքերը, որոնցով մենք կարող ենք հասնել հաջողության: Ցեղասպանվածի բարդույթից չենք ազատվի, կմնանք զրկվածի, զարկվածի կարգավիճակում, եթե չլինի հատուցում, եթե մեր հայրենիքը չվերադարձնենք»,- նշեց Աշոտ Մելքոնյանը:

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառության պետ, իրավական գիտությունների թեկնածու Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ գիրքն իրավական տեսանկյունից երկու կարևոր մասից է բաղկացած. առաջինում ներկայացված է մարդկության դեմ կատարված հանցագործություների համար ֆիզիկական անձանց և պետությունների պատասխանատվության հիմնահարցը։ Երկրորդը վերաբերում է ապագային, ցույց են տրված այն հիմնական ուղիները, որոնցով հնարավոր է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության հարցը ներկայացնել միջազգային դատական ատյաններ:
Գրքի էլեկտրոնային տարբերակը կդրվի պատմության ինստիտուտի և ԵՊՀ-ի կայքերում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս