Բաժիններ՝

Պուտինը լավ է տեսնում ԱՄՆ-ի թույլ տեղերն ու լավ է ընտրում պահը. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շահագրգռված է Իրանի հետ միջուկային գործարքի կայացմամբ: Այն Օբամային հույս է տալիս՝ վերականգնելու Իրանի հետ հարաբերություններն ու Մերձավոր Արևելքում ունեցած ազդեցությունը:

Թերթի սյունակագիր Ռոջեր Քոհենը գրում է. «Ես չեմ պնդում, թե Օբամայի վարչակազմն իրանա-ուկրաինական փոխզիջման մասին պաշտոնական գործարք է կնքել Պուտինի հետ: Ես ենթադրում եմ, որ ռուս առաջնորդը լավ է տեսնում ԱՄՆ-ի թույլ տեղերն ու լավ է ընտրում պահը:

Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների հանկարծակի բռնկումը և մինչև նոյեմբերի 24-ը, երբ լրանում է միջուկային ծրագրի մասին բանակցությունների ժամկետը, Իրանի հարցով աջակցելու Ռուսաստանի հանկարծակի պատրաստակամությունը չեն թվում պարզ համընկնումներ:

Այդ ամենը ռուսական ռազմավարության մի մասն է, և ներկայումս ԱՄՆ-ը խաղում է Ռուսաստանի հետ միասին: Սակայն այդ գործարքի արժեքը կարող է լինել Ուկրաինայի կորուստն ու ՆԱՏՕ-ի փլուզումը: Կան բոլոր հիմքերը՝ պնդելու համար, որ Պուտինի տեսադաշտում ողջ Ուկրաինան է: Արևմուտքի սխալն է եղել չկարծելը, որ Ռուսաստանի նախագահը լրջորեն ցանկանում է վերստեղծել Խորհրդային միությունը:

Ի պատասխան պուտինյան մուրճի՝ Արևմուտքը պատասխանում է միայն անհանգստությամբ: Անհանգստություն հայտնելով՝ չես կանգնեցնի մուրճը: Ամերիկյան բանակի կողմից էական աջակցություն ցուցաբերելու մասին Օբամային արած Պորոշենկոյի խնդրանքն անկարելի էր մերժել:

Ներկայումս կան հարձակման նախապատրաստման բոլոր ցուցիչները: Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացվել է 45.000-անոց կանոնավոր զորք: Պաշտոնաթող գեներալը հայտնել է, որ Ուկրաինան չի կարող դիմակայել այդ ամենին:

Դժբախտաբար, Բեռլինյան պատի անկումից քառորդ դար անց, երբ Գերմանիայի մայրաքաղաքում դեռ փուչիկներ են օդ բարձրացվում, 45 միլիոնանոց ազգին, որը ցանկանում է վայելել եվրոպական ազատության պտուղները, նետել են Ռուսաստանին, որը ցանկանում է մասնատել նրան:

Եթե դա տեղի ունենա, եթե կորստյան մատնվի Ուկրաինան, ապա անկարելի կլինի վստահել ՆԱՏՕ-ի գծով դաշնակից Բալթյան ու Արևելյան Եվրոպայի երկրներին ԱՄՆ-ի տված խոստումներին: Ռուսասանը կմոտենա հետպատերազմյան ժամանակաշրջանի իր նպատակի իրագործմանը, այն է՝ պաշտպանական ոլորտում Ամերիկայի ու Եվրոպայի փոխգործակցության կրախին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս